Արցախի ԱԺ․ Էրդողանի անհրավեր այցը Շուշի դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ

Արցախի ԱԺ․ Էրդողանի անհրավեր այցը Շուշի դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հունիսի 15-ին Շուշի կատարած այցի, հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի, դիտարկում են որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ։

Նշվում է, որ Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլև Ռուսաստանին և Իրանին:

«1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ:

Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:

2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:Համայն հայությունն այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին», - նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է նրան Ֆիզուլիում և այնտեղից արդեն նրանք ժամանել են Շուշի։

Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտադիր են երկու երկրի միջև համագործակցության մասին համապարփակ պայմանագիր ստորագրել։ Այցի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---