«Պետք չէ շտապել, ժամանակից առաջ անցնել». Կամո Արեյանը Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստին ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները բարձրացրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քննարկվող հրաժարականի հարցը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստը վարող Կամո Արեյանին հարց ուղղեց, թե որքան դեռ պետք է շարունակի գործել այս ավագանին:

«Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցով մենք մտահոգ ենք, այս փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցուցաբերում, բայց գոնե Երևան համայնքի քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե դեռ որքան պետք է գործի այս ավագանին և քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան ինչ ժամկետներում առաջադրումներ կատարել»,- նշեց նա:

Հարցին ի պատասխան՝ Կամո Արեյանը հորդորեց ժամանակից առաջ չանցնել: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց ձեր ելույթում կար պատասխան` չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ, պետք է ապավինել այս կոչին»,- ասաց Արեյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նիստի սկզբում նշեց, որ Տարոն Մարգարյանը նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Մամուլում մի քանի օր շրջանառվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չէր հաստատել լուրը:

FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք)-ը հունիսի 25-ին հրապարակել էր տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

Տեսանյութեր

Լրահոս