Thursday, 28 03 2024
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»

Պնախարարը արձակել է հույժ գաղտնի՝ 0038 հրամանը, որով իրավական տեսք է տրվել նախագահի հանձնարարականին. Հայկազ Բաղմանյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է ՀԱՊԿ զորքերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ցուցմունքը։

2008թ․ մարտի 1-ի, դրան հաջորդող և նախորդող իրադարձությունների մասին կարող եմ հայտնել հետևյալը։

Իմ հիշելով՝ 2008թ․ փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով հաղթող ճանաչվեց վարչապետ Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո, կոնկրետ օրը չեմ հիշում, սակայն գուցե դա փետրվարի 22-ին էր, օպերատիվ հերթապահի միջոցով հրահանգ ստացա այն մասին, որ պետք է ներկայանամ գերագույն գլխավոր հրամանատարի հրավիրած խորհրդակցությանը, որը, իմ հիշելով, նախագահական նստավայրում էր։ Այնտեղ ես հանդիպեցի, ինչքան հիշում եմ, այն ժամանակվա բանակային զորամիավորումների հրամանատարներին, սակայն չեմ հիշում, թե ովքեր էին ԲԿ հրամանատարներից այնտեղ։ Հիշողությանս մեջ տպավորվել է, որ այնտեղ էր Գագիկ Մելքոնյանը, որի հետ մտել եմ խորհրդակցությունների դահլիճ։ Մնացածի մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ հիշողությանս մեջ չի տպավորվել։ Մտնելուց հետո, երբ որոշ ՊՆ ղեկավարական կազմի անդամների բարևեցի, դրանից հետո դուրս եկա, խորհրդակցությանը չեմ մասնակցել, քանի որ արտասահմանից հյուրեր ունեի և գնացել եմ նրանց մոտ։ Այնուհետև, եթե չեմ սխալվում, հաջորդ օրը բանակային զորամիավորումը ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի քաղվածքը՝ մեզ վերաբերող մասով, որին ծանոթացել եմ անձամբ, որից հետո այն մակագրել եմ շտաբի պետ Ալբերտ Քարամյանին։ Հիշում եմ, որ քաղվածքում նշված է եղել, որ 120-րդ օպերատիվ խմբից, իմ հիշելով, 80 հոգի պետք է ուղարկել Երևան՝ նոր ստեղծված արտահաստիքային կորպուսի հրամանատարության տակ, որի հրամանատարը, իմ հիշելով, նշանակված էր Յուրի Խաչատուրովը։ Հրամանի համաձայն, նաև իմ հիշելով, ՀՀ ողջ զորքը բերվել է զորանոցային վիճակի։ Ես անմիջապես հանձնարարել եմ նաև իմ սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Էդվարդ Տոնոյանին՝ մեկնել Արդանիշ և նախապատրաստել 120-րդ օպերատիվ խումբը երթի։ Վերջինս մեկնել է, կատարել իր առաջադրանքը և զեկուցել այն մասին, որ գումարտակը մեկնել է Բալահովիտ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 55076 զորամաս։ Իմ հիշելով՝ բոլոր զինծառայողները եղել են մեկ գումարտակից, սակայն թե որ գումարտակն էր, այս պահին չեմ հիշում։ Առանձին հրահանգներ ես չեմ տվել և բավարարվել եմ միայն նրանով, ինչը նախատեսված է եղել հրամանով։ Տեղյակ եմ նաև, որ Մուրադ Աբրահամյանը, որը ղեկավարել է երթը, ինչպես նաև ողջ անձնակազմը, զինված են եղել իրենց ամրակցված ինքնաձիգերով, իսկ փամփուշտները եղել են արկղերի մեջ՝ կնքված վաշտերի հրամանատարների կողմից։ Դրանից հետո ես այլևս տեղյակ չեմ եղել, թե 120-րդ օպերատիվ խումբը Բալահովիտում է մնացել մինչև վե՞րջ, թե՞ ոչ, ինչպես նաև այնտեղից որևէ տեղ մեկնե՞լ է, թե՞ ոչ, քանի որ 120-րդ օպերատիվ խմբի անմիջական ղեկավարումը ինձ վրա դրված չի եղել և հրամանատարությունից դուրս է եղել, քանի որ փաստացի գործուղված է եղել այդ անձնակազմը։ Դրանից հետո հիշում եմ, որ մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, երկու անգամ, սակայն օրերը չեմ հիշում, մեկնել եմ կառավարության շենք, որտեղ տեղակայված էր կայազորի պետի աշխատակազմը, որտեղ գնացել եմ իմ նախաձեռնությամբ, առանց որևէ մեկի կարգադրության, տեղյակ եմ եղել, որ այնտեղ հիմնականում բանակի ղեկավար կազմն է, և մտնելով՝ բարևել եմ ու գնացել, որևէ մեկի հետ չեմ զրուցել, որևէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել, անգամ չեմ հիշում, թե այնտեղ այդ ժամանակ ում եմ հանդիպել; Հիշողությանս մեջ տպավորվել է, որ այնտեղ մտնելու ժամանակ ինձ ստուգել են ազգային անվտանգության աշխատակիցները։ Այդ ժամանակ նաև մենք խնդիրներ ենք ունեցել Քարվաճառի բրիգադում, այնտեղ, իմ հիշելով, ձնհալոցքի տակ էին մնացել երկու զինծառայող, բացի դրանից՝ կորպուսում իրականացվում էր մարտական հերթափոխ, և ես հիմնականում գտնվել եմ բանակային կորպուսում կամ կայազորի տարածքում։ Որևէ կապ 120-րդ օպերատիվ խմբի հետ չեմ ունեցել, իսկ նրանք իրենց հանձնարարականները, եթե այդպիսիք եղել են, ստացել են Երևանի կայազորի աշխատակազմից։ Հիշում եմ, որ մարտի 1-ին գտնվել եմ Քարվաճառում՝ մարտական հերթափոխի։ Այդ հանգամանքն իմ մեջ լավ է տպավորվել, քանի որ դրանից հետո մեկնել ենք կայազորի տարածքում գտնվող Քարվաճառի տաք ջուր, որտեղ հացկերույթի եմ մասնակցել։ Կարճաղբյուր վերադարձել եմ մարտի 2-ին, որտեղ կորպուսի օպերատիվ հերթապահն ինձ զեկուցեց, որ բազմիցս զանգահարել են ինձ և հարցրել, սակայն չեմ հիշում՝ պաշտպանության նախարա՞րը, թե՞ գլխավոր շտաբի պետը։ Անհապաղ հետ զանգահարեցի, ինձ հարցրին, թե որտեղ էի, ես, ի պատասխան, ասացի, որ գնացել էի մարտական հերթափոխ իրականացնելու։ Դրանից հետո, իմ հիշելով՝ մարտի 3-ին կամ 4-ին, գրավոր հրաման ենք ստացել այն մասին, որ Երևանի կայազորի պետի տրամադրության տակ պետք է ուղարկել 100 հոգի՝ Ճամբարակի գնդից և 100 հոգի՝ Վարդենիս Զոդից։ Ես անմիջապես հրամանատարների առջև խնդիր դրեցի, որ անձնակազմը նախապատրաստեն երթի, իսկ իմ տեղակալ Վահան Արսենյանին հանձնարարեցի դիմավորել Վարդենիսից եկող զորքին, որից հետո շարժվել եմ Սևան, այնտեղ դիմավորել նաև Ճամբարակից մեկնող զորքին և մեկնել Երևան՝ ներկայանալով կայազորի պետի աշխատակազմին։ Դրանից հետո զորքը մեկնել է։ Մի քանի օր անց ես մեկնել եմ Երևան, որտեղ Վահան Արսենյանի հետ շրջայց կատարեցինք զորքերի տեղակայման վայրերում, մասնավորապես՝ «Սասունցի Դավիթ» կայարանում, Մարզահամերգային համալիրում, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ և Հերացի ու Մյասնիկյան փողոցների հատման վայրում։ Այնտեղ ստուգեցի զորքի վիճակը և վերադարձա Կարճաղբյուր։ Ինչքան որ հիշում եմ՝ դրանից հետո հաջորդող օրերին, երբ գնում էի Երևան, այնտեղ շրջում էի զորքի մոտ և հավաստիանում, որ ամեն բան նորմալ է։ Այնուհետև չեմ հիշում, թե մարտի քանիսին զորքը վերադարձավ մշտական տեղակայման վայր։ Մարտի 1-ի դեպքերի և ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկացել եմ մարտի 2-ին, կորպուսում՝ անձնակազմից։ Մասնավորապես հայտնեցին, որ Երևանում բախումներ են տեղի ունեցել, նաև եղել են կրակոցներ, սակայն թե ինչ հանգամանքներում և ում միջև՝ այդ ժամանակ որևէ բան չիմացա։ Հետագայում հեռուստացույցից տեղեկացա դեպքի մասին այն, ինչ հրապարակվեց։

Հարց- Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 55076 զորամասում 120-րդ օպերատիվ խմբի գտնվելու ժամանակ այցելել եք այնտեղ, որի ժամանակ զորքին տեղեկացրել եք, որ Երևանում տեղի ունեցող ցույցերի ցուցարարների մեծ մասը քրեածին տարրեր են և նպատակ ունեն պառակտել երկիրը, ուստի անձնակազմը պետք է մասնակցի ցուցարարների հանցավոր գործողությունների կանխմանը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Նման բան չի եղել և չէր կարող լինել, նման իրավասություն չեմ ունեցել, քանի որ զորքը գտնվել է Երևանի կայազորի պետի տրամադրության տակ։ Իսկ ինչ վերաբերում է Բալահովիտ այցելելուն, ապա նման բան ուղղակի չի եղել։ Իմ ենթակայությունից դուրս գալուց հետո մինչև վերադարձ ես 120-րդ օպերատիվ խմբի անդամներին չեմ տեսել։ Վերադառնալուց հետո, երբ Մուրադ Աբրահամյանը ներկայացել է ինձ, այնտեղ պատմեց, որ Մարտի 1-ի ժամանակ ինքը եղել է Լեոյի փողոցում, և որ այնտեղ իրեն ուղարկել են Երևանի կայազորի պետի աշխատակազմից, իրեն ուղեկցել է ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, սակայն նա ինձ ասել է, որ ինքը որևէ մասնակցություն իրադարձություններին չի ունեցել։

Հարց- Իսկ անգնդակ փամփուշտներ 120-րդ օպերատիվ խմբի մոտ եղե՞լ են, թե՞ ոչ։ Առհասարակ 120-րդ օպերատիվ խումբը անգնդակ փամփուշտներով համալրված եղե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Սովորաբար բոլոր զորամասերում լինում են անգնդակ փամփուշտներ՝ կապված մարտական պատրաստության դասընթացների հետ։

Հարց- Իսկ Մուրադ Աբրահամյանը ժողովրդի հետ իր խմբի բախումների մասին որևէ տեղեկություն Ձեզ հայտնե՞լ է, թե՞ ոչ, մասնավորապես իր և այլ ծառայողների կողմից արձակած կրակոցների վերաբերյալ ևս։

Պատասխան- Նման տեղեկություններ նա չի հայտնել, նա ասել է այն, ինչ նշեցի վերը։ Նա նաև պատմել է, որ Լեո փողոցում գտնվելու ժամանակ իր խմբի՝ թվով 2 ավտոմեքենաների վրա այրվող շշեր են նետել հարակից շենքերից, որի արդյունքում ավտոմեքենաների բրեզենտե ծածկերն այրվել են։ Դրանից հետո, նրա ասելով, իրենք հետ են քաշվել դեպքի Սարյան փողոցի ուղղությամբ՝ Լեո փողոցի վերջնամաս։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մարտի 1-ի դեպքերի ավարտից հետո այդ առթիվ հարուցված սույն քրեական գործով հարցաքննության կանչվելուց առաջ Մուրադ Աբրահամյանը հորդորել է իր ծառայողներին, որ նախաքննությանը ստեն և ցուցմունք չտան, որ Երևանում են եղել, իսկ հարցաքննության ընթացքում արդեն հարցաքննող քննիչը ունեցել է պատրաստի ցուցմունքներ, որոնք ստորագրել են 120-րդ օպերատիվ խմբի աշխատակիցները, այն մասին, որ Երևանում չեն եղել։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Հարցում նշված հանգամանքներից ինձ որևէ բան հայտնի չէ։

Հարց- Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մարտի 1-ի դեպքերից հետո 120-րդ օպերատիվ խմբի ծառայողները ստացել են 50․000-ական դրամ պարգևավճար, իսկ Մուրադ Աբրահամյանը հիշյալ դեպքերին առանցքային մասնակցություն ունենալու համար պարգևատրվել է 150․000 ԱՄՆ դոլար գումարով Սերժ Սարգսյանից։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին, այդ ի՞նչ սխրանքի համար են 120-րդ օպերատիվ խմբի ծառայողները ստացել պարգևավճարներ, իսկ Մուրադ Աբրահամյանը՝ խոշոր պարգևավճար։

Պատասխան- Այդ ամենի մասին լսում եմ առաջին անգամ, այդ մասին ես տեղյակ չեմ եղել։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ օրերին հիմնականում Արցախի հետ շփման գծում եղել են հակառակորդի զինված ուժերի կուտակումներ, իսկ արդյունքում հակառակորդի զինված ուժերը գրավել են մեկ հատ հենակետ, որը շատ արագ վերադարձվել է մեր զինված ուժերի կողմից։ Հիշյալ դեպքերը Հայաստանի հյուսիսային սահմանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, լարվածություն չե՞ն առաջացրել։

Պատասխան- Լարվածություն Քարվաճառի ուղղությամբ նկատվել է, անգամ Օմարի հատվածում նաև դիվերսիոն շարժ, և այդ ժամանակ կորպուսի ռեզերվային ստորաբաժանումները բարձրացրել էի, որ ամեն վայրկյան պատրաստ լինենք ցանկացած իրադարձության։

Հարց- Նշեցիք, որ լարվածություն սահմանին ամեն դեպքում եղել է։ Ինչպե՞ս կբնորոշեք այդ ժամանակ Ձեր ենթակա զորքերից մոտ 300 հոգու տեղափոխումը Երևան այն դեպքում, երբ որևէ ռազմական դրություն հայտարարված չի եղել, և այն ժամանակվա ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով սահմանված զինված ուժերի նպատակային օգտագործումը կատարվում է բացառապես ռազմական դրության, զինված հարձակման կամ դրա վտանգի դեպքում։

Պատասխան- Իմ ենթակա բանակային զորամիավորման ենթակա զորքերի քանակը, անկախ այդ 300 հոգուց, բավարար է եղել անգամ հարձակման ժամանակ կատարել իմ մարտական խնդիրը, իսկ ինչ վերաբերում է Սահմանադրությամբ նախատեսված որևէ դրույթի պայմանների խախտմանը, ապա դրա գնահատական տվողը ես չեմ և չեմ ցանկանում քննարկել այդ ժամանակվա վերադաս հրամանատարության արձակած հրամանի իրավաչափությունը;

Հարց- Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած վերը հիշատակված խորհրդակցության ժամանակ վերջինիս կողմից կոշտ դիրքորոշումներ են հնչել Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ ուժերի՝ հնարավոր դեպքում ընդդիմախոսների կողմն անցնելու համար, իսկ հաղթանակած նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկ է արել, որ ստեղծվի առանձին զինվորական կայազոր՝ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անգամ հայտարարել է, որ այդօրվանից՝ ժամը 00-ից, հայտարարում է արտակարգ դրություն։ Անգամ նշված խորհրդակցության ավարտից հետո սպաների շրջանում դժգոհություններ են սկսվել, թե իրենց գործը սահմանում թողած ինչպես զորքի հետ Երևանում կարգ պահպանեն։ Խորհրդակցության ավարտից հետո՝ ժամեր անց, ի կատարումն նախագահի փաստացի կարգադրության, պաշտպանության նախարարը արձակել է հույժ գաղտնի՝ 0038 հրամանը, որով իրավական տեսք է տրվել նախագահի հանձնարարականին, և որը վերագրվել է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման նպատակով եզրույթով։ Ի՞նչ է Ձեզ հայտնի խորհրդակցության նշված և այլ մանրամասների մասին, և արդյոք չե՞ք կարծում, որ 0038 հրամանն արձակվել է հետագայում նախագահի կողմից արտակարգ դրության հայտարարելու համար, և արդյոք մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ դրության հայտարարումը տրամաբանական շարունակությո՞ւնը չէ խորհրդակցությանը իր կարգադրության և 0038 հրամանի։

Պատասխան- Կապն ակնհայտ է, անգամ այդ մասին է վկայում պաշտպանության նախարարի կողմից հրամանի վերնագրումը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդակցության այդ և այլ մանրամասներին, ապա հայտնեմ, որ միայն տեղյակ եմ եղել, որ Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն նման ցանկություն են ունեցել, սակայն դրա մասին տեղեկացել եմ միայն տարածված ասեկոսեներից, այլ մանրամասներ ինչպես հարցում նշված, այնպես էլ այլ հայտարարությունների մասին, ինձ հայտնի չեն։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Բալահովիտի 55076 զորամասում գտնվելու ժամանակ 120-րդ օպերատիվ խմբի անձնակազմը պարապմունքներ է անցկացրել զանգվածային անկարգությունների դեմ պայքարելու համար, իսկ Դուք այնտեղ վերջինների հետ հանդիպման ժամանակ նշել եք, որ զենք կարելի է կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ինքնապաշտպանության նպատակով, որից հետո նույն օրը Մուրադ Աբրահամյանի գլխավորած 120-րդ օպերատիվ խումբը մեկնել է Երևան՝ թվով 40 զինծառայողով, յուրաքանչյուրը զինված 60 մարտական փամփուշտներով։ Նրանք Երևանում տեղակայվել են մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ։ Տվյալ տեղում Մուրադ Աբրահամյանը և պայմանագրային զինծառայող, վերջինիս հովանավորյալ Վիլբերթ Սոսյանը անձնակազմին հայտարարել են, որ առավել աչքի ընկած զինծառայողներին սպասվում են առաջխաղացում և դրամական պարգևատրում, ինչից հետո ժամը 20․00-ի սահմաններում անձնակազմը տեղակայվել է Լեոյի փողոցում և պատնեշ կազմած շարժվել դեպի Պարոնյան փողոցի ուղղությամբ, որտեղ ժամը 22․00-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների հետ, ինչի ժամանակ Մ․ Աբրահամյանը բոլորին հորդորել է չնահանջել, իսկ անձնակազմը նահանջել է։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին, նման հայտարարություն կատարե՞լ եք, թե՞ ոչ, և 120-րդ օպերատիվ խմբի անձնակազմին, առավել աչքի ընկածներին, առաջխաղացման մասին որևէ բան ասե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչու, եթե ոչ, ապա ո՞վ է նրանց նման տեղեկություն տրամադրել։

Պատասխան- Նախ նման պարապմունքի տեսակ զինված ուժերում մենք չունենք, ես նրանց չեմ հանդիպել, նրանց զենք կիրառելու դեպքերի մասին որևէ բան չեմ ասել, անգամ չեմ ասել առաջխաղացման մասին և տեղյակ չեմ, թե ով է նրանց նման բան ասել, ինչքան որ հիշում եմ՝ անգամ Մարտի 1-ի դեպքերից հետո այդ օպերատիվ խմբից որևէ մեկը, կապված մարտիմեկյան իրադարձությունների հետ, առաջխաղացման չի արժանացել։ Ինչ վերաբերում է հարցում նշված մյուս հանգամանքներին, ապա դրանց մասով որևէ բան հայտնել չեմ կարող, քանի որ ինձ հայտնի չեն, լսում եմ առաջին անգամ։

Հարց- Իսկ 0038 հրամանով 2-րդ բանակային զորամիավորման զորքերը զորանոցային վիճակի բերվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա նման պայմաններում թույլատրվում է անգամ գործուղման նպատակով զորքերի տեղաշարժ կայազորի տարածքից դուրս։

Պատասխան- Ես այժմ չեմ հիշում զորանոցային վիճակի մասին, սակայն պնդում եմ, որ եթե 0038 հրամանում նման դրույթ եղել է, ապա միանշանակ դա կատարվել է, իսկ զորանոցային վիճակում զորքերի տեղաշարժի թույլտվություն կայազորի տարածքից դուրս կատարվում է միայն պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի կողմից։

Հարց- Իսկ հրամանից դուրս բանակի վերադաս հրամանատարության կողմից բանավոր կարգով Ձեզ ասվե՞լ է, թե ինչ նպատակով են զորքերը տարվում Երևան։

Պատասխան- Ոչ, բացի հրամանից, որևէ մեկնաբանություն զորքերի տեղաշարժի մասին չի եղել։ Միայն մարտի 3-ին կամ 4-ին 200 հոգի ուղարկելուց հետո իմացել եմ, որ զորքերի տեղաշարժը պետական նշանակության օբյեկտների պահպանության համար է։

Հարց- Իսկ «Տաշիր» առևտրի կենտրոնը, Մարզահամերգային համալիրը կամ Մյասնիկյան և Հերացի փողոցների խաչմերուկը պետական օբյեկտներ հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ, և այս ամենի արդյունքում Ձեզ համար ակնհայտ չէ՞ր, որ զորքերի նման տեղակայումը ենթադրում է Երևանի ծայրամասերից դեպի կենտրոն ցուցարարների հնարավոր կուտակումները թույլ չտալու և իրավիճակը պահպանելու համար։

Պատասխան- Այո, ենթադրում եմ, որ նման իրավիճակի համար էր զորքերի նման տեղակայումը, քանի որ մարտիմեկյան դեպքերից հետո այլ բան մտածել ուղղակի հնարավոր չէր։

Հարց- Իսկ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, մարտի 1-ին նախորդող օրերին ՊՆ զրահատեխնիկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա կարո՞ղ եք ասել, թե որ բանակային զորամիավորման ենթակա զրահատեխնիկաներն են եղել։

Պատասխան- Մարտի 1-ին նախորդող օրերին այդ մասով որևէ տվյալ հիշողությանս մեջ չի տպավորվել, սակայն մարտի 1-ից հետո ՌՈ ԲՌԴՄ տեսակի զրահատեխնիկա եմ տեսել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց կանգնած։

Հարց- Իսկ Հանրապետության հրապարակում տեսե՞լ եք ռազմական ոստիկանության աշխատակիցների, նրանք զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, ինչպես նաև ՌՈ այն ժամանակվա ոստիկանապետ Վ․ Գասպարյանին, նաև Յու․ Խաչատուրովին տեսե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Յու․ Խաչատուրովին և Վ․ Գասպարյանին այնտեղ չեմ հանդիպել, իսկ ՌՈ աշխատողներ տեսել եմ այնտեղ, սակայն նրանք զինվա՞ծ էին, թե՞ոչ՝ չեմ հիշում։

Հարց- Իսկ տեղյա՞կ եք, թե ՊԲ որ ստորաբաժանումներն են մասնակցել մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին, ցուցարարների նկատմամբ որևէ տիպի բռնություն գործադրե՞լ են, թե՞ ոչ, զենքի կիրառության դեպքեր Ձեզ հայտնի՞ են, թե՞ոչ։

Պատասխան- ՊԲ ստորաբաժանումների ներգրավվածության մասին որևէ հանգամանք ինձ հայտնի չէ։

Հարց- Առաջարկում եմ պարզաբանել, թե ինչպես եք գնահատում զորքերի տեղափոխումը Երևան՝ հետընտրական դժգոհությունների ժամանակ, նկատի ունենալով այն, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը չեզոք մարմին են և պատասխանատու են միայն երկրի տարածքային ամբողջականության և նրա սահմանների անձեռնմխելիության համար։

Պատասխան- Ես գնահատականներ չեմ ցանկանում հնչեցնել, առավել ևս չեմ ցանկանում մեկնաբանել այն ժամանակվա վերադաս հրամանատարության որոշումները։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ այդ օրերին Հանրապետության հրապարակում՝ մասնավորապես կենտրոնական փոստի հարակից կամարից ներս ընկած բակում կայանված են եղել ԲՏՌ տեսակի զրահատեխնիկաներ, որոնք պատկանել են 54574 զորամասին։ Այնտեղ Դուք հիշյալ զորամասի զինտեխնիկաները տեսե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա դրանց տեղաշարժի դեպքեր Ձեզ հայտնի՞ են, թե՞ ոչ։

Պատասխան- Այդ տեխնիկաները ես այնտեղ չեմ տեսել, իսկ առհասարակ զրահատեխնիկաների շարժ չեմ տեսել։

Հարց- Իսկ Մելիք-Ադամյան փողոցում զորք տեսե՞լ եք կանգնած, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր օրը, նրանք զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, և զորամասի զո՞րքն է եղել այն։

Պատասխան- Այո, այնտեղ զորք տեսել եմ, սակայն տեղյակ չեմ, թե որ զորամասի զորքն է եղել։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2-րդ բանակային զորամիավորման Ճամբարակի և այլ զորամասերից կազմվել է համահավաք ստորաբաժանում, որը պետք է ունենար բարձր շարժողականություն, ինչպես նաև Մելիք-Ադամյան փողոցում մարտի 1-ի ցերեկային ժամին տեղակայված են եղել հենց Ճամբարակի պարտադիր ժամկետային զինծառայողները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Համահավաք ստորաբաժանում իմ հրամանով չի ձևավորվել, նման զորք ես չեմ ուղարկել, իսկ մարտի 1-ին Մելիք-Ադամյան փողոցում ժամկետային զինվորներով զորք բացառում եմ, որ եղած լինի։

Հարց- Ինչպես վերը նշեցի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ զինված ուժերը թույլատրվում է ներգրավել երկրի ներքին կյանքին, մասնավորապես, երբ առկա է ռազմական դրություն, զինված հարձակում կամ դրա անմիջական վտանգ։ Առաջարկում եմ հայտնել, թե առկա՞ էր արդյոք հիշյալ դրույթներից մեկը։

Պատասխան- Կոնկրետ Քարվաճառի հատվածում՝ այո, նման վտանգ եղել է, մնացած մասով որևէ բան հայտնել չեմ կարող։

Հարց- Նախաքննության ընթացքում այն ժամանակվա Ձեր տեղակալները ցուցմունք են տվել, որ 2-րդ բանակային կորպուսի պահպանությանը հանձնված սահմաններում իրավիճակի սրացում չի եղել, ամեն բան եղել է հանգիստ, իսկ Դուք պնդում եք ճիշտ հակառակը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Բացի կորպուսի հրամանատարից՝ այդ մասին կարող էր տեղյակ լինել միայն շտաբի պետը, իսկ եթե նա հերքում է այդ հանգամանքը, ուրեմն կարծում եմ, որ առնվազն լավ չի հիշում։

Հարց- Իսկ տեղյակ եղե՞լ եք ՊՆ զորքերի մի մասից, որոնք տեղակայված են եղել Երևանի տարբեր մասերում՝ ցուցարարների հավաքները ցրելու և կենտրոնում կուտակումներ թույլ չտալու համար։ Ինչպես նաև այն զորքերի մասին, որոնք գտնվել են Երևանի մատույցների մոտ։

Պատասխան- Այդ մասին ես տեղյակ չեմ եղել։

Հարց- ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի վերաբերյալ անգամ հրապարակում է եղել մամուլում և համացանցում, համաձայն որի՝ հրամանը կրել է հետևյալ բովանդակությամբ մաս․ սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով զինված ուժերի ողջ անձնակազմը 2008թ․ փետրվարի 23-ին՝ ժամը 18․00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը։

Հրամայվել է նաև, որ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց պետք է զինել տաբելային զենքով։ Նույն հրամանով ստեղծվել է արտահաստիքային կայազոր, որի պետ է նշանակվել ՀՀ ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները։ Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ բանակային զորամիավորումներից զորքեր են տեղափոխվել Երևան և անցել այդ կայազորի տրամադրության տակ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ հայտնել, թե ինչով պետք է պայմանավորված լիներ նման ռազմական ստորաբաժանման ձևավորումը և արդյոք չե՞ք կարծում, որ սա նախապատրաստումն էր նախագահի կողմից մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանի կայացմանը, և չե՞ք կարծում, որ ՊՆ հիշյալ հրամանի կայացումը նպատակային էր և նախապատրաստումն էր արտակարգ դրություն հայտարարելու, որպեսզի բանակի զինված ստորաբաժանումների ներկայության պայմաններում հնարավոր լինի ճնշել հետընտրական զարգացումներից դժգոհող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաները։
Պատասխան- Ես ինֆորմացված չեմ եղել, թե այդ ժամանակ Երևանում ինչ է կատարվել, ինչպես արդեն նշեցի՝ գտնվել եմ Քարվաճառում, իսկ մնացած մասով ես ինձ իրավասություն չեմ վերապահում քննարկել վերադասի հրամանները և տեղյակ չեմ եղել իրականում, թե զորքերը ինչ նպատակով են անցել արտահաստիքային կայազորի տրամադրության տակ։

Հարց- Իսկ տեղյա՞կ եք, թե ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումները, որոնք տեղափոխված են եղել Երևան և ներգրավված են եղել հիշյալ գործողություններում, ինչպիսի մարտական համալրվածություն են ունեցել, և ովքեր են եղել տվյալ ստորաբաժանումների հրամանատարները։

Պատասխան- Ես տեղյակ չեմ և որևէ բան հայտնել չեմ կարող։

Հարց- Իսկ մարտի 1-ին կամ 2-ին հատուկ հանձնարարականներ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունից 2-րդ բանակային զորամիավորումը ստացե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ, ումի՞ց և կոնկրետ ի՞նչ հանձնարարություն։

Պատասխան- Չեմ կարող ասել, ես անձամբ չեմ ստացել։

Հարց- Իսկ ներքին բախումներ լինելու դեպքում նախապես ստացած հանձնարարականներ ունեի՞ք, թե՞ ոչ, եթե այո, ապա դրանք ումի՞ց էիք ստացել, զենքի գործադրման թույլտվություն տրված եղե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև հստակեցված էր, թե որ ստորաբաժանումները ինչ գործողություններ էին կատարելու։

Պատասխան- Նման հանձնարարական անձամբ ինձ տրված չի եղել, մնացածի մասին որևէ բան ասել չեմ կարող։

Հարց- Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ այդ օրերին Յուրի Խաչատուրովը կառավարության շենքում խորհրդակցություններ է հրավիրել, որին մասնակցել են նաև բանակային կորպուսների հրամանատարները, քննարկվել է Երևան քաղաքում տիրող իրավիճակը, կատարվելիք գործողությունները և տրվել են հստակ հանձնարարականներ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ես նման խոսակցությունների չեմ մասնակցել և քննարկումներից տեղյակ չեմ։

Հարց- Արդյոք զինված ուժերի օգտագործումն արտակարգ դրության ռեժիմում ուղղվա՞ծ է եղել հենց ցուցարարներին ցրելուն, հանրահավաքները կանխելուն կամ, առնվազն, ցուցարարների վրա զենքի ուժով հոգեբանական ճնշում գործադրելուն։ Ի՞նչ կասեք։

Պատասխան- Ես տեղյակ չեմ զորքերի կիրառությունից և որևէ բան այդ մասին հայտնել չեմ կարող։

Հարց- Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանը 2008թ․ մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ դիմել է ժողովրդին՝ ուղերձով, որում, մասնավորապես, նշել է, որ նախորդ օրը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։ Նա իր ուղերձում պարզաբանել է, որ արտակարգ դրությունը, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում, կոչ է արել ժողովրդին զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը։ Ս․ Օհանյանը նաև նախազգուշացրել է, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության և, որ նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում, ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Սեյրան Օհանյանը, լինելով զինվորական, իրավասություն ունե՞ր արդյոք նման կոչով հանդես գալ ժողովրդի առջև, ստանձներ, ըստ էության, հասարակական կարգի և անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնող օրինազանց քաղաքացիների նկատմամբ որևէ միջոցներ ձեռնարկելու լիազորություն, և արդյոք նրա այդ հայտարարությունը չե՞ք դիտարկում որպես սպառնալիք՝ ուղղված ցուցարարներին։

Պատասխան- Կոռեկտ չի իմ կողմից ԳՇ նախկին պետի կողմից արված հայտարարությունը քննարկել, կարծում եմ, որ այդ հայտարարությունը մեկնաբանելու հնարավորությունը պետք է տրվի նրան։

Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև ՀՀ նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01․03․2008թ․ հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի 0038 հրամանով՝ բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններում։ Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր։ Մասնավորապես, 2008թ․ մարտի 1-ին՝ ժամը 16․09-ին և 16․11-ին և 16․27-ին, համապատասխանաբար՝ Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծի փողոցում գտնվող շուկայի դիմաց և Մելիք-Ադամյան փողոցում տեղակայվել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ, նույն օրը՝ ցերեկը, Հանրապետության հրապարակում կայանել է ՀՀ ՊՆ ԲՌԴՄ տեսակի զրահամեքենա։ Նշված ժամերին արդեն Երևան քաղաք տեղափոխվող զինվորական շարասյուններին ուղեկցելու գործառույթն իրականացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել ՀՀ ՊՆ համարանիշերով տրանսպորտային միջոցներ և զինծառայողներ, որոնք զինված են եղել ինքնաձիգերով։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ ՀՀ ՊՆ զինված ուժերը Երևան քաղաք են բերվել մինչև արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումը։ Ընդ որում, ըստ այդ վկայությունների՝ բանակային 5 կորպուսներից մեկական վաշտ՝ 100-120 զինծառայողներով, մոտեցվել է Երևանին, այդ թվում՝ 3-րդ բանակային կորպուսից մի քանի զրահատեխնիկա, որոնք նույն օրն ավելի ուշ տեղակայվել են Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկներում։ Ասացեք, արդյոք Դուք կապ տեսնո՞ւմ եք ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի և 2008թ․ մարտի 1-ին ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումները Երևան քաղաքի տարբեր փողոցներում տեղակայելու միջև։

Պատասխան- Կապն ակնհայտ է, իհարկե, զորքերի բերելը Երևան և նման տեղակայումը ինքնանպատակ բնույթ կրել չէր կարող։

Հարց- Իսկ տեղյա՞կ եք, թե ՊՆ և ՊԲ ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև ոստիկանության զորքերի կողմից զենքի կիրառության դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք հանգամանքները։

Պատասխան- Ինձ նման տեղեկություններ հայտնի չեն։

Հարց- Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան ներսում։ Ասացեք, եթե վտանգը սահմանում ավելի մեծ էր, ապա ինչո՞վ կբացատրեք բանակի ներգրավումը Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններում, թեկուզ կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրների իրականացմանը, արդյո՞ք Ձեր նկարագրած լարված, վտանգավոր, ախոյան թշնամու արկածախնդրությունները կանխելու, որևէ պրովոկացիոն հարձակում ձախողելու համար զինծառայողներին պետք է Երևան քաղաք տեղափոխելու փոխարեն տեղափոխեին սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Կրկնում եմ, բոլոր ԲԿ-ների մասին ասել չեմ կարող, բայց 2-րդ ԲԿ-ն անգամ 300 հոգու բացակայությամբ ի զորու էր կատարել իր մարտական առաջադրանքը և բացի դրանից՝ ո՞վ է ասել, որ մեր ունեցած ողջ զորքն ամեն պահի պետք է սահմանին լինի։ Մենք ունենք զորքերի ռեզերվային տեղակայում, և զորքերը նաև ապահովում են պաշտպանությունը խորությամբ ու նման դիտարկմամբ գնահատել, թե ինչու են զորքերի մի մասը տեղափոխվել Երևան և ինչ օբյեկտների պահպանության համար, համարժեք չեմ համարում, քանի որ ՊՆ ղեկավարությունն է որոշում զորքերի տեղաշարժը, որն էլ տվյալ դեպքում կատարել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում