Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում է:

Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: Բախտաձեն խոսել է ռուս-վրացական հարաբերությունների հիմնախնդրի՝ այդ տարածաշրջանների անկախության շուրջ վեճի մասին: Նա հիշեցրել է Ժնեւյան քննարկումների մասին եւ ասել, որ «բանակցություններն արդյունք չեն տալիս»:

Վարչապետը նշել է, որ չնայած Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, դրանց պատասխանը լինելու միայն խաղաղությունն ու երկրի զարգացումը: «Այսօր այս ամբիոնից ցանկանում եմ դիմել մեր աբխազ ու օս համաքաղաքացիներին: Վրաստանի բոլոր ձեռքբերումները ձերն են… Մենք մեր ապագան տեսնում ենք միայն ձեզ հետ միասին:

Դուք պետք է հնարավորություն ստանաք օգտվելու բոլոր այն բարիքներից, որ ունեն Վրաստանի քաղաքացիները՝ կրթությունը, բժշկությունը, անայցագիր ռեժիմը Եվրամիության հետ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանին՝ մի՛ խանգարեք եւ մի՛ խոչընդոտեք մեր խաղաղ նախաձեռնություններին»,- հայտարարել է Բախտաձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս