«Նիկոլ Փաշինյանը երկու իդեա ֆիքս ունի». Տիգրան Քոչարյան

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Սա իրարամերժ գնահատականների արժանացավ:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը համոզված է, որ Հրայր Թովմասյանի հետ կապված գործընթացները քաղաքական են, և ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը երկու իդեա ֆիքս ունի՝ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ից և կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին:

Ըստ նրա` Հրայր Թովմասյանի հեռացումը կապված է ոչ թե Ռ. Քոչարյանի գործի հետ, այլ խորքում ունի Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը:

«Զգացվում է, որ իշխանությունը լծակներն օգտագործում է, որպեսզի հասնի այդ երկու նպատակին: Շատերը կարծում են, որ Հրայր Թովմասյանի հեռացումը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործին խոչընդոտելով, սակայն այլ հանգամանքներ կան, որոնցից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն է, որը Փաշինյանը ժամանակավորապես կարողացել է հետաձգել: Պարտավորությունը ստանձնած է, Ստամբուլյան կոնվենցիան այսպես թե այնպես պետք է ընդունել»,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ հիշեցնելով այդ կոնվենցիայի հակասահմանադրական դրույթների մասին:

Նա տարօրինակ համարեց դաշտ նետված այն թեզը, թե ժողովուրդը չի սիրում, չի վստահում Սահմանադրական դատարանին.

«Դատական իշխանությունները հենց նրա համար է ստեղծված, որ դատարանը ոչ թե առաջնորդվի  հանդիստատեսի հմայքով, այլ որոշումներ ընդունի՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են: Այնքան աբսուրդներ կան, որ պետությունը կարելի է համարել աբսուրդապետություն»:

Մենուա Հարությունյանն էլ նկատեց, որ ՍԴ նախագահը պատմության մեջ մնալու է որպես պետական պաշտոնյայի սիմվոլներից մեկը. «Բացառիկ պետական գործիչներից է, որ որոշում կայացրեց՝ իր բաժին առաջին գիծը չլքելու: Այլ ոչ թե մեկ ուրիշ դատավորի նման փախավ իր առաջին գծից և հակասահամանդրական որոշում կայացրեց: Նիկոլը շատ անկեղծ է և ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր ծառայում են օրենքին, կարող են հեռանալ, իսկ նրանք, ովքեր պատրաստվում են ծառայել Նիկոլի կամքին և դառնալ կամակատար, նրանք կարող են մնալ: Սա է պատճառը, որ նույն պառլամենտի կողմից ընդունված դատախազն այսօր դարձել է լեգիտիմ, իսկ  նույն պառլամենտի կողմից է ընդունված ՍԴ դատավորը համարվում է ոչ լեգիտիմ»:

Մ. Հարությունյանը պնդում է, որ խնդիրը դատական իշխանության բռնազավթումն է:

Խնդիրը շատ հասկանալի է՝ ամեն գնով բռնազավթել դատական իշխանությունը. «Ոչ թե կռիվը գնում է Նիկոլ Փաշինյանի ու Հրայր Թովմասյանի, Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, այլ կռիվը Հայաստանի ու Նիկոլ մեջ է. նա մարտահրավեր է նետել ՀՀ քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացների հետևանքով մեր քաղաքացիները սկսելու են ավելի վատ ապրել»,- ասում է նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ նախագահի լիազորությունների կասեցնելու վերջնական որոշումը ՍԴ դատավորները պիտի կայացնեն, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հույս հայտնեց, որ ՍԴ դատավորները կդիմանան ճնշումներին՝ հիշեցնելով Չերչիլի հայտնի խոսքերը. «Եթե երկիրը պատերազմի ու խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, որպեսզի խուսափի պատերազմից, ապա վերջնարդյունքում նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս