Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մրցույթ, համերգ, կինոփառատոն. Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում բազմաժանր միջոցառումներ կանցկացվեն

Մրցույթ, համերգ, կինոփառատոն. Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում բազմաժանր 
միջոցառումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում համերգային երեկոներ, կինոցուցադրություններ, մրցույթներ, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ և այլ մշակութային նախաձեռնություններ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի կարևորը մասը կլինի «Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը»,  որն անցկացվելու է ապրիլի 6-ից 23-ը «Մոսկվա» կինոթատրոնում:  «Փառատոնը կազմակերպում ենք  Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի դեսպանությունների հետ գործակցությամբ: Ֆրանսերենով ներկայացնելու ենք տասը ֆիլմ՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով: Ներառվել են դրամա, կատակերգություն, փաստավավերագրություն,  անիմացիա և այլ ժանրերի ժամանակակից կինոնկարներ»,-ընդգծեց դեսպանն ու հավելեց, որ փառատոնի բացմանը՝ ապրիլի 6-ին, կցուցադրվի Ալեքսի Միխալիկի «Էդմոն» ֆիլմը, իսկ փակմանը՝ապրիլի 13-ին, կներկայացվի Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան»  կատակերգությունը:

Ջոնաթան Լաքոտը կարևորեց այն, որ ապրիլի 10-ին փառատոնի շրջանակում ցուցադրվելու է Վենսան Սորելի «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական կյանքի մասին: Ֆիլմի ավարտից հետո տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Փելեշյանի հետ:

Նախատեսում են ցուցադրություն կազմակերպել նաև Գյումրիում: Ապրիլի 10-ին Գյումրիի Կազա կենտրոնում կներկայացվի Միշել Օսելոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմը:

Դեսպանն ընդգծեց, որ մարտի 13-ից ապրիլի 18-ը դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող  CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի  և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կկազմակերպի «Ապրողները: Խաչվող հայացքներ. Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կներկայացնի ֆրանսիացի և հայ երիտասարդ լուսանկարիչներ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին:

Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսին հաջորդելու է հաջորդ տարի հայ լուսանկարիչների մասնակցությամբ Ֆրանսիայում  նախատեսված ցուցահանդեսը:

Լաքոտը տեղեկացրեց, որ մարտի 20-ին կտրվի Ֆանկոֆոնիայի մրցույթների մեկնարկը, որոնց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները: Նրանց կառաջարկվի պատրաստել առավելագույնը 3 րոպե տևողությամբ տեսանյութեր 2021 թվականի մրցույթի թեմայի շուրջ՝ «Ասա տասը բառ, որտեղ օդի պակաս չկա» խորագրով:

Ֆրանկոֆոնիայի շրջանակում «Սաթե-Աթղը» թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և կներկայացնի «Սասնա Ծռեր» հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացումը: Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում հանդիսատեսը կարող է բացահայտել այս ներկայացումը, որը միջմշակութային երկխոսություն է և որտեղ տարբեր ծագում ունեցող դերասանները, հեքիաթասացները, երաժիշտները հանդիսատեսին ճամփորդության կտանեն Կովկասից Աֆրիկա: Ներկայացվելու է երեք երգ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ:

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ապրիլի 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կկազմակերպի դասական երաժշտության համերգ, որում կներկայացվեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Մարտի 24-ին էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կկազմակերպի «Ֆրանսիայի համար՝ սիրով»  համերգը: Երեկոյին կհնչեն հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի և Շառլ Գունոյի օպերաներից:

«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ կանցկացվի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի կողմից: Երեկոն տեղի կունենա մարտի 31-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

«Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցելու պատմությունը բավականին նոր է, բայց Հայաստանը սրտով Ֆրանկոֆոն երկիր է, կատարել է ֆրանկոֆոն լինելու ընտրություն և պարտավորվել է տարածել ֆրանսերենը, ընտրություն է կատարել հետևելու և յուրացնելու Ֆրանկոֆոնիայի մշակութային արժեքները, որոնք ենթադրում են բազմազանություն»,-շեշտեց դեսպան Լաքոտը:

Նա շնորհակալություն հայտնեց այն հովանավորներին, մասնավորապես «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը, որն առիթն օգտագործում է հայ-ֆրանսիական համագործակցությանն աջակցելու համար:  

Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանն ասաց, որ մեծ ծրագրի մասնակից լինելն  իրենց համար շատ կարևոր է, քանի որ ֆրանս-հայկական ձեռնարկություն են: «Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնաքարերից են կրթությունն ու մշակույթը: Երբ Ֆրանսիայի դեսպանությունից մեզ առաջարկեցին մասնակցել այս նախաձեռնությանը, սիրով համաձայնեցինք: Սա մշակութային ծրագիր է, որը հետաքրքիր է հայ մշակութասեր հանրությանը»,-նշեց Մազեջյանն ու հավելեց, որ դեսպանության հետ աշխատանքը շարունակական բնույթ կունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]