HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ինձ զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացեմ, ձերբակալելու են»,- հայտարարեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով ամբաստանյալը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով որոշում կայացնելու: Մինչ այդ, վերջին խոսքով հանդես եկած ամբաստանյալներից երկուսը՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հայտարարություններ արեցին, որ նախկինում չէին արել:

Մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանը իր ձերբակալումը կապեց քաղաքականության հետ: «Ինձ  զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացեմ,  կձերբակալեն»,- հայտարարեց Սանասար Գաբրիելյանը:

 Նշենք, որ Սամվել Բաբայանն ու այս գործով մյուս ամբաստանյալերը ձերբակալվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Բաբայանն ընտրությունների ժամանակ սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ «Իգլայի»  խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը դա արել է շահադիտական նկատառումներից ելնելով:

«Ես և Մայիլյանն այլ գործով ընդհանուր շահ ենք ունեցել, և հիմա այդ շահը նա է կառավարում»,- հայտարարեց Արմեն Պողոսյանը, սակայն ամբաստանյալների վերջին խոսքում արված հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ չեղան. ամբաստանյալի վերջին խոսքից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, ուստի դաhլիճում ներկա անձանց համար պարզ չեղավ, թե Սանասար Գաբրիելյանին կոնկրետ ո՞վ է զգուշացրել շտաբ չբացելու մասին կամ ի՞նչ ընդհանուր շահի մասին է խոսում Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հետ և պահանջում են իրենց անպարտ ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Սանասար Գաբրիելյանը նշում է, որ Սամվել Բաբայանն «Իգլայի» ձեռքբերման հետ առհասարակ կապ չունի, որ դա եղել է իր մտահղացումը, և զենքը ձեռք էր բերում՝ բանակին նվիրելու համար:

Այսօրվա դատական նիստին ճառերով հանդես եկան ամբաստանյալները, վերջիններիս պաշտպաններն ու մեղադրող դատախազ Արամ Արամյանը:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ գործով գոնե մեկ ապացույց ձեռք չի բերվել, որ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին նյութապես շահագրգռել է իրենց վերագրվող արարքը կատարելու հարցում՝ թեև Բաբայանին նման արարք է վերագրված:

Դատավճռում առկա է ձևակերպում, համաձայն որի ինչ-որ փուլում «Սանասար  Գաբրիելյանը դեռևս չէր կողմնորոշվել զենքի համար նշված գումարը վճարելու հարցում», և Քալաշյանը հարց բարձրացրեց` եթե Բաբայանն էր որոշողը, պատվիրատուն, ապա ինչո՞ւ պիտի Սանասար Գաբրիելյանը գումարը վճարելու հարցում կողմնորոշվեր կամ` ոչ. այս հարցում առաջին ատյանի դատարանն, ըստ Ավետիս Քալաշյանի, հակասել է ինքն իրեն:

Ըստ Ավետիս Քալաշյանի՝ քրեական գործում առկա գաղտնալսումների ձևակերպումները ըստ նպատակահարմարության մեկնաբանելով՝ մեղադրանքի կողմը եկել է եզրակացության, որ գաղտնալսումներում առկա գումարի մասին խոսակցությունը վերաբերում է զենքի համար վճարվելիք գումարին, և դատարանը ևս նման եզրահանգումներ է արել:  Փաստաբանի պնդմամբ՝ թեև ձայնագրության մեջ կա գումարի վերաբերյալ խոսակցություն Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի միջև՝ խոսքը խորհրդարանական ընտրությունների համար պահանջվող գումարի մասին է:

Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Սանասար Գաբրիելյանին «Իգլայի» ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափն ասվել է ավելի ուշ, քան արվել է վերը նշված խոսակցության ձայնագրությունը Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի միջև: Ուստի, փաստաբանի խոսքով՝ Սանասար Գաբրիելյանը չէր կարող «Իգլայի» ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափի մասին Սամվել Բաբայանին հայտնել ավելի վաղ, քան իրեն այս մասին կհայտնեին:

Քալաշյանի պնդմամբ՝ այն պահին, երբ «Իգլայի» խողովակը հանձնվել է ԱԱԾ-ին,  Սանասար Գաբրիելյանն արդեն իսկ հրաժարված է եղել այն ձեռք բերել:

Նշենք, որ ամբաստանյալների պնդմամբ՝ Սանասար Գաբրիելյանն «Իգլան» ձեռք բերելու հարցով դիմել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանին, վերջինս էլ դիմել  է Էջմիածնի բնակիչ Հրաչյա Մայիլյանին: Թեև ԱԱԾ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ ռազմամթերքը ձեռք է բերվել Վրաստանից, հետագայում  ամբաստանյալների մեղադրանքից հանվեց  ռազմամթերքի մաքսանենգությունը: Նախորդ դատական նիստին էլ այս գործից անջատված մասով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Աղվանյանը, ով Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Վարդանյանի որդին է, հայտարարեց, որ «Իգլան»  հորն է պատկանել, այն Վրաստանից ձեռք չի բերվել, եղել է Էջմիածնի իրենց տանը: Ամբաստանյալները պնդում են, որ այն բանից հետո, երբ Սանասար Գաբրիելյանը Սամվել Բաբայանին ցույց է տվել «Իգլայի» լուսանկարն, ու վերջինս նրան ասել է, որ դրանից մաս է պակասում, Գաբրիելյանը հրաժարվել է այն ձեռք բերելուց, այդ մասին հայտնել ձեռքբերման հարցում իրեն աջակցող Արմեն Պողոսյանին, ով իր հերթին դրա մասին տեղյակ է պահել Հրաչյա Մայիլյանին:

Ավետիս Քալաշյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ թեև Հրաչյա Մայիլյանին հստակ ասվել է զենք ձեռք բերելուց հրաժարվելու մասին ,վերջինս, առանց Արմեն Պողոսյանի հետ իր գործողությունները համաձայնեցնելու, քայլեր է կատարել «Իգլան» ձեռք բերելու հարցում, և այն պահել իր մոտ, որից հետո էլ տարել ու հանձնել ԱԱԾ-ին: Ուստի նման պայմաններում, ըստ Ավետիս Քալաշյանի,  չի կարելի պնդել, թե ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հրաժարված չեն եղել զենքը ձեռք բերելու մտքից:

Նշենք, որ Սամվել Բաբայանի և մյուսների գործն,  ըստ պաշտոնական տվյալների, բացահայտվել է այն բանից հետո, երբ մեկ այլ տնտեսական հանցագործության շրջանակներում քննվող քրեական գործի շրջանակներում որոշվել է գաղտնալսել Հրաչյա Մայիլյանին:

Պաշտպանական կողմն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ կասկածի տակ է դրել Մայիլյանին գաղտնալսելու թույլտվության որոշման հիմքերը, դատարանին միջնորդել, որպեսզի  այդ հիմքերը պահանջվեն և հետազոտվեն: Թեև դատարանը բավարարել էր  միջնորդությունը, սակայն այդ հիմքերը չէին  տրամադրվել՝ պատճառաբանությամբ, թե Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ  քրեական գործով այս  նյութերը դեռևս սահմանված կարգով գաղտնազերծված չեն:

Նման պայմաններում, ըստ  Ավետիս Քալաշյանի, Սամվել Բաբայանի և մյուսների գործով գաղտնալսումները պետք է անթույլատրելի ապացույց ճանաչել, քանի որ դրանք ձեռք են բերվել անհայտ աղբյուրից, պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու, դրանց վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից զրկված է եղել:

Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա Քալաշյանի խոսքով, միայն այն հանգամանքը, որ գործով չի ապացուցվել, որ գործի իրեղեն ապացույց ճանաչված եվրոն հանցագործության հետևանքով է ձեռք բերված, բավական է, որպեսզի Բաբայանն արդարացվի:

Նշենք, որ Ավետիս Քալաշյանը տևական ժամանակ պնդում է, որ գործում առկա չէ ապացույց, թե այս գործով իրեղեն ապացույց ճանաչված գումարը հանցավոր ծագում ունի, մասնավորապես՝ հափշտակված է, ինչպես ասված է Բաբայանի մեղադրանքում: Քալաշյանի խոսքով՝ նախաքննություն իրականացնող մարմինն անգամ հարցում է կատարել Ինտերպոլ՝ պարզելու համար` արդյոք գործով իրեղեն ապացույց ճանաչված թղթադրամները հափշտակված թղթադրամների բազայում առկա են, թե՞ ոչ, սակայն ապացույց այն մասին, որ դրանք առկա են, այդ բազայում, չի ստացվել:

Իր ճառում Սամվել Բաբայանն ընդգծեց, որ ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված գաղտնալսումների որոշ հատվածներ լսելի չեն, ու թեև ինքը դրանք պարզաբանել է, մեղադրանքի կողմն իր պարզաբանումները լսելու փոխարեն առաջանորդվել է իրեն ձեռնտու ենթադրություններով:

Ես էլ ասում եմ, որ «Իգլան» մեղադրողն է գողացել. ենթադրելու իրավունք ունեմ...ես օրենք չեմ խախտել, ցանկություն էլ չունեմ խախտելու, խնդրում եմ արդարացի որոշում կայացնել»,- ասաց Բաբայանն ու նշեց, որ միայն այն հանգամանքը, որ Հրաչյա Մայիլյանն ազատության մեջ է, իսկ իրենք՝ կալանքի տակ, շատ բանի մասին է խոսում:

«Էս մեղքը ես իմ վրա չեմ վերցնելու»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն, իր խոսքում անդրադառնալով «փողերի  լվացման դրվագի» վերաբերյալ Ավետիս Քալաշյանի պնդմանը, որ ապացուցված չէ, թե դրանք հափշտակված են, նշեց, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված գումարը ներկոտված է եղել, ինչն արվում է ինկասացիոն և բանկոմատային անվտանգության համար: Իսկ  ներկոտված գումարն, ըստ Արամյանի որևէ այլ կերպ, քան հանցագործությամբ, չի կարող շրջանառության մեջ դրվել:

Բացի այդ՝ մեղադրողն ընդգծեց, որ Սամվել  Բաբայանի և մյուսների մեղավորությունն իրենց վերագրվող արարքներում ոչ միայն գաղտնալսումերով, այլև այլ ապացույցներով է հաստատվում:

Մեղադրողն, անդրադառնալով ամբաստանյալների կողմից արված պնդմանը, թե զենքը բանակի համար էր ձեռք բերվում, նշեց, որ թեև այս հանգամանքն արարքի իրավաբանական որակման տեսանկյունից կարևոր չէ, այնուամենայնիվ, գործով ձեռք բերված ապացուցները չեն հաստատում այդ պնդումը, ավելին, նրանք զենքը Նարիշտար գյուղում՝ հողի մեջ թաքցնելու նպատակ են ունեցել:

Նախորդ դատական նիստին հարցաքննված Ռոբերտ Աղվանյանն ասել էր այն մասին, որ «իգլայի» դիմաց Հրաչյա Մայիլյանն իրեն 4000 ԱՄՆ դոլար գումար է վճարել, ևս 25 000-ը  պետք է վճարվեր այն վաճառելուց հետո, մինչդեռ ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանն «Իգլան» պետք է ձեռք բերեր 50 000 ԱՄՆ դոլարով: Մեղադրող դատախազը նշեց, որ հենց այստեղ է երևում ամբաստանյալների նյութական շահագրգռվածությունն այս գործում:

Դատական նիստն ավարտվեց: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ փետրվարի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter