Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնական, որի տարերքը հայկական բնաշխարհն էր (տեսանյութ)

Հասարակություն
ruz

Կորյուն Մկրտչյան. Հայկական ՍՍՀ վաստակավոր երկրաբան, մասնագետ, որ բացառիկ դեր խաղաց Հայաստանի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների հետազոտման, հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնական, որի վաստակը մեծ է ոչ միայն երկրաբանության, այլև հնագիտության բնագավառում: Նա հայտնաբերեց և հետազոտեց Մեծամորի լեռնամետաղաձուլական հնագույն կենտրոնը, որն արժանացավ միջազգային ճանաչման և դարձավ եզակի հուշարձան ողջ մերձավոր արևելքի համար: Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Դիլիջանում՝զինծառայողի ընտանիքում: Մանկությունն անցել է մոր՝ Երանուհի Էդիլյանի ծննդավայրում՝ Իջևանում: Ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ նշանակում էր ստացել հայրը՝ գնդապետ Հակոբ Մկրտչյանը: Սովորում է, նախ Թբիլիսիի հայկական, ապա Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցներում: Ընդունվում և գերազանցության դիպլոմով ավարտում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետն ու աշխատանքի նշանակվում Հայկական երկրաբանական վարչությունում: Հայոց գրականության ու պատմության հրաշալի գիտակ էր: Նրա կուռքն էր Նարեկացին, պաշտում էր Թումանյանին, Չարենցին ու Սևակին: Կորյուն Մկրտչյանն իր մեծ ներդրումն ունեցավ նաև մշակույթի, պատմագրության ամենատարբեր բնագավառներում: Ուսումնասիրելով ձեռագիր մատյանները, առաջ քաշեց գիտական արժեքավոր մի շարք վարկածներ, որոնց թվում և «Գլաձոր» համալսարանի տեղադրությանը նվիրված ուսումնասիրությունը: Թողեց հարուստ գրավոր ժառանգություն: Հեղինակ է քառասունից ավելի տպագիր և նույնքան էլ ձեռագիր աշխատանքների: 1988-ի կործանարար երկրաշարժի առաջին օրերին նա մեկնում է Գյումրի: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները շարադրված են նրա երկու մասից բաղկացած լայնածավալ հաշվետվությունում, որ ընդունվել է որպես Սպիտակ 88-ին նվիրված լավագույն հետազոտություններից: 1988-ի սեպտեմբերին որդիների հետ իր երկրաբան որդիների հետ մեկնում է Լեռնային Ղարաբաղ: Կանխատեսելով շրջափակումը, առաջարկում է հետախուզել և շահագործման հանձնել Մաղաուցի ածխի հանքավայրը: Մկրտչյանների բնակարանը մի իսկական վերնատուն էր, ուր հաճախ էին հավաքվում գործընկերները, մտավորականներն ու արցախյան շարժման ազատամարտիկները և հյուրընկալ հարկի տակ մի բաժակ սուրճ կամ մի թաս գինի ըմպելով քննարկում ամենատարբեր խնդիրներ: Լեռնային Ղարաբաղի ընդերքի հետազոտման և օգտագործման ծրագրերը, ինչպես նրա մեծ նախագծերից շատերը, ցավոք, մնացին անկատար: Նա կյանքից հեռացավ 1993-ին, վեցուկես տասնամյակը չբոլորած: