Որքան կերկարաձգվի ՀԱՊԿ-ի ճգնաժամը, և ինչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հստակեցման հարցը դարձավ ՀԱՊԿ պատմության ամենաերկարաձգված հրապարակային բարձր մակարդակի բանավեճերից մեկը: Խմորումներն այս հարցի շուրջ դեռևս շարունակվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ հայաստանյան քննարկումներն այս օրերին կրկին ակտիվացել են: Մարտի 19-ի ասուլիսում թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի:

«Խնդիրը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են, որ դա կարգավորված չի, ու մեկնաբանության տեղ կա։ Մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակություն մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվելու հարցը։ Ու այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։

Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում, թե վա՜յ, էս ի՞նչ եղավ, ո՞նց՝ ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ, որ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ու ապացուցեցինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են»,- ասել էր ՀՀ վարչապետը՝ հավելելով, թե Հայաստանի շահերն այս ընթացքում լիարժեք պաշտպանվել են։

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ չնայած հայկական կողմի հստակ դիրքորոշման և ՀԱՊԿ-ում որոշումների կայացման կոնսենսուսային սկզբունքին` ՀԱՊԿ-ում գործընթացներ են տեղի ունենում՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահությունը ՀԱՊԿ-ում նախատեսված է մինչև 2020 թվականը, որից հետո այն փոխանցվելու է բելառուսական կողմին՝ ռոտացիոն սկզբունքի համաձայն: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին արդեն ստորագրել էր Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ։ Լուկաշենկոյի օրինակին էին հետևել նաև Տաջիկստանը և Ղրղըզստանը։ Ս. Զասը, իր հերթին, արդեն այցելել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստան, Ղրղըզստան, Ղազախստան և Տաջիկստան, և միայն Հայաստանը չէր համաձայն ընդունել նրան՝ դեմ լինելով նախագահությունից ժամկետից շուտ հրաժարվելու հանգամանքին։

Երեկ տարածվեց հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:

Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Ի պատասխան այս հրապարակման՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ասել է, որ հայկական կողմի համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների համար, մնացած զրույցների մասին խոսքը դեռևս ավելորդ է ՀՀ կողմից:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում ստեղծված խնդիրը մի քանի շերտ ունի: Առաջինն, ըստ նրա, այն է, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանքով: Երկրորդը՝ այն իրավական թերությունները և կանոնակարգումների բացակայությունը, որը կա ՀԱՊԿ-ում: Երրորդը, նրա կարծիքով, ՀԱՊԿ անդամ երկրների հավակնություններն են, խոսքը, օրինակ, Բելառուսի մասին է:

Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:

«Սա, բնականաբար, չի կարող հաճելի լինել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար և սա կարող էր կանխատեսելի լինել, քանի որ որոշ ներքին որոշումներ, որոնք վերաբերում են միջազգային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնող անձանց, նուրբ թեմաներ են, ուստի պետք է շատ ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել այս հարցում: Խնդիրը եղավ, ապա սկսեց շրջանառվել իրավական խնդիրները լուծելու հարցը, որն ընդունելի է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար:

Բայց զուգահեռաբար՝ Բելառուսն աշխատում է իր թեկնածությունը հաստատելու համար՝ օտվելով այս չկանոնակարգված հարաբերությունների բնույթից: Ես, չնայած այս զարգացումներին, չեմ կարծում, որ առանց Հայաստանի՝ իսկապես որոշում կկայացվի: Տեղեկություններ են շրջանառվում, որ, եթե չհաջողվի հասնել կոնսենսուսի, Սեմերիկովի քարտուղարությունը կշարունակվի մինչև 2020 թվականը:

Բնականաբար, ՀՀ-ն կարող էր ընթանալ այլ ճանապարհով՝ չնպաստելով խնդրի խորացմանը՝ զուգահեռաբար բարձրացնելով հարցեր, որոնք կարող են ամրապնդել ՀԱՊԿ կառույցը: Բնականաբար, ներկայումս այս դիրքորոշումները թուլացնում են ՀԱՊԿ-ը: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը, ապա Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է ստանձնել՝ փորձելով չվատթարացնել իր հարաբերությունները գործընկերներից և ոչ մեկի հետ»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Բելառուսի շահագրգռությունը՝ ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, պայմանավորված է նաև Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններով, քանի որ մշտապես մտավախություններ են եղել, որ Հայաստանի ձեռքում այդ պաշտոնը հայտնվելուց հետո կօգտագործվի հօգուտ ԼՂ հակամարտության հայաստանյան դիրքորոշման:

«Սակայն ՀԱՊԿ-ում որոշումների համար հարկավոր է մեծ կոնսենսուս, ուստի դժվար է պատկերացնել, թե որքանով են հիմնավոր այդ մտավախությունները: Ներկայիս իրավիճակը, իհարկե, ճգնաժամ է ՀԱՊԿ-ի համար, և անցանկալի՝ հատկապես Ռուսաստանի համար, քանի որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է՝ որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ կառույց:

Գաղափարն այն էր, որ սա պետք է իսկապես գործուն և ուժեղ կառույց լինի, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ յուրաքանչյուր երկիր իր շահն ունի, և ընդհանուր մոտեցումներ դժվար է ձևավորել, ինչից տուժում է կառույցը և դրա ապագան: Ներկայումս, բնականաբար, կարծես թե ՀՀ թեկնածության հարցն այդ պաշտոնում չի քննարկվում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ նախորդ քարտուղարի հետ:

Իսկ նոր թեկնածուի հարցում կոնսենսուս չկա, բայց կա ժամանակավոր քարտուղար, որը Ռուսաստանին ներկայումս բավարարում է և հեռու է պահում գլխացավանքից: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ էր տեղի ունեցել նախորդ քարտուղարի թեկնածության հետ, հայկական կողմը կարող էր համաձայնության գալ՝ զիջելով թեկնածությունը:

Բայց հարաբերությունների այս մոդելն ընդունված չէ, և յուրաքանչյուրը պնդում է իր դիրքորոշումը, որի պատճառով էլ ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվում: Կարծում եմ` 2020-ից հետո միայն կտեսնենք նոր գլխավոր քարտուղար»,- ասաց Ֆելգենգաուեր:

Տեսանյութեր

Լրահոս