Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկվող տարածքները կմաքրվեն հատուկ տեխնիկական միջոցներով կամ բնակիչների օգնությամբ

Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկվող  տարածքները կմաքրվեն հատուկ 
տեխնիկական միջոցներով կամ բնակիչների օգնությամբ

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը  խոսեց Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկված կամ ջրածածկման ենթակա անտառների մաքրման աշխատանքների կազմակերպման նախնական հայեցակարգի եւ  «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում անասունների արածեցումները կանխելու հարցերի մասին՝ հայցելով մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների համագործակցությունը:

«Մենք ունենք արդեն ջրածածկված անտառային տարածքներ, որոնց մաքրումը պետք է իրականացվի պետբյուջեի միջոցներով, հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ, եւ ունենք տարածքներ, որոնք դեռ ջրածածկված չեն ու պետք է մաքրվեն Սեւանի ափամերձ համայնքների բնակիչների օգնությամբ, ովքեր իրենց կատարած աշխատանքի դիմաց կարող են անհատույց օգտագործել շինափայտը կամ վառելափայտը: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար մենք պետք է համատեղ քննարկումներ կազմակերպենք, արդյունավետ կարգ մշակենք, որպեսզի անտառային տարածքների մաքրումը կատարվի անթերի, ծառայի իր հիմնական նպատակին: Ինչ վերաբերում է մեր պարկի տարածքում անասունների արածեցման դեպքերին, ապա պետք է դրանք բացառել, քանի որ օրենքը դա խստիվ արգելում է: Հարցի կարգավորման համար կրկին ակնկալում եմ մարզպետարանի եւ համայնքապետարանների աջակցությունն ու համագործակցությունը»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրեց Վահե Գուլանյանը:

Նիստի աշխատանքների ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ  տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, անասնահամաճարակների դեմ պայքարի եւ աղբահանության կազմակերպման միջոցառումներին: «Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղում անասնահամաճարակի դեպք  է գրանցվել, որի օջախը մարելու ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել: Հարկավոր է սեղմ ժամկետում պատկան մարմինների հետ համագործակցությամբ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հետագա բռնկումները կանխելու համար: Հարկավոր է նաեւ հետեւողականորեն բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, որը դեռ գոհացուցիչ չէ»,-հանձնարարեց մարզպետը: Գնել Սանոսյանը մի քանի լավ լուր հաղորդեց մարզխորհրդի նիստի մասնակիցներին: «Ընթացքում է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» հերթական փուլը, որտեղ այսօր մեր ներկայացուցիչները եւս մասնակցում են ծրագրի տնօրենի ընտրությանը: Հույս ունեմ, որ այն գործողության մեջ կդրվի 2020 թվականի գարնանից, սակայն մինչ այդ մենք պետք է շարունակենք պատշաճ աղբահանություն իրականացնել՝ շարունակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտվածությանը: Երկրորդ լավ լուրն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզի 15 համայնքներում այս տարի կառուցվելու են ֆուտբոլի փոքր խաղադաշտեր»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ, մարզային խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]