Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիս ամսից «Արքա» քարտերը կսպասարկվեն նաև ՌԴ տարածքում

Տնտեսություն
1..

 Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ  ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսատանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և «Արքա»  համակարգին՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հիշյալ ծրագրի օպերատիվ, արագ առաջխաղացման համար: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԿԲ Խորհրդի որոշմամբ «Միր» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Միր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է ստացել: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի, ինչպես նաև երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը: 2016 թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացած «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը նախատեսվում էր ավարտին հասցնել տեխնիկական համապատասխանեցումը և «Միր» ու «Արքա» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում: Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում են մոտ 273 հազ զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%: Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի «Արքա» կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը: Նախաձեռնության մեկ այլ առավելությունն այն է, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ:  Այս նախագիծը իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը և ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը:   ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն