211652_close_icon
views-count5037 դիտում article-date 20:50 25-01-2019

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում զերծ մնալ քաղաքական արկածախնդրությունից

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել. «Տարիներ շարունակ, Հայաստանի Հանրապետությունում թողարկվող տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության քարտեզի հոլոգրաֆիկ պատկերը՝ առանց Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենի: Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հարցմանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայտնել է, որ «Տրանսպորտային միջոց վարելու ազգային վարորդական վկայականի դիմերեսին ստատիկ խամրած նկարի ձևով պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի մեծ ուրվագիծը»: Բացի այդ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ին է տրամադրել վարորդական իրավունքի վկայականի վրա պատկերված ՀՀ քարտեզի պատճենահանված օրինակն առանց Արծվաշենի: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն փաստում է, որ Հայաստանի Հանրապետության պետական փաստաթղթի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզի անլիարժեք պատկերումը՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություն է: Հաշվի առնելով դա, ինչպես նաև նշելով, որ ազգային վարորդական վկայականը՝ պետական փաստաթուղթ է և օգտագործվում է այլ երկրներում, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն պահանջում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել վարորդական իրավունքի վկայականի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզը լիարժեք պատկերելու ուղղությամբ: Միաժամանակ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից պահանջում է չեղարկել և հետ կանչել նախկինում՝ առանց Արծվաշենի պատկերի թողարկված վարորդական իրավունքի վկայականները: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևողական է լինելու բարձրացված խնդրի լուծման գործում և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը կոչ է անում զերծ մնալ քաղաքական արկածախնդրությունից, ինչպես նաև հարգանքով վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»: [b]«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կ.Հեքիմյան[/b]

Նմանատիպ նյութեր