Զինկացարանում հրդեհի գործով մեղադրվող կապիտանը կալանավորվել է

Զինկացարանում հրդեհի գործով մեղադրվող կապիտանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով մարտի 17-ին ձերբակալված կապիտան Եղիշե Հակոբյանը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում մարտի 17-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է»,-ասվում է գրառման մեջ։

Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---