Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանի դիրքորոշումն այն է, որ ինքն էլ է շահագրգռված, որ ճշմարտությունը բացահայտվի». պաշտպան

ԱԺ Հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով զարգացումները բավականին ակտիվ են տեղի ունենում։ Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ խուզարկություն է կատարվել Արցախի «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող և Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական հագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Քրեական գործի շրջանակներում 1 օր առաջ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:

Խուզարկություն է կատարվել նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում, որտեղ հայտնաբերվել են փամփուշտներ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական հագուստ և այլն։ Զենք-զինամթերք ու զինվորական հագուստ է հայտնաբերվել նաև ԵԿՄ Ավանի տարածքային կառույցի նախագահ, Մանվել Գրիգորյանի աներորդի Պետրոս Ամիրյանի տանը: Իրավապահները նոր բացահայտումներ ու տեսանյութեր են խոստանում հրապարակել առաջիկայում: Նախաքննությունը շարունակվում է:

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ հանգիստ են վերաբերվում օպերատիվ քննչական գործողությունների իրականացմանը, իսկ բերման ենթարկվածների և ձերբակալվածների թիվը, ըստ նրա, ավելանալու է. «Ի վերջո, Մանվել Գրիգորյանի դիրքորոշումն այն է, որ ինքն էլ է շահագրգռված, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ դրա ճանապարահին, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև հարցաքննվող անձինք։ Անկախ նրանից, թե ովքեր են այս պահին բերման ենթարկվածները, հարցաքննվածները, դրան պետք է հանգիստ վերաբերվել։ Ինչ-որ տեղ դա նաև Մանվել Գրիգորյանի շահերից է բխում»։

Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և նրանց դստեր ձերբակալման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարության հետ կապված՝ Ա.Մկրտչյանը թե՛ իրավական, թե՛ բարոյական հարթության մեջ խնդիր է տեսնում։

Սակայն նա նշեց, թե ինքը չէ, որ պետք է մեկնաբանի գլխավոր դատախազի արտահայտությունները. «Եթե այսօր հանրապետության գլխավոր մեղադրողն անում է հայտարարություններ և դրանք անում է Ազգային ժողովում, բնականաբար, երևի թե ունի դրա համար հիմնավորումներ։ Ես պրոցեսի հակառակ կողմն եմ՝ իմ գործընկերների հետ միասին, մենք ունենք հակառակ պատկերացում, մտածում ենք, որ անգամ Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու կալանավորումն է անիմաստ, սակայն տվյալ պարագայում որոշողը դատարանն է, որը, օբյեկտիվ լինենք, գտնվում է հանրային ճնշումների ներքո, ինչպես և մենք։

Ավելի շատ աժիոտաժ է ստեղծված այս գործի շուրջ, քան գործի շահերը պահանջում են, որովհետև գործի շրջանակներում կարելի էր ծանուցագրեր ուղարկել և մարդկանց հրավիրել, վերցնել բացատրություններ, որոնք մարդիկ պատրաստ են տալու։ Այստեղ օպերատիվ գործողություններ իրականացնելն ավելի շատ նպատակ ունեն, իմ տպավորությամբ, հանրության մոտ կարծիք ստեղծելու, որ՝ «օ՜, գիտեք, լուրջ ծանր գործեր են սրանք»։ Ոչ ոք չի ստացել ծանուցագիր և հրաժարվել ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի մոտ»։

Փաստաբանը «բռնելու մանիայի» դրսևորում է տեսնում բոլոր քաղաքացիների դեպքում։ Նրա խոսքով՝ եթե մարդուն պետք է հարցաքննել, դրա համար բնավ պարտադիր չէ սև դիմակներ հագցնել օպերատիվ աշխատակիցների գլխին և տեսանկարահանման տակ բերման ենթարկել: «Էդ ե՞րբ կանչեցիք, որ չեկավ, հիմա էլ բերման եք ենթադրում»,- ասում է նա։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք վիճարկել ձերբակալության մասին որոշումը, Ա.Մկրտչյանը պատասխանեց, որ այս պահին այդ հարցն է քննարկվում. «Մի քիչ երկակի վիճակի մեջ ենք, երբ մեր պաշտպանյալը չի ուզում, նման ցանկություն ինքը չի հայտնել, և դեռ քննարկումների մեջ ենք։ Ժամանակ դեռ կա, ամսի 19-ին ստացել ենք, 5 օր ժամանակ ունենք վիճարկելու։ Գործընկերներս էլ են կողմնակից, ես էլ եմ կողմնակից, որ մենք բողոք ներկայացնենք, բայց վերջնական որոշումն ինքը պետք է կայացնի։ Եթե մեզ հաջողվի համոզել, ուրեմն անպայման կներկայացնենք»։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը Մանվել Գրիգորյանի կալանավորման և ձերբակալության ժամանակ իրավապահների կողմից որևէ սխալ չի տեսնում, և հետագայում այդ փաստը, ըստ նրա, չի կարելի վիճարկել նաև միջազգային ատյաններում. «Ոչ մի պարագայում չեն կարող, հատկապես մեզ մոտ ՄԻԵԴ պահանջը, որ տարիներ շարունակ չէր կատարվում, այս դեպքում կատարվել է, և Գրիգորյանին տարել են դատարան»։

Թե ի՞նչ է սպասվում Մ.Գրիգորյանին՝ հաշվի առնելով գործի մասշտաբները, Պ.Օհանյանը չցանկացավ գուշակություններ անել։

Նրա կարծիքով՝ այսքանով, ցավոք, չի ավարտվի «Մանվելի ոդիսականը», և ընթացքը դեռ կգնա, շատ բան կպարզվի, գուցե և քրեական իմաստով ավելի ծանր հանցագործություններ պարզվեն։ Բարոյական առումով ավելի ծանրը, նախկին դատավորի խոսքով, չգիտես՝ ինչը կարող է լինել. «Ավելի լուրջ հանցակազմի մասին կարող է խոսք գնալ։ Տեսնենք՝ ինչեր կպարզվեն՝ բռնություններ, գույքի հափշտակություններ և այլն՝ դատելով ամբողջ գույքից, սեփականության վկայականներից։ Ինչպե՞ս եղավ, որ ամբողջ գյուղեր սեփականացրեց, և մարդիկ ճորտեր էին այնտեղ»։

Դիտարկմանը, որ տարբեր ժամանակներում տարբեր բացահայտումների մասին տեսանյութեր են հրապարակվել իրավապահների, նույն ԱԱԾ-ի կողմից, օրինակ՝ Սամվել Բաբայանի տան խուզարկության ժամանակ՝ ադամանդներ ու ավտոմեքենաներ, «Իգլայի» դեպքը, ՊՊԾ-ի կամ «զինյալ խմբի» գործերով նույնպես տեսանյութեր են հրապարակվել, բայց այսօր շատերի խափանման միջոցը փոխվել է, ու նրանք ազատության մեջ են, հնարավո՞ր է, որ եթե իրավիճակ փոխվի, Մանվել Գրիգորյան էլ խուսափի պատասխանատվությունից, Պ.Օհանյանը պատասխանեց.

«Բարդ հարց եք տալիս։ Եթե փիլիսոփայորեն պատասխանեմ՝ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, ցավոք։ Բայց ես վստահ եմ՝ այս իշխանությունների արդարամտության, օբյեկտիվության վրա, Աստված չանի, որ իրավիճակ փոխվի։ Ես չգիտեմ՝ ինչ հիմնավորումով կամ հրաշքով ինչ-որ բան պետք է փոխվի։ Փորձում եմ ինձ դնել իր կամ իր փաստաբանների տեղը և ինչ-որ արդարացում գտնել, բայց չեմ գտնում։

Իհարկե, անմեղության կանխավարկած կա, և ընթացքը ցույց կտա, բայց չեմ կարծում, որ այս պայմաններում, անգամ, եթե իրավիճակ փոխվի, որևէ իշխանություն փորձի վերականգնել նրա կարգավիճակը։ Կարծում եմ՝ տխուր է լինելու վախճանը։ Շատ ցավալի է, որ մարդը կարող է այդքան իջնել։ Քննությունը դեռ շատ բան կպարզի»։

Ազգային ժողովում գեներալի «ուրացումը» շարունակվում է, իսկ նրան պաշտպանած և անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկածները դեռ չեն ինքնաբացահայտվել։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանը հայտարարել է, թե գեներալն իր հարսանիքի քավորն է, բայց իրենք քավոր-սանիկական մտերիմ հարաբերություններում երբեք չեն եղել։ Նա վստահեցրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանի գործերից և միայն մի անգամ է եղել այդ ամառանոցում։

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով տարիներ առաջ մտերիմ էր Գրիգորյանի հետ, «մուտիլովկա» է անվանել լուրերը, որ ինքն է «դեմ» քվեարկողներից մեկը. «Էդ «դեմ» քվեարկողները շատ սխալ  բան են արել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո) ընդունել է, որ մտերիմ է եղել Գրիգորյանի հետ, բայց վստահեցրել, թե «դեմերի» եռյակի մեջ ինքը չկա։ ԱԱԾ-ին «հյուրընկալելու» առումով սեփական անձի և ընկերների հետ կապված՝ պատգամավորը մտավախություն չունի. «Ես վախ չունեմ, իսկ ընկերներիս մասին, ամեն մեկն իր տեղը թող պատասխան տա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս