Արցախի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը

Արցախի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակելու է օրակարգային մնալ։ Այդ մասին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Բաբայանը քիչ հավանական է համարել նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ»,- ասել է արտգործնախարարը՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, գրում է Արմենպրեսը։

Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է. «Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն: Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել», տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:

Պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների հաղթահարման և վերականգնման համատեքստում Բաբայանը կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

«Մեր պատմության մեջ բացվել է դառը, մղձավանջային մի էջ: Բայց մենք չպիտի վհատվենք ու հուսահատվենք: Մենք կարող ենք ապաքինվել, պետք է կազմակերպվենք, յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքով վերականգնվենք»,- նշել է նա։

Բաբայանը կարևորել է երիտասարդության ներուժն ազգային իղձերի իրականացման գործում:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, արձագանքելով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի ամռանը «Ստեփանակերտն անցնելու է Բաքվի հսկողությանը», հայտարարել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---