Մենք սկիզբ ենք դնում նոր ծրագրերի. Կարայան
Կսահմանվի Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սրա վերաբերյալ նախօրեին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը։
Հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։
Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձևավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։
«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը։ Մենք բավականաչափ առաջընթաց արձանագրեցինք մեր տնտեսական հարաբերութունների մեջ։ Մենք սկիզբ ենք դնում այսօր նոր ծրագրերի։ Մենք համոզվեցինք, որ զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես նաև վստահ ենք մեր ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի»,- նշել է Կարայանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի հետ. ԻԻՀ նախագահի խորհրդական
- Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
- Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում. Իրանի նախագահի խորհրդական