Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է «Վագների» որոշ անդամների արտահանձնել Ուկրաինային


Բելառուսի նախագահը պատրաստ է Ուկրաինային արտահանձնել հուլիսին վերջին Մինսկում ձերբակալված ռուսաստանցիների մի մասին, ովքեր ներգրավված են եղել Դոնբասի ռազմական գործողություններին: Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցի ընթացքում։ Վերջինս իր հերթին հարցազրույցի մանրամասներով կիսվել է «Ազատության» բելառուսական ծառայության հետ:

Ձերբակալվածների մի մասը, ըստ պաշտոնական Կիևի, նախկինում Դոնբասում ծավալված ռազմական գործողություններին է մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինված ջոկատների կազմում, ոմանք նաև Ուկրաինայի քաղաքացիներ են: «Վագների» աշխատակիցների արտահանձնման թեման երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախագահ Լուկաշենկոյի խոսքերով, Բելառուսի դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններին «կանաչ լույս է տրվել», որպեսզի Ուկրաինային և Ռուսաստանին արտահանձնվեն ձերբակալվածները, որոնք, ըստ բելառուսական իշխանությունների, ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերության՝ «Վագների» անդամներ են, որոնք պլանավորում էին «ապակայունացնել իրավիճակը» Բելառուսում առաջիկա կիրակի օրը նախատեսված ընտրությունների նախաշեմին։

Ալեքսանդր Լուկաշենկոյիքսանվեցամյա պաշտոնավարման ընթացքում թերեւևամենակոշտ նախընտրական պայքարի ընթացքում ռուսաստանցի 33 զինյալների խորհրդավոր այցը է'լ ավելի է սրել դաշնակիցներ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները։ Ամիսներ շարունակ Բելառուսի առաջնորդը պնդում է, որ եղբայրական Ռուսաստանը ապակայունացնում է ներքաղաքական իրավիճակը, շահարկում էներգակիրների գնային քաղաքականությունը, փորձում միջամտել նախընտրական գործընթացներին։

Երեքշաբթի օրը խորհրդարանին և ժողովրդին հղած իր զգացմունքային ուղերձում Լուկաշենկոն հայտարարել է, թե ձերբակալված ռուսաստանցիները խոստովանել են, որ իրենց Բելառուս են ուղարկել և կարգադրել տեղում սպասել հրամանների։

Ռուսաստանից մինչդեռ պնդում են, որ զինյալները Բելառուսում են հայտնվել երրորդ երկիր մեկնելու նպատակով։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ճանաչում ձերբակալվածների ուկրաինական քաղաքացիությունը: Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին հավաստիացրել է, թե Ռուսաստանը կպաշտպանի ձերբակալվածներին:

Մոսկվայից հնչող պարզաբանումները Լուկաշենկոն սուտ է որակել` կոչ անելով ընտրողներին աջակցել իրեն և խուսափել քաոսից, ինչը փորձում էին կազմակերպել ռուսաստանցի զինյալները։

Ռուս-բելառուսական հարաբերություններում լարվածությունը շեշտակի խորացել է օգոստոսի 9-ին նախատեսված նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ 1994 թվականից երկիրը ղեկավարող Լուկաշենկոն ցանկանում է վեցերորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Մինչ այդ ձերբակալվել են նրա մրցակիցները՝ Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը վայելող «Բելգազպրոմբանկի» ղեկավար Վիկտոր Բաբարիկոն, իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին հայտարարած հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին։

Հակառակորդներին չեզոքացնելու Լուկաշենկոյի փորձերը դրանով չսահմանափակվեցին: Եվս մեկ ընդդիմադիրգործիչ, այդպես էլ ԿԸՀ-ի կողմից չգրանցված թեկնածու,նախկինում ազդեցիկ դիվանագետ Վալերի Ցեպկալոն լքել է երկիրը` հայտարարելով, որ այդ քայլին է դիմում իրեն ձերբակալելու որոշման մասին տեղեկանալուց հետո :

Այս իրադարձություններից հետո էլ սակայն Բելառուսի անփոփոխ առաջնորդի վեցերորդ հաղթանակը երաշխավորված չէ։ Մյուս` այժմ արդեն հիմնական մրցակից, առաջատար ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նախընտրական հանդիպումները անկացնում է աննախադեպ թվով աջակիցների մասնակցությամբ ։

Ձերբակալված ամուսնու փոխարեն Լուկաշենկոյին ձեռնոց նետած երիտասարդ թեկնածուի նախընտրական հանդիպումներին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ. հուլիսի 19-ին Մինսկում հավաքվել էր շուրջ տասը հազար մարդ, տասնմեկ օր անց այդ թիվը հասել էր 63 hազարի՝ դառնալով երկրում ամենամարդաշատհավաքը ԽՍՀՄ փլուզումից ի վեր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG