Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկու կողմն էլ չափն անցել էր». հայերի ու վրաց ոստիկանների բախումը սադրա՞նք էր (տեսանյութ)

Քաղաքականություն
blic-2

Ջավախքում հայերի ու վրացի ոստիկանների միջև բախումները  սադրանքի արդյունք է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Իմ ունեցած տեղեկություններով, Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներն այդ օրը որոշել էին ոչ թե եկեղեցու բակում խաչքար տեղադրել, այլ այն տեղափոխել եկեղեցու բակ, որ լինի ապահով վայրում»:  Ըստ բանախոսի՝  նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաչքարի տեղադրումը պետք է լինի հոկտեմբերի վերջին՝ ՏԻՄ ընտրություններից հետո. «Շատ կարևոր է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարն ակտիվ միջամտեց գործին, այցելեց գյուղ, բանակցությունների արդյունքում երկու ձերբակալվածին բաց թողեցին: Բայց այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցված, քննություն է իրականացվում»: Ինչ վերաբերում է սադրանքին, ապա Մելիքյանը չբացառեց, որ դա կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ. «Պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Ակտիվ քաղաքական ուժերը մրցում են  միմյանց հետ նաեւ Ջավախքում: Երևի թե, այս ամենը  կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես ագրեսիվ սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում: Տեղի ունեցածն ընդամենը միջադեպ էր: Երկու կողմն էլ չափն անցել էր»,-ասաց Մելիքյանը: Մելիքյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հարցը կարգավորված է: