HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոյին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկացանք Արթուր Ասատրյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանից:

Պաշտպանը նշեց, որ Արթուր Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի, որ մեղադրանքը շինծու է:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Ասատրյանը ցուցմունք տվել է, ինչին ի պատասխան՝ Ռաֆայել Ամիրխանյանը նշեց, որ իր պաշտպանյալն այսօր մեղադրանքի շուրջ հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչպես նաև ասաց, որ նախկինում գործի շրջանակներում մանրամասն ցուցմունք տվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը: Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:

Ըստ Ռաֆայել Ամիրխանյանի՝ տեսանյութին Արթուր Ասատրյանը որևէ առնչություն չունի:

«Այդ ուղղությամբ լուրջ քննություն պետք է տարվի: Փաստացի այդ տեսանյութը հայտնաբերվել է սպանության նախապատրաստության գործով անցնող անձանցից մեկի բջջային հեռախոսից, և եթե Արթուր Ասատրյանն է դա արել, ապա ինչո՞ւ էր հետո թույլ տալիս, որ այն հայտնվի վարույթն իրականացնող մամնի ձեռքում»,- ասաց Ռաֆայել Ամիրխանյանը:

Մեր դիտարկմանը, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝ տեսանյութը հենց Դոն Պիպոն է արել և հանձնել իրավապահներին, Ռաֆայել Ամիրխանյանը նշեց, որ նման բան չկա:

Նշենք, որ «Հետքը» զրուցել է նաև «Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով ամբաստանյալների պաշտպանների հետ, վերջիններիս պնդմամբ՝ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութը  ձեռք է բերել առևանգված անձնանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության պայմաններում: Այսօր՝ ավելի ուշ, կներկայացնենք նաև պաշտպանների դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություն են իրականացրել Արթուր Սաատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք:

Խուզարկությունն իրականացվել է «Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով անցնող անձանցից երեքի ենթադրյալ առևանգման փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, սակայն  այս պահին վերջիններիս կարգավիճակի մասին տեղեկություններ չունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter