Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպան այս անգամ Հայաստանին չի հասկանա

Քաղաքականություն
eu_armenia

Եվրոպացի պաշտոնյաները չափից ավելի զուսպ են Արեւելյան գործընկերության համաժողովի նախօրեին։ Նրանք  չեն ցանկանում մեկնաբանություններ անել տեսախցիկների առաջ Հայաստանի հետ կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի    վերաբերյալ, քանի դեռ չի ստորագրվել այն։ Ի տարբերություն հայկական հարցի՝ նրանք տեսախցիկներից չեն խուսափում, երբ  խոսքը վերաբերում է Ուկրաինային, որը  եւս չորս տարի առաջ  Վիլնյուսում  չստորագրեց ԵՄ-ի հետ փաստաթուղթ, բայց շատ արագ  հասարակական ճնշման արդյունքում շտկեց իրավիճակը, եւ ներկայումս Եվրամիության հետ հարաբերություններում մի քանի քայլ առաջ է մեր երկրից։  Բրյուսելում  փակ հանդիպումների ժամանակ եվրոպացիները կարծես թե նյարդայնանում են, երբ լրագրողներից որեւէ  մեկը հարցնում է՝ որքանո՞վ են վստահ , թե Հայաստանն այս անգամ կստորագրի փաստաթուղթը։   Իրենց համար անհասկանալի են նման կասկածները Եվրամիության «շռայլ քայլից» հետո, երբ դռները փակելու փոխարեն նոր  հնարավորություն է  տրվել մի երկրի,  որը 2013թ-ին երկարատեւ բանակցություններից հետո հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Դեռ ավելին, հավելում են՝ Եվրամիությունը համբերատար սպասել է, թե ինչ տեղ կմնա իր համար ԵԱՏՄ-ից հետո։  Չնայած Հայաստանը տնտեսական այլ կառույցի անդամ է, Բրյուսելում վստահեցնում են, թե ջանք չեն խնայելու բիզնես պայմանների բարելավման համար։  Այստեղ ուզում են չհավատալ, թե նախաստորագրմանը հաջորդած արարողակարգային 9-ամսյա գործընթացից հետո  Հայաստանը կարող է հրաժարվել փաստաթուղթը ստորագրելուց։ Եվրոպական կառույցների մայրաքաղաքում պնդում են, թե Հայաստանը չստորագրելու պատճառ չունի, գոնե իրենք նման տեղեկատվության  չեն տիրապետում։ Պաշտոնյաներին ակնհայտորեն դուր չի գալիս, երբ փորձ է արվում Հայաստանի հետ կնքվելիք պայմանագիրը կապել ԱԼԳ  հուշագրի հետ, որի հակամարտության վերաբերյալ դրույթների պատճառով համաձայնության  չեն գալիս Հայաստանն ու   Ադրբեջանը։ Հուշագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները համաժողովից մեկ օր առաջ դեռեւս շարունակվում են, ակնարկներից կարելի է կռահել, որ վերջին պահին էլ կարող են փոփոխություններ լինել, եւ ոչ միայն հակամարտող այս երկու երկրի կողմից։  Ո՞վ կարող է կռահել, թե պետությունների ղեկավարների մտքով ինչ կանցնի,- կատակեց մի պաշտոնյա՝ որեւէ մեկի անունը չտալով։ Կարինե Ասատրյան  Բրյուսել