211652_close_icon
views-count1649 դիտում article-date 11:22 08-09-2020

Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/3592382180792137]տեղեկացրել է[/url] Ֆեյսբուքի էջում: «Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին: Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան: «Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,- ավելացրել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր