ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես դա համաձայնեցվել էր Ժնևում, և պահպանել հրադադարի ռեժիմը,-ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տարածված համանախագահների հայտարարության մեջ, որն արվել է տարածաշրջան այցի արդյունքների հիման վրա, որի շրջանակներում նրանք հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին։
Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները խորին անհանգստություն են արտահայտում շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ։
Բացի այդ, միջնորդները կոչ են անում կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։
«Նրանք կրկին հայտարարել են կողմերին օգնելու իրենց վճռականության մասին՝ գտնելու հակամարտության խաղաղ լուծում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման»,–նշված է փաստաթղթում։