14:33  ,  28 նոյեմբերի, 2017

Մանուել Պետրոսյան. Լեւոն Արոնյանը շատ օգնեց ինձ

Մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուն ինձ շատ օգնեց Լեւոն Արոնյանը: Նրա ամեն մի խոսքն ինձ ոգեւշնչում ու օգնում էր, փոխում քայլերիս մոտեցումները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրոսմայստեր, շախմատի աշխարհի եւ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների 2016 թվականի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի առաջնության մինչեւ 20 տարեկանների փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանը: Իտալիայի Տարվիզիո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի Մ-20 առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Մանուել Պետրոսյանն օրեր առաջ նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ շախմատիստը սեւերով 33-րդ քայլում հաղթել էր ռուս գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին եւ մրցաշարն ավարտել 8,5 միավորով:

«Մրցաշարը մի փոքր վատ սկսեցի, բայց ընդհանուր այն ինձ համար հաջող ստացվեց: Սկզբում չէի հարմարվում պայմաններին, բայց ընթացքում արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ, սկսեցի ավելի ռիսկային գործել, արագ կողմնորոշվել: Վերջում արդեն մյուս մասնակիցներից ավելի թարմ տեսք ունեի, իսկ մյուսներն արդեն հոգնած էին: Դա նրանից էր, որ ես այս մրցաշարին նախապատրաստվել էի նաեւ ֆիզիկապես: Զբաղվում եմ վազքով: Բոլորը ծիծաղում էին ինձ վրա, թե ես, լիենելով շախմատիստ, ինչու եմ վազքով զբաղվում: Բայց իրականում ֆիզիկական պատրաստվածությունը եւս իր ազդեցությունն է ունենում եւ դու ուժ ես ունենում մինչեւ մրցաշարի ավարտը թարմ տեսք ունենալ: Այդպես ստացվեց իմ պարագայում, ինչի համար շնորհակալ եմ մարզիչ Վահան Նիկոլյանին, ով նաեւ Լեւոն Արոնյանին է մարզում:

Բավական բարձր միավորներ հավաքեցի: Իրականում, բարդ մրցաշար էր: Բոլոր պարտիաներն էլ բարդ էին, հեշտ հաղթանակներ չունեցա: Դժվար ստացվեցին հատկապես վերջին 3 խաղերը, որոնցից երկուսում սեւ խաղաքարերով էի հանդես գալիս: Մրցում էի այնպիսի շախմատիստների հետ, որոնք լավ էին հանդես գալիս ամբողջ մրցաշարի ընթացքում: Մեկը ոչ ոքի խաղացի, իսկ վերջին 2 պարտիաներում ստացվեց հաղթել: Վերջին պարտիան խաղացի ռուս գրոսմայստեր Ալեքսեենկոյի հետ, որն ամբողջ մրցաշարի ընթացքում մեծ հնարավորություն ուներ չեմպիոն դառնալու: Եվ այս խաղում հաղթելու դեպքում չէր բացառվում, որ նա կդառնար չեմպիոն: Նրա ցուցանիշն ամենաբարձրն էր մրցաշարում եւ ոչ ոքի արդյունքը նրան ձեռնտու չէր լինելու: Մենք նախապես արդեն գիտեինք, որ նա ոչ ոքի չէր ուզենալու, իսկ նախավերջին տուրում ցավալի պարտություն էր կրել ու հոգեպես լարված էր: Հենց սկզբնախաղում փորձեց խաղային դիրքի գնալ: Բայց նա մի փոքր սխալվեց նյարդային վիճակից եւ պարտվեց: Չեմպիոն դառնալուն ինչ-որ բան չբավարարեց, քանի որ իրականում այդքան էլ լավ չէի նախապատրաստավել այս մրցաշարին: Մինչեւ այս մրցաշարը, ինձ մեկ տարի չէր հաջողվում լավ հանդես գալ: Ես ինքս իմ հաջողությանը չէի հավատում, բայց կային մարդիկ, որ հավատում էին ինձ, նույնիսկ ինձանից առավել:

Ինձ այս հաղթանակում շատ օգնեց իմ անձնական մարզիչ Արման Պաշիկյանը, ում հետ մրցաշարի ընթացքում սկայպի միջոցով էի կապ պաշտպանում: Նա պարբերաբար ինձ խորհուրդներ էր տալիս՝ չնայած նրան, որ ինտերնետի կապը շատ վատն էր: Ինձ շատ օգնեց նաեւ Լեւոն Արոնյանը՝ չնայած այս շրջանում նա խաղում էր ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի մրցաշարում: Շատ շնորհակալ եմ Լեւոնին, քանի որ նրա ամեն մի խոսքն ու խորհուրդը ինձ շատ է օգնում, փոխում մետեցումներս քայլերում, պատկերացումներս պարտիաներում: Ես սովորում եմ Լեւոն Արոնյանի դպրոցում, նրա սանն եմ եւ նա շատ է օգնում աճել շախմատում»,- ասաց Մանուէլ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած նորվեգացի Արյան Տարին ու բրոնզե մեդալակիր Չիթամբարամ Արավինդը (Հնդկաստան) եւս հավաքել էին 8.5 միավոր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում