26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ չախտորոշված բուժում նշանակելու դեպքում կարող է բերել մահացու հետևանքների. վարչապետ

Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց փոփոխություն կատարել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ և դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դժգոհեց, որ ճիշտ չէ հատվածական մոտեցում ցուցաբերել, տարբեր խմբեր ավելացնել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում, ընդ որում՝ դա այս տարվա բյուջեով նախատեսված չի, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջվեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից կառավարություն է ներկայացվել համանման փոփոխության նախագիծ՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին սոցիալական փաթեթի շահառու դարձնելու նպատակով:

Ա.Զեյնալյանը նշեց, որ դատական իշխանության անկախության բաղկացուցիչ մաս է կազմում, սոցիալական երաշխիքներ են, որոնք ապահովելու են դատարանի անկախությունը, ոչ թե սոցիալական արտոնություն է, այլ մյուս քաղաքացիների իրավունքի ապահովմանն ուղղված գործողություններ են:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կառավարության հանձնարարականով ապահովագրական ընկերությունների հետ են բանակցում, որ կամավոր սկզբունքով առողջապահական ապահովագրություն տրամադրեն բարձրաստիճան պաշտոնյաներին, վճարի պետությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ա.Զեյնալյանի հետ, որ խնդիրը միայն դատավորներին չի առնչվում, այլև ՀՀ քաղաքացիների՝ անկախ դատական ծառայություններ ստանալուն: Նա համոզվածություն հայտնեց, որ ՀՀ զարգացման համար կարևոր է անկախ դատական համակարգը. «Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան: Մի կողմից՝ մենք շատ խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի, կամայական ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից՝ պետք է քայլ ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք ու նեղացնենք: Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն կարող պոպուլյար լինել»:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս տարի սոց. փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնել են մոտ 250 հազար քաղաքացիներով, և բալանսավորված ու խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ամենակարևոր քննարկվող թեմաներից է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող վճարները, աշխատավարձերը, պարգևավճարները:

«Այսօր մենք հասել ենք պետական կառավարման համակարգի թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, և այդ թափանցիկության աննախադեպ մակարդակը մեզ հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալ-թափալ և էմոցիոնալ քննարկում ունենալ և հասնել ճիշտ և բալանսավորված որոշումների: Այս տեսակետից, այո, ինչքան էլ պարոն Ջանջուղազյանի դիրքորոշումներն ընկալելի և հասկանալի են, այստեղ մենք կարող ենք պետական բյուջեի ծախսերի մասով պլանավորել, թե դա երբվանից պետք է ուժի մեջ մտնի, գուցե մենք ինչ-որ ժամանակահատված սահմանենք, բայց պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, որովհետև այդ աշխատուժի որակից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը, արագությունն ու արդյունավետությունը,- ասաց վարչապետը և շարունակեց,- Ոչ մի կաշկանդվածություն քաղաքական առումով չունենք, կարող ենք գերանդին առնել ու ամբողջ պետական համակարգը՝ աջ, ձախ մի քայլ, հնձել բոլորին, բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներով՝ նույնիսկ ամենաէֆեկտիվ կառավարման արդյունքում, հնարավոր չի լինի հաղթահարել»:

Կառավարման համակարգը Փաշինյանը համեմատեց մարդու օրգանիզմի հետ, որ ճիշտ չախտորոշված բուժում նշանակելու դեպքում կարող է բերել մահացու հետևանքների:

Ըստ նրա՝ պետք է գիտակցել և գործել հեղափոխության արժեքների, ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակներում. «Սա սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողներին, կամ, պայմանական ասած, բաժանում են սպիտակների և կարմիրների, մեր դեպքում՝ սևերի և սպիտակների, և ըստ այդմ են գործում: Սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, և յուրաքանչյուրը փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա: Բայց բոլորս գիտենք, որ հակառակի շանսը չպիտի գոյություն ունենա»:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նախահեղափոխական արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով. Լինի դա «ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով կամ որևէ այլ օրինական միջոցներով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ