Փաշինյան․ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների համար

Փաշինյան․ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը, խոսելով ապաշրջափակման մասին, հաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Հայաստանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ Ռուսաստան, Իրան տեղափոխելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»,-ասել է նա:

Նա նշել է, որ կողմերն աշխատանքային ռեժիմով քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում՝ մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ներկայացրել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում՝ որակելով այն լարված, և նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

«Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, այդ մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ»,-ասել է վարչապետը։

Ի պատասխան Պուտինն ասել է, որ ՌԴ դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ չի փոխվել։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»,-ասել է Պուտինը։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---