Միջազգային փորձագետները կասկածի տակ են դրել Սերժ Սարգսյանի խոստումները. թվերը հերքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Նախանշված ցուցանիշներն ապահովելու համար նա մատնանշել էր նաեւ ճանապարհը՝ արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում, կյանքի տեւողության երկարացում եւ արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Կառավարությունն էլ Ս. Սարգսյանի խոստումների հիմա վրա իր ծրագրում էր նման դրույթ ներառել. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ` ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:

Իհարկե, հասարակության մի ստվար զանգված վաղուց ի վեր լուրջ չի ընդունում իշխանությունների խոստումները, ներկայացրած ծրագրերը: Այսօր էլ դժվար է գտնել մեկին, որ կհավատա ժողովրդագրական իրավիճակի կտրուկ եւ էական բարելավման հեռանկարին, էլ ուր մնաց՝ Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին Սերժ Սարգսյանի խոստումներին: Սա միանգամայն հիմնավոր պատճառներով. չնայած իշխանությունների խոստացած ծրագրերին` պաշտոնական վիճակագրությունը միանգամայն հակառակի մասին է վկայում, որ ժողովրդագրական վիճակը գնալով ավելի է վատթարանում:

Սերժ Սարգսյանն ու կառավարությունը խոսում են ծնելիության ցուցանիշի բարձրացման մասին, մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը նվազել է 6,7 տոկոսով: 2017թ. հունվար-հունիս ամիսներին ծնվել է 17 հազար 169 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 18 հազար 393 էր, իսկ 2015-ին՝ 18 հազար 667:

Կառավարությունն իր ծրագրում խոստացել է միջոցառումներ անել մահացությունների մակարդակի կրճատման ուղղությամբ, մինչդեռ պատկերը բոլորովին այլ է. հունվար-հունիս ամսիներին մահացել է 14 հազար 709 հոգի, 2016-ին այդ թիվը 14 հազար 403 էր, 2015-ին՝ 14 հազար 682: Ասել է, թե այս հարցում էլ իշխանություններին չի հաջողվել կատարել խոստումը: Իսկ բնական հավելաճի ցուցանիշները պարզապես գահավիժում են խայտառակ տեմպերով. 2015-ին բնական հավելաճը 3 հազար 985 էր, 2016-ին՝ 3 հազար 990, իսկ արդեն այս տարի այն հասել է 2 հազար 460-ի:

Կառավարության ծրագրում խոսք կա նաեւ ամուսնությունների թվի ավելացման մասին, բայց վիճակագրությունը փաստում է, որ ավելացել են ամուսնալուծությունները, իսկ ամուսնությունները՝ կրճատվել: Եթե 2015-ին 8 հազար 582 ամուսնություն է գրանցվել, ապա 2016-ին այդ թիվը դարձել է 7 հազար 739, այս տարի՝ 7 հազար 234: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա նախորդ տարվա 1 հազար 753-ի փոխարեն այս տարի գրանցվել է 1 հազար 949:
Այսքանից հետո, թերեւս, անիմաստ է խոսել նաեւ արտագաղթի դադարեցման խոստումների մասին: Ճիշտ է, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտագաղթողների թիվը նվազել է. եթե նախորդ տարի երկրից հեռացել է 91.9 հազար քաղաքացի, ապա այս տարի արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը 75 հազար 625 է եղել: Իսկ հայրենադարձության ծրագրերը արդեն զավեշտալի են հնչում, մեղմ ասած՝ զավեշտալի:

Իշխանությունները, իհարկե, կփորձեն արդարանալ՝ ասելով, թե կառավարության ծրագիրը նախատեսված է իրագործել առաջիկա հինգ տարիների ընթացքում, իսկ Սերժ Սարգսյանի խոստացած ցուցանիշի վերջնաժամկետն էլ 2040 թվականն է, այսինքն՝ դեռ պետք է սպասել: Բայց սա արվում է ընդամենը ժամանակ շահելու, ներկայիս եւ ապագայի ձախողումները կոծկելու համար: Ի վերջո, նախորդ կառավարություններն էլ էին խոստացել կտրուկ բարելավել ժողովրդագրական վիճակը, բայց տեղի ունեցավ հակառակը, երբ արտագաղթի տեմպերը շարունակեցին էլ ավելի մեծ հունով ընթանալ:

Հ.Գ. Հայաստանի բնակչությունը 2040 թվականին 4 մլնի հասցնելու մասին հայտնի հայտարարություններից որոշ ժամանակ անց հրապարակվեց ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցը, որտեղ միջազգային փորձագետները կասկածի տակ են դրել Ս. Սարգսյանի խոստումները: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման՝ 2050 թվականին ՀՀ բնակչությունը կկազմի 2 մլն 700 հազար մարդ: Կարճ ասած՝ ե՛ւ փորձագետների կանխատեսումները, ե՛ւ այսօրվա ցուցանիշները վկայում են այն մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա իրագործել տրված խոստումները, այլեւ, ընդհակառակը, ցուցանիշները բացասական հունով են ընթանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս