×


20 հայուհի կպայքարեն «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» մրցույթներում Հայաստանը ներկայացնելու համար. ովքե՞ր են նրանք

Հայաստանը շուտով կունենա նոր գեղեցկուհիներ. «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 22-ին կանցկացնի «Միսս տիեզերք Արմենիա 2021» եւ «Միսս աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթները։ Գեղեցկուհիներին ընտրելու ընթացակարգի, չափորոշիչների եւ մրցույթների ձեւաչափի մասին BRAVO.am-ին պատմել է «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը: Երեւանում անցկացվող գեղեցկության մրցույթի ձեւաչափն այս տարի տարբերվում է նախորդից։

«Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա  նորաձեւության ցուցադրություն 3 հագուստով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան, որի ժամանակ աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան։ Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ «Մոսկվա»  կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, որին կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը»,-նշեց Գոհարը:

Վիկտորիա Բալոյան, 24 տարեկան


Տիտղոսակիր գեղեցկուհի լինելու համար մրցույթներին մասնակցում են հայուհիներ Երեւանից եւ մարզերից, ինչպես նաեւ՝  Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Իրանից: Այս տարի մասնակցում են 20 գեղեցկուհի, որոնցից 15-ը կպայքարեն «Միսս տիեզերք Արմենիա 2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս աշխարհ Արմենիա 2021»-ի։  Այս երկու մրցույթի միջազգային չափորոշիչները կանոնակարգով տարբեր են:

Համեստ Հարությունյան, 24 տարեկան


«Հարկ է նշել, որ «Միսս աշխարհ»–ում պետք է մի քանի կետով համապատասխան լինել. տարիքը՝  17-26, ընտանեկան կարգավիճակը՝ չամուսնացած,  ցանկալի է, որ աղջիկը զբաղվի սպորտով, ունենա ինչ-որ տաղանդ, բարեգործական աշխատանք իրականացնելու փորձ եւ ներգրավված լինի սոցիալական ցանցերում։ Կարեւորում են նաեւ մասնակցի հանրային խոսքն ու ասելիքը։ «Միսս տիեզերք»-ի մասնակիցը պետք է լինի 18-28 տարեկան, համարձակ եւ գեղեցիկ կազմվածքով աղջիկ։ Այս մրցույթում նույնպես կարեւորում են գեղեցկուհու խոսքն ու ուղերձը»,- ասաց Գոհարը:

Ադրիանա Գալստյան, 26 տարեկան


Վերջին տարիներին գեղեցկության մրցույթների շրջանակում ամենից շատ քննարկվող թեման վիրահատական եւ այլ միջամտություներն են: Գոհարի խոսքով՝ չափորոշիչների առումով ոչինչ չի փոխվել այս տարի.«Փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց մենք խրախուսում ենք բնական գեղեցկությունը։ Արգելք կա. եթե մենք ընտրում ենք աղջկան, դրանից հետո նա իրավունք չունի արտաքինում փոփոխություն անել»։

Լիդիա Ծատրյան, 18 տարեկան


Հաղթողները Հայաստանը կներկայացնեն գեղեցկության աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում՝ «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ»։  Ի դեպ, այս տարի մրցույթների 70–ամյակն է եւ դրանք շքեղ կանցկացվեն նոյեմբերին եւ դեկտեմբերին։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին