Ամերիկացի և շվեյցարացի գիտնականների մի խումբ պարզել է, որ գիշերային մղձավանջները օգնում են մարդկանց ճիշտ պահվածք ունենալ արթուն իրավիճակներում: Հետազոտողները նաև կարծում են, որ անհանգստությունը կարելի է բուժել նոր բուժական մեթոդով` քնի միջոցով՝ գրում է EurekAlert-ը:
Նյարդաբանաբանները երկար ժամանակ փորձում էին բացահայտել մղձավանջների գաղտնիքը՝ ուսումնասիրելով ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվ են քնի ընթացքում:
«Մեզ հատկապես հետաքրքրում էր վախը. մեր ուղեղի ո՞ր հատվածներն են ակտիվանում, երբ մենք ունենք վատ երազներ»,- պատմում է Ժնևի համալսարանական հիվանդանոցի (HUG) Քնի լաբորատորիայի ավագ դասախոս Լամպրոս Պերոգամվրոսը:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները 256 էլեկտրոդների միջոցով հետազոտել են 18 հիվանդների ուղեղի ազդանշանները:
Փորձարկվողներին գիշերը մի քանի անգամ արթնացրել են և պարզել, թե ինչ երազներ են տեսել:
«Վերլուծելով ուղեղի գործունեությունը, հիմնվելով մասնակիցների պատասխանների վրա՝ մենք հայտնաբերեցինք ուղեղի երկու ոլորտներ, որոնք պատասխանատու են քնի ժամանակ վախի առաջացման համար՝ կղզային հատվածը և ցինգուլյար կեղևը», – բացատրել է Պերոգամվրոսը:
Ըստ նրա՝ կղզային հատվածը նաև մասնակցում է արթնության ժամանակ զգացմունքների գնահատմանը և ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ մարդը վախենում է: Իսկ ցինգուլյար կեղևը սպառնալիքի դեպքում ներգրավված է շարժական և վարքային արձագանքների նախապատրաստման մեջ: