1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հովհաննես Հովհաննիսյանը խստորեն դատապարտում է Երևանում Մահաթմա Գանդիի արձանի հրկիզումը

Հովհաննես Հովհաննիսյանը խստորեն դատապարտում է Երևանում Մահաթմա Գանդիի 
արձանի հրկիզումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-հնդկական հարաբերություննեին, երկրու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարներին:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանի հրկիզումը:

-Լինելով խորհրդարանական հայ-հնդկական բարեկամական խմբի նախագահ, ինչպե՞ս կգնահատեք հայ-հնդկական հարաբերությունները և դրանց հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական նոր իրողությունները տարածաշրջանում.

-Հայաստանը բարձր է գնահատում այն փաստը, որ ի դեմս Հնդկաստանի Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ բարեկամական հարաբերություներ ունի աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող, միջազգային համայնքի ազդեցիկ անդամի հետ: Միևնույն ժամանակ այդ բարեկամական հարաբերությունները մեզ համար արժևորվում են նաև նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները` շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումը:

Մեր ժողովուրդների առնչությունները հարուստ պատմություն ունեն և սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Պատմական աղբյուրները նշում են, որ հայերը և հնդիկները առնչվել են իրար հետ ինչպես Հին Արևելքի, այնպես էլ Միջնադարի ժամանակաշրջաններում, իսկ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում՝ Ագրայում, ծովափնյա Սուրատում և այլ առևտրային քաղաքներում կազմավորվել են հայկական համայքներ, որոնք ակտիվ դեր են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, ինչպես և հայ ժողովրդի հասարակական-քաղաքական զարգացման գործում: Ինչպես հայտնի է Հնդկաստանում է տպագրվել հայկական առաջին տպագիր պարբերականը և նախագծվել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:

Հայ-հնդկական կապերը շարունակվել են նաև Խորհրդային միության տարիներին. շատերն են հիշում 1976 թվականին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի այցը Հայաստան:

1992թ-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-հնդկական համագործակցությունը թևակոխեց որակապես նոր փուլ՝ միջպետական մակարդակով: Մեր երկրների միջև հաստատվել է բարձրմակարդակիքաղաքականերկխոսությունևփոխշահավետհամագործակցությունտարբերբնագավառներում:

Հայաստանի և Հնդկաստանի միջև սերտ համագործակցություն է ծավալվել քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Մեր երկրները միանման կամ մոտ դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային և միջազգային կարևոր շատ խնդիրների շուրջ ու աջակցում են միմյանց միջազգային հարթակներում: Հնդկաստանը շարունակաբար կարևոր աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Հայաստանը Հնդկաստանի համար վստահելի գործընկեր է և սատարում է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցի առնչությամբ:

-Հետևելով աշխարհում և, մասնավորապես, Ասիայում ընթացող քաղաքական և տնտեսական տեղաշարժերին, ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստանի դերակատարումը և դրա համատեքստում հայ-հնդկական համագործակցության հետագա զարգացումը.

-Վերջին տարիներին Ասիական տարածաշրջանի դերը միջազգային հարաբերությունների համակարգում անընդհատ աճել է և բնականաբար այստեղ չափազանց նշանակալի է Հնդկաստանի դերը: Հնդկաստանը դարձել է համաշխարհային ու տարածաշրջանային  քաղաքականության կարևոր դերակատար, իսկ իր դինամիկ տնտեսական զարգացման շնորհիվ նաև համաշխարհային տնտեսության շարժիչ ուժերից մեկը:

Հաշվի առնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ երկու երկրների միջև ծավալվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, ինչպես նաև օրեցօր խորացող ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Կարծում ենք, ներկայիս և ապագա տարածաշրջանային միտումների պայմաններում պաշտպանական և անվտանգային ոլորտներում համագործակցությունը վերածվելու է երկու երկրների միջև կարևոր բաղադրիչի:

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը նաև առևտրի, ֆինանսների, զբոսաշրջության, հաղորդակցությունների, առողջապահության, մշակույթի և կրթության բնագավառներում: Այդ նպատակով Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են տարբեր հարթակներ, ինչպես օրինակ միջկառավարական հանձնաժողովը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների մակարդակներով համատեղ աշխատանքային խմբեր։ Միևնույն ժամանակ քննարկվում է միջազգային ծրագրերում փոխգործակցության ծրագրերը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջազգային տրասնպորտային միջանցքը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը։ Այդ ծրագրին ինտեգրման և իրականացման համար ակտիվ քննարկումներ են իրականացվում նաև հնդկական կողմի հետ։  

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի ակնառու հաջողությունները, կարևոր եմ համարում այս բնագավառում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

-Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության ֆոնին ի՞նչպիսի համագործակցություն է ծավալվել հայ և հնդիկ ժողովուրդների միջև, ինչ մշակութային միջոցառումներ են իրականացվում.

-Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր պատմական կապերի վրա։ Թեև այսօր Հնդկաստանում բնակվող հայերը թվով շատ քիչ են, սակայն դարեր առաջ ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանում՝ իրենց հետքը թողնելով այնտեղ։ Դրա վառ վկայությունն է նաև Հնդկաստանում առկա հայկական հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը /եկեղեցիներ, գերեզմաններ, հուշաքարեր և այլն/, որը մինչ օրս հոգատար կերպով պահպանվում է Հնդկաստանի կառավարության աջակցությամբ: Հնդկաստանում Կալկաթայիամենահինքրիստոնեականեկեղեցին է 300-ամյաՍ.Նազարեթը (կառուցվել է 1734թ.), որին կից գործում է200-ամյաՀայոցՄարդասիրականճեմարանը:

Ինչ վերաբերվում է մշակութային միջոցառումների կազմակերպմանը՝ պետք է նշեմ, որ, ցավոք, այժմ համավարակի սահմանափակումներով պայմանավորված նման միջոցառումներ չեն կազմակերպվում, բայց մինչև այդ յուրաքանչյուր տարի կազմակերպվել են, մեր համույթներն ու մշակույթի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ մասնակցել են Հնդկաստանում կազմակերվող միջազգային փառատոններին։

Հաշվի առնելով, որ վերջին շաբաթներին Հնդկաստանում ուժգնացել է կորոնավարակի հերթական ալիքը և երկիրը հայտնվել է ծանր համաճարակային իրավիճակում, ցանկանում եմ մաղթել մեր հնդիկ բարեկամներին շուտափույթ հաղթահարել այդ մարտահրավերը և վստահեցնել, որ համավարակի, հակամարտությունների սրման և տնտեսական ճգնաժամերի այս փոթորկալի ժամանակահատվածում Հայաստանը և Հնդկաստանը պահպանելու են բարձր մակարդակի շփումներ՝ աջակցելով և օգնելով միմյանց:

-Այսօր մամուլում նյութեր տարածվեցին Մահաթմա Գանդիի արձանի լուսանկարներով, որտեղ նշվում էր, որ արձանին վնաս է հասցվել: Միաժամանակ, արդեն բավական երկար ժամանակ մամուլում և սոցիալական ցանցերում քննարվում են  արձանի տեղադրման հետ կապված տարաբնույթ հարցեր. ինչպե՞ս պետք է մոտենալ այս խնդիրն.

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ հանդիպել եմ կարծիքների, որտեղ Մահաթմա Գանդիի պատմական ավանդի շուրջ և հայ ժողովրդին առչվող տեղեկատվությունը ներկայացվում է պատմական փաստերի խեղաթյուրմամբ և իրականության աղավաղմամբ։ Միաժամանակ, անհարիր եմ համարում հնդիկ «ազգի հոր» նկատմամբ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները, որոնք անընդունելի են: Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը: Մահատմա Գանդիի քաղաքական մոտեցումների վերաբերյալ պնդումներ անելուց առաջ հարկ է, որ պատմաբանները հարցն ուսումնասիրեն համակողմանիորեն, գիտական տեսանկյունից և հենց գիտական հիմնավորումներով ներկայացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Միաժամանակ, լիովին անհարկի է շահարկել նման հարցերը և փորձել դրանով վնաս հասցնել հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին ու մեր երկրների միջև սերտացող համագործակցությանը: Կարելի է քննարկումներ ունենալ,  ներկայացնել կարծիքներ և դիրքորոշումներ, բայց այսպիսի անխոհեմ պահվածքը, անիրազեկ ու անհիմն պնդումներն անթուլատրելի են:

Հարկ է նշել Մահաթմա Գանդիի համաշխարհային համբավը: Պատմությունը իսկապես փոխած անհատներն այնքան էլ շատ չեն: Մահաթմա Գանդին նրանցից մեկն էր: Ալբերտ Էնշտեյնը ասում էր. «Հնարավոր է՝ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդ` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»: Նա ցանկանում էր խաղաղություն տեսնել տարբեր մարդկանց, ազգերի և քաղաքակրթությունների միջև: Գանդիին գիտեին նաև Հայաստանում: Հատկապես ուշագրավ է, որ նրա կերպարով ոգևորված է եղել նաև Եղիշե Չարենցը: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, 2007 հունիսի 15-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հռչակվել է «Ոչ բռնության» միջազգային օր:      

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]