211652_close_icon
views-count1209 դիտում article-date 15:54 15-08-2019

Զարեհ Սինանյանն ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ինչպես հայտնեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանը նախ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստան-սփյուռք հարաբերություններում տարվող աշխատանքները: «Սփյուռքը լուրջ դերակատարություն ունի հայրենիքի կյանքում, և պետությունն էլ իր հերթին մեծ կարևորություն է տալիս հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Ուրուգվայում ևս ապրում են մեծաթիվ հայեր, և մեր պետությունների միջև առկա են բարեկամական կապեր: Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է հայերի դերն Ուրուգվայում, նշել՝ իրենց տվյալներով՝ այժմ 20 հազար հայ է ապրում այնտեղ: «Հայերն Ուրուգվայում նպաստում են հասարակության զարգացմանը, պահպանում են ինքնությունը, դա է վկայում հայկական դպրոցների ու եկեղեցիների առկայությունը: Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի և մնալ հայ, պահպանել ինքնությունը»,-նշել է նախարարը: Նա առանձնացրել է հայ համայնքի այնպիսի հայտնի ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը: Ուրուգվայը համեմատաբար փոքրաթիվ սփյուռք ունի՝ մոտ կես միլիոն: Նախարարին հատկապես հետաքրքրում էր Հայաստանի փորձը սփյուռքի հետ աշխատանքներում, որը կարող է օգտակար լինել նաև Ուրուգվայի համար: Ըստ Նովոայի՝ այս ոլորտում համագործակցության խորացմանը նպաստելու է նաև Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսության բացումը: Զարեհ Սինանյանը շեշտել է՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է սերտ համագործակցության և փորձի փոխանակման համար: Այնուհետև կողմերն անդրադարձել են հայկական սփյուռքի աշխարհագրական տարածվածությանը և բազմազանությանը, հայրենադարձության հնարավորություններին, Հայաստան-Ուրուգվայ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի ներգրավմանը:

Նմանատիպ նյութեր