Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հետաքրքիր, ուսանելի. «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մասնակիցները կիսել են իրենց տպավորությունները

Հետաքրքիր, ուսանելի. «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մասնակիցները կիսել են 
իրենց տպավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր, տպավորիչ, ուսուցանող. այսպես բնորոշեցին մասնակիցները «Ճանաչիր Չինաստանը» մրցույթ-վիկտորինան: Նրանք «Արմենպրես»-ի հետ զրույցում կիսել են իրենց տպավորությունները՝ ընդգծելով, որ նման մրցույթների անհրաժեշտությունը կա: 

Գլխավոր մրցանակ՝ ուղևորություն Չինաստան

Գառնիկ Հովակիմյան, 38 տ- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ վարկային կազմակերպությունում: Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր մրցույթ էր, իսկապես մեծ բավականություն եմ ստացել: Թեպետ վստահ էի, որ լավ արդյունք եմ ցույց տվել, սակայն անակնկալ էր այն, որ ստացա գլխավոր մրցանակը: Մրցույթի մասին տեղեկացել եմ զարմուհուցս, նա էր մասնակցում ու խնդրեց, որ օգնեմ իրեն: Այդ ընթացքում հարցերի բովանդակությանը ծանոթացա, հետո որոշեցի ինքս փորձել իմ ուժերը: Արդյունքն այն եղավ, որ Չինաստան մեկնելու հնարավորություն ստացա: Ես սիրում եմ ճանապարհորդել և արդեն բազմաթիվ երկրներում եմ եղել: Չինաստանը նույնպես կա իմ առաջիկա պլաններում, սակայն մտածեցի, որ այն ես ինքս կարող եմ կազմակերպել: Այս մրցանակը որոշեցի փոխանցել Հայ-չինական բարեկամության դպրոցին, որ մրցույթ անցկացնի բարձր դասարանի աշակերտների շրջանում և 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում առավելագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտին հնարավորություն տա մեկնել Չինաստան: Դպրոցին փոխանցելով՝ ես ուզում եմ խրախուսել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն: Կարծում եմ՝ ինձ կընդգրկեն այդ մրցույթի կազմկոմիտեում, որպեսզի տեսնեմ Չինաստան մեկնող աշակերտին։

Առաջին տեղ՝ համակարգիչ

Վահագն Աթաբեկյան , 43 տարեկան-աշխատում է առևտրի բնագավառում։  Պատմեց, որ հարազատներից մեկի ծննդյան օրը իր երեխաներն են տեղեկացրել մրցույթի մասին: «Աղջիկս առաջարկեց պատասխանել հարցերին, և մրցույթը նմանվեց «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին:  Երբ խնջույքից տուն վերադարձանք, խաղը վերսկսվեց: Բնականաբար, դիմեցինք «Գուգլ»-ի օգնությանն ու արագ գտանք պատասխանները»,-խոստովանեց Աթաբեկյանը:

 16-ամյա Բագրատ Սիմոնյանը մրցույթի արդյունքում շահել է համակարգիչ: Իր շահելու հավանականությունը մեծ էր, որովհետև տղան երեք տարի է չինարեն է սովորում, հետաքրքրված է Չինաստանով և հիանալի տիրապետում է համակարգչին: «Շատ հետաքրքիր մրցույթ էր, կարծում եմ, որ նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը կա»,-ասաց Բագրատ Սիմոնյանը:

Երկրորդ տեղ՝ բջջային հեռախոս

 Հայկ Խաչատրյան , 20 տարեկան- Մրցույթի մասին ինձ տեղեկացրել է եղբայրս: Միասին որոշեցինք մասնակցել: Իհարկե, Չինաստանի մասին հիմնավոր գիտելիքներ ունեի, սակայն մրցույթը լավ առիթ էր վերհիշելու, թարմացնելու գիտելիքներս: Հարցերին պատասխանել եմ եղբորս օգնությամբ, որն ավելի խորացված գիտելիքներ ունի Չինաստանի մասին:

Մրցույթը, իսկապես, հետաքրքիր էր, ոգևորությունը մեծ էր: Չէի սպասում, որ նման արդյունք կգրանցեինք: Կարծում եմ, որ նման մրցույթների անհրաժեշտությունը կա, շատ լավ օրինակ կարող է լինել այդպիսի այլ ծրագրերի համար:   

 Տաթև Ալթունյան, 29 տարեկան-Մասնագիտությամբ հաշվապահ եմ: Մրցույթի մասին իմացել եմ armenpress.am կայքից: Մասնակցել եմ քույրիկիս հետ, շահելու ցանկությունս շատ մեծ էր: Չինաստանի մասին գիտելիքները դեռ դպրոցական տարիքից եմ ձեռք բերել: Մի քանի բան էլ ինտերնետի միջոցով եմ փորձել գտնել: Ասեմ, որ բոլոր հարցերն էլ հետաքրքրիր էին:

Կարծում եմ, որ նման մրցույթներ պետք է հաճախ անցկացվեն, դրանք օգտակար են: Ոչ միայն ժամանց է, խաղին ընկերներով ներգրավվելու, պրպտելու, վերընթերցելու առիթ, այլև գիտելիքներն ավելացնելու հնարավորություն: Ոգևորությամբ մասնակցել ենք, և մրցանակ էլ ակնկալում էի:

Արմեն Խաչատրյան, 48 տարեկան- Մրցույթի մասին տեղեկացել եմ ինտերնետից: Ընդհանուր առմամբ, տեղեկացված էի, սիրում եմ հետաքրքրվել գերտերություններով, այդ թվում՝ Չինաստանով:  Նախկինում նույնպես մասնակցել եմ մրցույթների: Սկզբից էլ տրամադրված էինք, որ հաղթելու ենք, մենք ընտանիքով ենք մասնակցել, և հետաքրքիր մրցակցություն էր ծավալվել: Նման մրցույթների անհրաժեշտություն տեսնում եմ, շատ լավ ծրագիր է, առիթ է գիտելիքները վերաթարմացնելու: 

Արամ Մխիթարյան, 48 տարեկան-  Վիրաբույժ եմ, սակայն ներկայում իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, սեփական գործ ունեմ հիմնած: Շատ եմ կարևորում նման մրցույթի անցկացումը, այն հետաքրքիր էր, ոգևորիչ էր: Արդյունքներն անսպասելի էին, չէի պատկերացնում, որ մրցանակի կարժանանայի: Չինաստանին ծանոթ էի, ընդհանուր տեղեկություններ ունեի, այնպես, որ գիտելիքներս պետք եկան:  Շատ լավ կլիներ, որ նման միջոցառումները շարունակական լինեին: Անկախ մրցույթում հաղթելու հանգամանքից, ուզում եմ ասել, որ հաջողված նախաձեռնություն է, իսկապես, գոհ եմ:

Երրորդ տեղ՝ լիցքավորման սարք

Գևորգ Մելոյան - Ամենակրտսեր մրցանակակիր 15-ամյա Գևորգ Մելոյանը, որը սովորում է Ա. Մարգարյանի անվան  թիվ 29 ավագ դպրոցում, նշեց, որ իր դասընկերն է ասել, թե նման մրցույթ կա և առաջարկել է մասնակցել դրան: «Ընկերս  Չինաստանի մասին շատ բան գիտի, և հենց նա օգնեց արագ ու անսխալ պատասխանել բոլոր հարցերին: Նա անգամ չինարենին է տիրապետում: Ըստ իս` նման  մրցույթները հնարավորություն են տալիս ճանաչել այլ երկրներն ու մշակույթները: Այս դեպքում` Չինաստանը»,-շեշտեց Գևորգը:

Անդրանիկ Մխիթարյան, 19 տարեկան-Ուսանող եմ, սովորում եմ Ագրարային համալսարանում: Երբ իմացա մրցույթի մասին, մեջս մասնակցելու ցանկություն առաջացավ: Որոշեցի ուժերս փորձել, որովհետև Չինաստանի մասին տեղեկացված էի: Իհարկե, մրցույթն առիթ դարձավ պրպտելու, վերընթերցելու, տեղեկություններն ընդլայնելու: Առաջին անգամ եմ մրցույթում հաղթական տեղ գրավում, ինչ խոսք, հաճելի էր: Շատ լավ նախաձեռնություն է։ Վաղն էլ, օրինակ, կարող է Գերմանիայի մասին նման մրցույթ լինել ու հիմա էլ այդ ուղղությամբ սկսենք նյութեր պրպտել:

Արուսյակ Թովմասյան, 27 տարեկան- Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց ներկա պահին աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ: Վաճառողուհի եմ: Մրցույթի մասին տեղեկացել եմ ընկերուհուցս,և մասնակցել ենք միասին: Հետաքրքիր հարցաշար էր, սկզբում ինքն էր պատասխանել, հետո որոշեցի ես էլ պատասխանեմ: Չինաստանի մասին հետաքրքրված եմ եղել դեռ դպրոցական տարիներից: Քանի որ հետաքրքրությունը միշտ եղել է, պարբերաբար ընթերցել եմ, ծանոթացել այդ երկրին: Շատ հարցերի պատասխաններ կարողացել ենք ինտերնետի միջոցով գտնել: Կարծում եմ, որ որքան շատ լինեն այսպիսի մրցույթները, այնքան կնպաստեն մասնակիցների ինտելեկտի զարգացմանը: Այն, որ մրցանակի էլ արժանացա, կրկնակի հաճելի է:

 Մարինե Սեմերջյան, 37 տարեկան- Գերմաներենի մասնագետ եմ, դասավանդում եմ: Մրցույթի մասին համացանցից եմ իմացել: Մասնակցել եմ ընկերուհիներիս հետ, միմյանց օգնել ենք: Շատ հետաքրքիր մրցույթ էր, այն առաջին հերթին նպաստեց գիտելիքներիս հարստացմանը, որովհետև մրցույթով պայմանավորված վերընթերցումներ, պրպտումներ էինք կատարում: Ճիշտն ասած՝ արդյունքը սպասելի չէր, անակնկալ ստացվեց, ինչը շատ ոգևորիչ է: Ասեմ, որ մրցույթներին մասնակցելու փորձ ունեմ, նախկինում նույնպես նման առիթները բաց չեմ թողել: Ես կարծում եմ, որ նման մրցույթների անհրաժեշտությունը կա, մարդիկ սկսում են իրենց գիտելիքները թարմացնել:

 Տաթևիկ Դավթյան , 31 տարեկան- Աշխատում եմ նորաձևության ոլորտում: Մրցույթի մասին ինձ տեղեկացրել է ընկերուհիս:  Միասին ենք մասնակցել, պատասխանել ենք համացանցից օգտվելով: Շատ բան չենք փնտրել, որովհետև արդեն տեղեկացված էինք: Թեպետ մասնակցեցինք, բայց, ճիշտն ասած, չէի սպասում, որ մրցանակ կշահեի: Իսկապես անակնկալ էր, մանավանդ, որ առաջին անգամ էի նման մրցույթի մասնակցում: Արդյունքը ոգևորիչ է, առաջիկայում ևս նման առիթ բաց չեմ թողնի:

32-ամյա Լիլիթ Հակոբյանը մասնագիտությամբ լաբորատոր բժիշկ է և հենց այդ ոլորտում է աշխատում: Մրցույթի մասին նրան տեղեկացրել է ընկերուհին, որը շատ է օգնել արագ ու արդյունավետ պատասխանել դրանց: «Ընկերուհիս բավականին տեղեկացված է. դա էր պատճառը, որ մեզանից երկար ժամանակ չպահանջվեց բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրան ասում էի, որ հաղթելու դեպքում կարող է ինքը մեկնել Չինաստան, իսկ լիցքավորման սարքից երկուսով կօգտվենք»,- կատակեց Լիլիթն ու հավելեց, որ մրցույթի շնորհիվ շատ բան իմացավ Չինաստանի մասին:

Սոնա Մանվելյան, 30 տարեկան- Անգլերենի ուսուցչուհի է, բայց ներկայումս չի աշխատում: Մրցույթի մասին նրան հայտնել է քույրը: «Մինչ երեխայիս ծնվելը հետաքրքրվում էի Չինաստանի հետ կապված ուսումնական ծրագրերով: Ցանկանում էի մեկնել այնտեղ աշխատելու: Չինաստանի հետ կապված մրցույթն ինձ նույնպես հետաքրքիր էր: Անհրաժեշտ էր մի քանի օր բոլոր հարցերն ուսումնասիրելու և դրանց արագ պատասխանելու համար: Այդ հարցում ինձ աջակցել է ամուսինս:  Պետք է խոստովանեմ, որ հետաքրքիր հարցերը շատ էին, բայց ինձ հատկապես դուր եկավ Լուսնի տոնին վերաբերող հարցը: Երբ փորձում էի տարբեր աղբյուրներից գտնել պատասխանը, պարզվեց, որ ամեն տեղ տարբեր բան է գրված: «Ե՞րբ է նշվում Լուսնի տոնը» հարցին ես պատասխանեցի` ընտրելով օգոստոսի 15-ը տարբերակը»,-պատմեց Սոնան:

Նա նշեց, որ նման մրցույթները խթանում են նոր տեղեկություններ ստանալ, նոր բաներ սովորել ու հետաքրքրվել նոր ծրագրերով, մրցույթներով:

Լևոն Երիցյանը 28 տարեկան է, շինարար է: Այժմ աշխատում է անվտանգության ոլորտում: Նրա խոսքով` մրցույթի մասին իմացել է համացանցից: «Բավականին երկար ժամանակ անհրաժեշտ եղավ հարցերին ճիշտ ու արագ պատասխանելու համար: Օգտվել եմ հիմնականում համացանցից: Կարծում եմ, որ նման մրցույթները շատ հետաքրքիր են»,-նշեց նա:

Կիմա Աբազյան, 18 տարեկան- Ուսանողուհի եմ, սովորում եմ Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Մրցույթը հետաքրքիր էր ու անկանխատեսելի։ Չէի պատկերացնի, որ այդքան շատ արագ պատասխանողներ կլինեին: Ասեմ, որ արդեն եղել եմ Չինաստանում ու այդ երկրի մասին լավ տեղեկացված եմ: Եղբորս հետ ենք մասնակցել: Նախկինում մրցույթների մասնակցության փորձ ունեցել եմ: Մրցույթներից մեկում հաջողություն գրանցելու արդյունքում մեկնել եմ Ֆինլանդիա:

Անի Ավետիսյան, 21 տարեկան, ապագա ծրագրավորող է: «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մասին տեղեկացա համացանցից: Ինձ հետաքրքիր էին և’ Չինաստանը, և’ մրցույթում հաղթելու դեպքում հանձնվող մրցանակները: Ինձանից շատ երկար ժամանակ չպահանջվեց հարցերին պատասխանելու համար: Կային հարցեր, որոնց վրա մի քիչ երկար մտածեցի, բայց չեմ կարող ասել, որ բարդ էին:  Հետաքրքիր հարցերը շատ էին, բայց այս պահին չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:  Կարծում եմ` լավ է, որ նման մրցույթներ կան»,-շեշտեց նա:

Մրցույթ-վիկտորինան կազմակերպվել է ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Այն անցկացվել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության, «Արմենպրես» լրատվական գործակալության և Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից:  Հարցերի շրջանակը լայն է եղել, շոշափվել են տարբեր թեմաներ: Եղել են հարցեր Չինաստանի մշակույթի, տնտեսության, քաղաքականության, պատմության և շատ այլ ոլորտների վերաբերյալ: Մրցույթին մասնակցել է  5 հազար 317 մարդ, բոլոր հարցերին ճիշտ պատասխանել են 413-ը: Ըստ մրցույթի կանոնների` մրցանակային տեղերը զբաղեցրել են բոլոր հարցերին անսխալ և ամենաարագ պատասխանած մասնակիցները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]