News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Լիտվայի հայերի միության աջակցությամբ Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանում տեղի ունեցավ «Դիվանագետները փաստում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը» վերնագրով փաստաթղթերի ժողովածուի (Եվա Մերենիչսի խմբագրությամբ, Հռոմ 2015) շնորհանդես-քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմասի, հայ համայնքի ներկայացուցիչներ, լիտվացի հասարակական-քաղաքական գործիչներ:

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, բարոյական պատասխանատվություն է կրում՝ իր ներդրումն ունենալու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Այս համատեքստում դեսպանը նշեց, որ 2013, 2015, ինչպես նաեւ 2018թ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվել են Հայաստանի կողմից նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւեր, որոնց համահեղինակ է դարձել նաեւ Լիտվան, ինչի համար Հայաստանը շնորհակալ է։

Անդրադառնալով ներկայացվող գրքին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրքում ներկայացվում են Առաջին աշխարհամարտում ինչպես Օսմանյան կայսրության հակառակորդների, այնպես էլ չեզոք ու դաշնակից երկրների դիվանագետների վկայությունները, որոնց հիման վրա կարելի է եզրահանգել, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է կանխամտածված եւ մանրամասն ծրագրավորված հայերի բնաջնջման քաղաքականություն։

«Գրքում ներառված բոլոր փաստաթղթերից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրությունում հայերի բռնագաղթին եւ կոտորածներին առնչվող 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարության վրա, որտեղ նշվում է, թե Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի հայերի նկատմամաբ իրականացված հանցագործությունների համար։ Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից միջազգային իրավական համակարգի անբաժան հասկացություն»,- եզրափակեց դեսպանը:

Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանի տնօրեն Մարկաս Զինգերիսն իր ելույթում նշեց. «Հրեաների պատմությունը, որը նույնպես լի է տառապանքներով, հետապնդումներով եւ ողբերգություններով, մեզ պարտադրում է, որպեսզի մենք կիսենք այլ ժողովուրդների ողբերգությունները, քանզի դա բխում է բարոյական տարրական չափանիշներից։ Իսկ մեր բարոյականությունը մեզ հուշում է այսօր՝ ապրիլի 24-ին, հիշատակել հայերի ողբերգությունը»: Զինգերիսը կարեւորեց Լիտվայի կողմից 2005թ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը:

Ելույթ ունեցավ նաեւ Լիտվայի Սեյմասի պատգամավոր, Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Պովիլաս Ուրբշիսը, ով իր խոսքում նշեց. «Մենք պետք է առերեսվենք իրականությանը եւ պետք է արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակրթության խնդիր է՝ այդպիսով մարդկությանն ազատելով այդպիսի հանցագործությունների կրկնություններից»:

Միջոցառման շրջանակում գրքի խմբագիր, հունգարացի ցեղասպանագետ Եվա Մերենիչսը ներկայացրեց գրքի կառուցվածքը, դրանում ներառված վկայությունների ընտրության մեթոդաբանությունը. «Կասկածից վեր է, որ նշված աղբյուրները հավաստի են», նշեց Եվա Մերենիչսը:

Զեկույցով հանդես եկավ Երուսաղեմի Վան Լեր ինստիտուտի թուրք հետազոտող Ումիթ Կուրտը, ով ընդհանուր անդրադարձ կատարեց հայոց ցեղասպանության աղբյուրագիտությանը, ներառյալ պաշտոնական փաստաթղթերին, ցեղասպանագիտության աղբյուրագիտական հետազոտությունների զարգացման ընթացքին։ Հայեցի ցեղասպանությունը թուրք պատմաբանը որակեց որպես Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ողբերգությունը։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց «Կապույտ գիրքը. Հայոց ցեղասպանության վկայություն» բրիտանական փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը (Բալիստա հայտնի ընկերության նկարահանած եւ Դեն Սնոուի ներկայացմամբ)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ