1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել Հայաստանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային 
STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության և նեյրոգիտության վերաբերյալ:

Փառատոնը բացել է նրա գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում: Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության և նորարարության գծով Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում փառատոնը համարել է ֆանտաստիկ երևույթ, որը միավորում է գիտնականների ու արվեստագետների։ «Բոլորը մտածում են, որ սա մեր՝ քաղաքական գործիչների վայրը չէ։ Բայց ես այստեղ եմ մի քանի պատճառով։ Դրանցից առաջինը կանվանեմ երազանք, երազանք, քանի որ Գարիկը երազող է։ Նա խենթ բաների մասին է երազում, և դրանք իրականություն են դառնում»,-նշել է նախագահը։

Խոսելով STARMUS-ի մյուս բաղադրիչի՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նա նշել է, որ Բեռլինի պատը, մյուս պատնեշները չափազանց ցածր էին արգելափակելու երաժշտությունը։ «Կարծում եմ՝ այդ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային Միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում՝ և իմ ազգն անկախ ու ազատ դարձնելու գործում»։

Փառատոնին ներկա գտնվելու կարևոր պատճառը նա վերնագրել է «STARMUS և Հայաստան»։ «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների, քաղաքական գործիչների տեսնել Հայաստանում»,-ընդգծել է նախագահը, նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։

« Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»: Նախագահը խոսել է նաև ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին, մասնավորապես նշելով․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»,-ասել է նա:

Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։

Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։ Նախագահը STARMUS-ի հիմնադիրներին և անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։

Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թվականի Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները: Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու ու տարածելու գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]