Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Էլիբեկյան 80. նրա գործերը ոչ թե պետք է դիտել, այլ ապրել նրանց մեջ

Ռոբերտ Էլիբեկյան 80. նրա գործերը ոչ թե պետք է դիտել, այլ ապրել նրանց մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Էլիբեկյանը 80 տարեկան է։ Հավատս չի գալիս։ Թվում է, թե երեկ էի հարցազրույց վարում անվանի գեղանկարչի հետ՝ նրա ծննդյան 75-ամյակի կապակցությամբ. այն ժամանակ նա ասաց, որ չգիտի, թե ի վերուստ նրան քանի տարվա կյանք է հատկացված, բայց հաստատ է՝ այդ տարիները նա անցկացնելու է ներկապնակի մոտ։ Նրա լավատեսությունն ինձ շատ ուրախացրեց։ Ասեմ, որ ես  պարբերաբար լինում եմ Ռոբերտի արվեստանոցում և համոզվում եմ, որ իրոք նա կատարում է իր խոստումը, նորանոր գործեր ստեղծում, ի դեպ՝ մնայուն գործեր։

Ռոբերտը մեկն է «Էլիբեկյան  նկարիչների  գերդաստանից»։ Ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին Թբիլիսիում՝ տեղի հայկական թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ Իր իսկ խոստովանությամբ, նա չի  հիշում, թե ե՞րբ է սկսել նկարել՝ մանկապարտեզում, թե առաջին դասարանում։ Բայց ստույգ գիտի, որ նկարելու ձիրքը նրան տրվել է ի վերուստ՝ ժառանգաբար։ Հիրավի, նրա հայրը՝ Վաղարշակ Էլիբեկյանը, տակավին երիտասարդ տարիներին նկարչության դասեր է վերցրել Թիֆլիսի «Հայարտանը» գործող նկարչական խմբակում, որը ղեկավարում էր ճանաչված նկարիչ Գիգո Շարբաբչյանը։ Շնորհալի նկարիչ կարող էր դառնալ նաև  Ռոբերտի Անահիտ հորաքույրը, որն իր մահկանացուն կնքեց 16 տարեկանում։

Ուզում եմ մի երկու խոսք ասել Էլիբեկյանների նկարչական գերդաստանի ստեղծման մասին։ Հայտնի է, որ գերդաստանների տարեգրությունը սկսվում է ծնողներից։ Էլիբեկյանների պարագայում ամեն ինչ հակառակն է եղել։Նախ, նկարիչ են դարձել  Վաղարշակի տղաները՝ Ռոբերտն ու Հենրին, ընդ որում որդիներից կրտսերը՝ Ռոբերտն է առաջինը դարձել նկարիչ։ Հայրը տղաներին միացել է կենսաթոշակի անցնելուց հետո։ Բայց դա չի խանգարում հենց Վաղարշակ Էլիբեկյանին համարել Էլիբեկյանների նկարչական   գերդաստանի հիմնադիր։

.…Ռոբերտ Էլիբեկյանը Թբիլսիի 43-րդ միջնակարգ դպրոցն ավարտելուց  հետո տեղափոխվում է Երևան և ուսումը շարունակում է տեղի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1965-ին ավարտելով ուսումը և անմիջապես ընդունվեց հայ գեղանկարիչների անդաստանում, շատ շուտով դարձավ յուրային հայ  գեղանկարչության մեծերի շարքում։ Հիրավի, ո՞ւմ  է հաջողվել ինստիտուտն ավարտելուց   ընդամենը մեկ տարի անց անհատական ցուցահանդես ունենալ։ Երևի թե քչերին։ Ռոբերտ  Էլիբեկյանն այդ երջանիկներից է։ 1966 թվականին Երևանի Ճարտարապետի տանը  կազմակերպվեց նրա և Սեյրան Խաթլամաջյանի անհատական ցուցահանդեսը, որի բացմանը շնորհ էին բերել հայ գեղանկարչության նահապետներ Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Հարություն Կալենցը։ Մեծն Սարյանը, որ  եղել էր Ռոբերտի ինստիտուտի  ընդունելության քննական հանձնաժողովի նախագահը և միայն նրան էր գերազանց   գնահատական նշանակել, առանձին հետաքրքրությամբ ու բծախնդրությամբ է  ուսումնասիրում սկսնակ նկարչի գործերը։ Վարպետը չի կարողանում հիացմունքը  թաքցնել։ Նա մոտենում է Ռոբերտ Էլիբեկյանին, համբուրում է ճակատը, ապա դիմում է կողքին կանգնած Մինաս Ավետիսյանին. «Մինաս, այս երիտասարդին սիրիր եղբոր պես, նա մեր ապագան է»։  Այդ օրը Ռոբերտը երբեք չի մոռանում։ Նա իրեն յոթերորդ երկնքում էր զգում։ Մարտիրոս Սարյանը հանձինս այդ երիտասարդի տեսել էր հայ գեղանկարչության   ապագա վարպետի։ Ռոբերտը ողջ ստեղծագործական կյանքում ձգտել է արդարացնել Վարպետի կանխատեսումը։ Նա լիովին արդարացրել է Վարպետի հույսերը։ Այսօր Ռոբերտը Հայաստանի  լավագույն  նկարիչներից մեկն է, որի աշխատանքներն իրենց տեղն ունեն Հայաստանի պետական պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի պատմության, Փարաջանովի, Սուրբ Աթոռ Էջմիածին, Վենետիկի Մխիթարյան Միաբանության թանգարաններում, Մատենադարանում, ինչպես նաև այնպիսի աշխարհահռչակ թանգարանների ու  պատկերասրահների մշտական ցուցադրանքի շարքերում, ինչպիսիք են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանը, Փարիզի Ելիսեյան պալատի, Վաշինգտոնի Սպիտակ տան պատկերասրահները, Դետրոյթի Ալեք Մանուկյան թանգարանը և այլն։ Նա մշտապես համագործակցում է Կանադայի և Ֆրանսիայի   պատկերասրահների հետ, որտեղ ցուցադրվում են նրա նոր աշխատանքները։

Բացի նրանից, որ Ռոբերտը տարբեր երկրներում  բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել, բայց նա շատ է հպարտանում Էլիբեկյաններ գերդաստանի համատեղ ցուցահանդեսներով։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, այնուհետև նույն ցուցադրանքին ծանոթացել են Մոսկվայի արվեստասերները, ապա նաև գերմանական Վիսբադեն քաղաքի արվեստասերները:

Պետք է նշել, որ հայր Էլիբեկյանը և նրա որդիները տարբեր ոճի նկարիչներ են, բայց  բոլոր արվեստագետները միահամուռ են մի հարցում. նրանք բոլորն էլ պնդում են, որ բոլոր Էլիբեկյաններն այս կամ այն չափով հրապուրված են թատրոնով: Թատրոնը նրանց կուռքն է, աստվածը։ Նրանք  կարողանում են թատրոնը տեսնել ամենուր, ավելին՝՝ նրանք միշտ էլ փնտրում են թատրոնը։ Թատրոնը նրանց համար ոգեշնչման աղբյուր է, մեծագույն  ուրախություն։

Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը ավանդականի և արդիականի միացության վառ օրինակ է։ Այդ առումով նրա արվեստը ավելի մոտ է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստին։ Եվ դա հասկանալի է. տակավին 18 տարին նոր բոլորած Ռոբերտն առաջին անգամ  այցելում է 20-րդ դարի լավագույն թիֆլիսահայ  նկարչի արվեստանոցը, այնպիսի մի հզոր լիցք է ստանում, որը նրա մեջ գրեթե հեղափոխություն է անում։ Ռոբերտ Էլիբեկյանի գործերում նույնպես կինը դառնում է գրեթե միակ դերակատարը։ Կնոջ դիտողականությունը, պասիվությունը հակադրվում են տղամարդու ակտիվությանը, բայց հենց ունայնությունից զերծ լինելու բերումով կինը հանդիսանում է հոգևորի և քնարականության կրողը։

Խոսելով Էլիբեկյան նկարիչների նախասիրությունների մասին՝ մենք վերը նշեցինք, որ նրանք բոլորն էլ հրապուրված  են թատրոնով։ Հիրավի, թատրոնը, ինչպես նաև կրկեսը, Ռոբերտի գլխավոր սերն են։ Նա նկարում է դերասանուհիներին ոչ թե բեմում, այլ կամ ներկայացումից առաջ, կամ՝ էլ՝ հետո, երբ նրանք հանգստանում են կամ սպասում իրենց ելույթին։ Չնայած դրան, նրանք մարմնավորում են թատրոնի կամ կրկեսի ոգին։

Ռոբերտ Էլիբեկյանը հիանալի  թատերական նկարիչ է։ Նրա ձևավորմամբ բեմադրվել են քսանից ավելի ներկայացումներ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական, Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Կամո քաղաքի դրամատիկական, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոններում։ Մասնավորապես, Սպենդիարյանի անվան թատրոնում նա ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի», նաև՝ Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա», Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն», Մինկումի  «Դոն Քիշոտ» բալետները, Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։

Հետաքրքիր է, որ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվել է ոչ միայն Երևանում, այլև Կահիրեում (Եգիպտոս), Գդանսկում (Լեհաստան), Ռուսեում (Բուլղարիա)։ Եվ դրանց բոլորի ձևավորումը պատկանում է Ռոբերտ Էլիբեկյանին։ Անվանի նկարիչը ձևավորել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Խաթաբալա» (Մինաս Ավետիսյանի հետ), «Հայկական որմնանկարներ» գեղարվեստական ֆիլմերը։ Նա անգամ Նիժնի Նովգորոդի կրկեսում ձևավորել է Միքայել Բաղդասարովի «Սասունցի Դավիթ» ներկայացումը։ Նրա էսքիզներով են կարվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի և Պարի պետական անսամբլների զգեստները։

Պատահական չէ, որ Ռոբերտ Էլիբեկյանը Հայաստանի պետական մրցանակի է արժանացել հենց բեմանկարչության համար, երբ Մինաս Ավետիսյանի հետ ձևավորեց Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։

Հետաքրքիր է իմանալ Ռոբերտ Էլիբեկյանի ավագ  գործընկերոջ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կարծիքը. «…Երեսուն տարի է հետևում եմ իր նկարներուն, ըլլա Հայաստանի հողի վրա, ըլլա ուրիշ երկրներուն ցուցահանդեսներուն մեջ, տպագրված  գիրքերու մեջ ես Ռոպերտ Էլիբեկյանի նկարներու նման ուրիշ նկարիչներու գործեր չեմ տեսել։ Ռոպերտը ինքնատիպ նկարիչ  է։ Այս արդեն մեր վարպետին մեծ արժանիքն է  և հարստությունը՝ մեր ազգային մշակոյթին։ Վստահորեն կարող եմ հայտարարել, որ հանձինս Ռոպերտ Էլիբեկյանի մենք ունենք փայլուն աստղ մը, առանց որի դժվարին է պատկերացնել հայ ժամանակակից արվեստը»։

Հիրավի, արժանի գնահատական մի նկարչի արվեստի, որի գործերը ոչ թե պետք է դիտել, այլ ապրել նրանց մեջ՝ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծած աշխարհում…

 

Լևոն Ազրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]