Սահակյան. Համահայկական խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016-ին` Ապրիլյանից հետո

Սահակյան. Համահայկական խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016-ին` Ապրիլյանից հետո

PanARMENIAN.Net - Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում։

«Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անցկացվում են մեր հանրապետությունում:Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ:

Հայ ժողովուրդը սպորտի հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք: Դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաև անտիկ ժամանակաշրջանի Օլիմպիական խաղերին, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները:Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևոր մի օղակ»,-ասել է Սահակյանը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նա հավելել է, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների:

«Մեր պարագայում դա ևս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը: Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրներն այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, հաստատելու նոր ու ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի:

Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, հենց դրանում է մեր միասնականության զորությունը, դրանում է մեր հաղթանակների իմաստը: Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ։Խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք, և ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգևելով մեզ և անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում:Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը»,-ասել է Արցախի նախագահը:

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը ևմրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և ճանաչված կազմակերպություն է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից և խաղերը նույնպես ՄՕԿ կողմից միջազգայնորեն ճանաչված խաղեր են։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---