1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երբ ազատ է արարման ոգին

Երբ ազատ է արարման ոգին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամենակարեւորը ինձ համար եղել եւ մնում է ազատ ստեղծագործելու հնարավորությունը, այսինքն՝ ստեղծագործել այնպես, ինչպես ես եմ զգում եւ հասկանում՝ անկախ պատվիրատուների ճաշակից եւ որեւիցե կարծիքից: Իմ արվեստի վրա առավել ազդեցություն ունի այն ինտելեկտուալ պաշարը, որը ստացել եմ ամբողջ կյանքիս ընթացքում կարդացածս գրքերից, տեսածս ֆիլմերից, լսածս երաժշտությունից, տաղանդավոր մարդկանց հետ շփումներից, իմ կյանքում եղած տարբեր իրադրություններից, ինչն իր հետքն է թողել իմ արվեստում: Ես եղել եմ շատ զգայուն այն ամենի նկատմամբ, որը տեղի է ունեցել իմ շրջապատում եւ աշխարհում: Ե՛վ լավը, եւ՛ վատը, եւ՛ ուրախությունը, եւ՛ տխրությունը, եւ՛ դեպրեսիվ վիճակները չէին կարող ինձ անտարբեր թողնել: Կարծում եմ՝ նաեւ դա է պատճառը, որ իմ տարբեր շրջանների աշխատանքներն իրենց ոճային արտահայտմամբ տարբերվում են իրարից: Սակայն կարելի է ասել` վերացական եւ սյուռեալիստական զգացողությունները միշտ էլ ներկա են եղել իմ արվեստում…»:

 

Արամ ԻՍԱԲԵԿՅԱՆ

 

Նկարիչների միությունում ցուցահանդեսները հաջորդում են միմյանց: Եվ դա լավ է, քանզի, անկախ ժամանակների մղձավանջից, մարդ արարածը ծարավի է գեղեցկության՝ թոթափելու համար օրերի ծանր փոշին:

Եվ ահա հերթականը՝ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր ծննդյան 70-ամյա հոբելյանը նշանավորեց անհատական ցուցահանդեսով: Բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Շնորհավորանքի խոսքում, դիմելով երբեմնի իր գեղանկարիչ ուսուցչին, նա ասաց. «Սիրելի վարպետ, դժվար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց իր հաստատուն տեղն զբաղեցրած Ձեր ուրույն եւ բազմաշերտ գեղանկարչության, որն արժեւորվում եւ ճանաչելիություն է վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ ողջ աշխարհում: Նվիրական է Ձեր աշխատանքը եւ անձնուրաց ներդրումը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայացման եւ զարգացման գործում: Ձեր բազմաթիվ ստեղծագործությունները զարդարում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններ եւ մասնավոր հավաքածուներ՝ պատիվ բերելով մեր ժողովրդին…»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Դիմելով հոբելյարին` նա այսպես բնութագրեց գեղանկարչին. «Պարոն Իսաբեկյան, մենք, ի դեմս Ձեզ, գործ ունենք շատ ինքնատիպ արվեստագետի եւ անհատի հետ: Ես չէ, որ պիտի գնահատեմ գեղարվեստական Ձեր ժառանգությունը, բայց Ձեր վաստակը անգնահատելի է նաեւ երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, նրա ճաշակի ձեւավորման մեջ»:

Նաեւ նախարարի անունից շնորհավորելով նկարչին` Ա. Խզմալյանը նրան հանձնեց ԿԳՄՍ Ոսկե մեդալը, որից հետո խոսեց օրվա հերոսը. «Այս ամենը չէր լինի, եթե չունենայինք պետություն ու պետականություն: Մենք բոլորս պարտական ենք այս իրողությանը: Համամիտ չեմ այն արվեստագետների հետ, ովքեր համաձայն չեն ճգնաժամային օրերին նման միջոցառումներ կազմակերպելուն: Ճիշտ հակառակը՝ դրանք անհրաժեշտ են, որովհետեւ եթե մեր ոխերիմ թշնամին մտածի, որ մենք թույլ ենք այնքան, որ նույնիսկ մեր արվեստն է անկում ապրում, եւ որ մենք ամեն վայրկյան զբաղված ենք միայն իրենցով, ապա նրանք ավելի ուժեղ կզգան ու կդառնան առավել սանձարձակ: Այդպես չի կարելի. ստեղծագործողը ցանկացած պարագայում պիտի արարի, եւ ժողովուրդն իմանա այդ մասին: Ինքս առանց ստեղծագործելու չեմ պատկերացնում կյանքի իմաստը… Հավատացեք, ամեն մի կտավ ստեղծելը տառապանք է, արարումն ինքը՝ տառապանք…»:

Արամ Իսաբեկյանը երախտագիտություն հայտնեց վերոնշյալ նախարարությանը մեծարման ու գնահատանքի համար, որից հետո արվեստասերների առջեւ բացվեցին «Արա Սարգսյան» ընդարձակ ցուցասրահի դռները:

Ասենք, որ գեղանկարիչը ներկայացրել է տարաշերտ, թեմատիկ բազմազանությամբ հարուստ, գունեղ հրավառությամբ ստեղծագործությունների ուշագրավ մի ողջ աշխարհ, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի ու կհմայվի իրեն հոգեհարազատ վրձնումներով՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, սյուրռեալիստական շեշտադրումներով պատկերումներ՝ «աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված ու վերացարկված նյութականացմամբ»:  

-Գեղեցիկ է Արամ Իսաբեկյանի աշխարհը,- ասաց գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը,- այն աշխարհը, որում ամեն ոք կարող է տեսնել իրեն, եւ որը միտված է դեպի ապագան, դեպի լույսը: Դեպի ապրեցնող ու կենսատու լույսը, որին ծարավ է մարդկային հոգին… Շնորհավորում եմ նրան ու մաղթում նոր ցուցահանդեսներ հայրենիքում ու նրա սահմաններից դուրս:

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝ ակնկալելով նորոգ արարումներ:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]