«Հայաստան» հիմնադրամում նախկին տնօրենի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտվել

«Հայաստան» հիմնադրամում նախկին տնօրենի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կրկին կալանավորվել է: Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով), հայտնում են ԱԱԾ-ից:

2019-ի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, Վարդանյանի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել էր կալանավորմամբ:

Հաղորդագրությունումն նշվում է, որ Արա Վարդանյանը՝ նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100% մասնաբաժնով պատկանող ՍՊԸ տնօրենի հետ, 2017-ի հոկտեմբերի 26-ին պայմանագիր էր կնքել Արցախի Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149 մլն 474 հզր 540 դրամի գույք մատակարարելու մասին, բայց այդ գույքը չէր մատակարարվել:

«Հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր»,-ասված է ԱԱԾ հայտարարության մեջ: 2018 թվականի հուլիսին Վարդանյանը բերման էր ենթարկվել յուրացումներ կատարելու, լիազորությունները չարաշահելու կասկածանքով և խոստովանել էր, որ, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---