Սահմանադրական դատարանը մերժել է երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
Քոչարյանի փաստաբանական թիմի հաղորդագրության համաձայն, նախկին նախագահի պաշտպանները բարձր դատարան էին դիմել խնդրելով քննել և պարզել, արդյոք սահմանադրական է, երբ վճռաբեկ դատարանը չի քննել վերաքննիչ ատյանի կողմից Քոչարյանին կալանավորելու որոշումը։
Ըստ ՍԴ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության, հարցն առնչվում է քրեական դատավարության օրենսգրքի 407 և 414 հոդվածներին, որոնք վերաբերում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն։
«Ազատության» հետ զրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը դեռ չեն ստացել, որպեսզի հասկանան, թե բարձր դատարանն ինչու է մերժել վարույթ ընդունել իրենց դիմումը։
Հունիսի 25-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահ Քոչարյանին։ Դրանից հետո Քոչարյանի փաստաբանները այս որոշումը բողոքարկեցին վճռաբեկ ատյան, որը, սակայն, մերժեց այն վարույթ ընդունել։ Այնուհետև երկրորդ նախագահի փաստաբանները դիմեցին Սահմանադրական դատարան։
«Ազատություն». – Դուք դիմել եք Սահմանադրական դատարան՝ խնդրելով, որպեսզի Սահմանադրական դատարանը ստուգի արդյո՞ք վճռաբեկ դատարանի կողմից ձեր դիմումը վարույթ չընդունելը համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ։
Արման Վարդևանյան. – Ըստ էության, նման իրավիճակներում, երբ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է կալանավորումը կիրառվում, արդյոք վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չընդունելը ինքն իրենով համապատասխանում է արդար դատաքննության իրավունքին, անձնական ազատության իրավունքին և այլն։
«Ազատության». – Բայց վճռաբեկն իրականում կարող է չէ՞ վարույթ չընդունել։
Վարդևանյան. – Հենց մեր դիրքորոշումը նա է, որ կալանավորումը երբ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է կիրառվում, այ տեսեք Դավիթ Գրիգորյանի կողմից որոշում կայացվեց անձնական երաշխավորություն, Դանիելյան Արմենի կողմից կայացվեց որոշում կալանավորման։
«Ազատություն». – Հենց Դանիելյանի որոշումն եք չէ՞ փորձել բողոքարկել վճռաբեկ դատարանում, որը որ վարույթ չի ընդունել։
Վարդևանյան. – Վճռաբեկ դատարանը այն վարույթ չընդունեց։ Արդյո՞ք վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կալանավորման վերաբերյալ ունեցավ հնարավորություն օրինականության ստուգման, վճռաբեկ դատարանը պարզապես գտել էր, որ այստեղ էական մարդու իրավունքների խախտում առկա չէ, ինչպես նաև միատեսակ կիրառության հարց չկա։ Ի դեպ, թեև մամուլով որևէ կերպ չի շրջանառում, բացարձակ կերպով չի շրջանառվում նույնիսկ, Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք էր ներկայացրել վճռաբեկ դատարանի վարույթ չընդունելու որոշման վերաբերյալ, սակայն այն ոչ մի կերպ չի լուսաբանվել։
«Ազատություն». – Գտել էր, որ պետք է վարույթ ընդունե՞լ։
Վարդևանյան. – Որ պետք է վարույթ ընդունվեր, այո, բայց ես դա ոչ մի տեղ չեմ կարդացել։
«Ազատություն». – Ե՞րբ եք դիմել վճռաբեկ, որ վարույթ չի ընդունել։
Վարդևանյան. – Արմեն Դանիելյանի որոշման հրապարակումից հետո, եթե չեմ սխալվում 15-օրյա ժամկետում ներկայացվել էր վճռաբեկ բողոք։ Ի դեպ, նաև պրակտիկայում սա ևս խնդիր է, որի վերաբերյալ մենք Սահմանադրական դատարանը մայիսի 7-ի գործի շրջանակներում էինք բարձրաձայնել և ՍԴ-ն դիրքորոշում էր տվել, որ վճռաբեկ դատարանը կալանավորման վերաբերյալ հարցերով թեև օրենսդրությանը համաձայն ունի մինչև երեք ամիս ժամկետ վարույթ ընդունելու հարցը պարզելու համար, սակայն այդ երեք ամիս ժամկետը մինչև չպետք է առավելագույն կերպով օգտագործվի, այն պետք է հրատապության կարգով քննվեր, որը կրկին վճռաբեկ դատարանի կողմից չէր պահպանվում։