News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի՞նչ մասշտաբների տիեզերական աղետ պետք է տեղի ունենա, որպեսզի Երկրի բոլոր կենդանի արարածները ոչնչանան։ Նման հարցադրում է արել ամերիկացի աստղաֆիզիկոսների մի խումբ, որի հոդվածը հրապարակվել է Scientific Reports-ում։

Արդեն վաղուց է հայտնի, որ մեր մոլորակը առնվազն 5 անգամ վերապրել է բուսական ու կենդանական տեսակների զանգվածային ոչնչացման ժամանակաշրջաններ, գրում է BBC-ը։

Սակայն հիմա գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մեր մոլորակի ամբողջական ոչնչացման համար պահանջվում է շատ ավելի խոշոր աղետ ու օվկիանոսների ամբողջական գոլորշացում։

Նախեւառաջ հեղինակները հաշվարկել են էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է Երկրի վրա ամբողջ ջրի տաքացման համար։ Այն կազմում է 6 х 10 26 աստիճան ջոուլ, ինչը միլիոն անգամ գերազանցում է ամբողջ մարդկության կողմից էներգիայի տարեկան սպառումը։ Հետո նրանք փնտրել են տիեզերական օբյեկտներ, որոնք կարող էին դառնալ նման աղետի պատճառ։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նման աղետի պատճառ կարող է դառնալ Երկրի բախումը Վեստայի կամ Պալլադայի կարգի հսկայական աստղակերպների հետ։ Երկիրը կարող է ոչնչացնել նաեւ գերնոր աստղի պայթյունը կամ էլ տիեզերական ծագման գամմա- ճառագայթման կտրուկ պոռթկումը։

Սակայն այդ իրադարձություններից յուրաքանչյուրի հավանականությունը ծայրաստիճան փոքր է, նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ավի Լոեբը՝ Հարվարդի համալսարանից։ Բանն այն է, որ նման կարգի աստղակերպերը երբեք չեն մոտենում Երկրին, այլ պտտվում են Մարսի ու Յուպիտերի միջեւ իդեալական կլոր ուղեծրերով։

Գերնոր աստղի պայթյունը իրոք կարող էր Երկրին զրկել մթնոլորտից ու ջրոլորտից, բայց դրա համար այն պետք է տեղի ունենա Արեւային համակարգի արտաքին սահմանից ոչ հեռու, ընդամենը 0․13 լուսային տարվա հեռավրության վրա։ Այսինքն 30 անգամ ավելի մոտ, քան մեզ շրջապատող աստղերի շրջանում գերնորի դերին հավակնող որեւէ աստղ։

Հետո հետազոտողները փորձել են պարզել, արդյոք մեր Երկրի վրա որեւէ տեսակ կարող է գոյատեւել նման աղետից հետո։

Պարզվել է, որ տեսականորեն դրան ունակ են միկրոսկոպիկ անողնաշարավորները։ Դրանք 30 տարի դիմանում են −20 °C –ին , կարող են 20 ամիս կենսունակ մնալ հեղուկ թթվածնի մեջ −193 °C-ի դեպքում ու նույնիսկ հեղուկ հելիումով մինչեւ −271 °С ութժամյա սառեցման դեպքում։ Դրանք նաեւ ունակ են 10 ժամ դիմանալ մինչեւ 60—65 °С տաքացմանը ու մեկ ժամ՝ մինչեւ 100 °С տաքացմանը։

Չնայած նույնիսկ այդ առեղծվածային արարածները չեն կարողանա հավերժ գոյատեւել մոլորակի վրա, որտեղ մի կաթիլ ջուր չկա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ