Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը պատրաստ է երկրորդ կարճատև պատերազմին. մեզ այլևս սպասելու է լայնամասշտաբ պատերազմ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ միասին, այցելել են մեր տարածաշրջան՝ նախ ժամանելով Երևան և հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Բայց ուշագրավ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով միջնորդական առաքելություն իրականացնող դիվանագիտական խումբն այս անգամ Արցախ չի գնացել։ Երևանից նրանք մեկնել են Բաքու։ Արցախ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասել է, որ Ստեփանակերտը դա խնդրահարույց չի համարում։ Նրա խոսքերով՝ նման դեպքեր նախկինում էլ են եղել, և Ստեփանակերտ գնալու անհրաժեշտություն չի եղել, քանի որ համանախագահները տարածաշրջան են եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած ոչ պաշտոնական հանդիպումների մանրամասներն ու նոր՝ պաշտոնական հանդիպման կազմակերպված հարցերը քննարկելու նպատակով։

Այս տեսանկյունից համանախագահների այցն իսկապես շատ ուշագրավ է ու բավական հետաքրքիր տողատակեր ունի։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի վարչապետը համանախագահներին ներկայացրել է Դավոսում հունվարին իր և Ադրբեջանի նախագահի «ոչ պաշտոնական» հանդիպման մանրամասները։ Պե՞տք է արդյոք սրանից եզրակացնենք, որ համանախագահները մտավախություններ ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են դուրս գալ Մինսկի խմբի վերահսկողությունից, այդ պատճառով եկել են պարզելու, թե ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Դավոսում։

https://www.panorama.am/news_images/302/904219_1/f55c62b8b727d3_55c62b8b72bba.thumb.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ համանախագահները Արցախ չեն գնացել։ Գուցե սա ինչ-որ ուղե՞րձ է Հայաստանի ղեկավարությանը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ Արցախի իշխանությունները պետք է ուղղակիորեն մասնակցեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին։

– Որքան էլ Արցախի պատասխանատուները ասեն, թե սա առաջին դեպքը չի, որ Մինսկի խմբի համանախագահները գալիս են Հայաստան և Արցախ չեն այցելում, այնուամենայնիվ, եթե այս դեպքում չեն այցելել՝ մի քիչ մեզ համար խնդրահարույց է, որովհետև մենք դա կապում ենք այն հանգամանքի հետ, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, անտրամաբանական դիրքորոշում է հայտնում՝ «ես Ղարաբաղի անունից չեմ բանակցում», բայց միևնույն ժամանակ համանախագահներին մանրամասն պատմում է, թե ինչ են խոսել Ալիևի հետ մեկուկես ժամ, այդպես էլ դրա անունը բանակցություն չդնելով։ Այդ իսկ պատճառով ստացվում է այնպես, որ որքան էլ Ալիևը փորձում էր իր ժողովրդի մարտական ոգին բարձր պահել, թե «միևնույն է, ուժով պետք է վերցնենք Ղարաբաղը, էսքան զենք ենք ձեռք բերել, Հայաստանին մեկուսացնում ենք տարածաշրջանում, հետևողական քայլեր ենք անում», բայց ստացվում է այնպես, որ մենք ենք ցույց տալիս, որ հրաժարվում ենք բանակցություններից, որովհետև եթե Արցախի անունից չենք բանակցում, չենք կարողանում Արցախին բերել բանակցային սեղան՝ նշանակում է հրաժարվողը դառնում ենք մենք։ Այսինքն՝ խաղում ենք Ալիևի խաղը։

– Այսօր Ալիևը կրկին վերահաստատում է Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», և հիմնախնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» սկզբունքի հիման վրա և այլն։ Թե՛ Բաքվի և թե՛ Երևանի կողմից իրենց դիրքորոշումների կոշտացման պայմաններում հնարավոր կլինի՞ վերականգնել բանակցային պրոցեսը և վերսկսել պաշտոնական բանակցությունները, պահպանել քիչ թե շատ ձևավորված երկխոսությունը, թե՞ Ադրբեջանը, տեսնելով, որ փաստորեն Փաշինյանը չի պատրաստվում «հանձնել Ղարաբաղը», կվերադառնա իր նախկին՝ սպառնալիքների, շանտաժների քաղաքականությանը կամ, այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտությանը»։

­- Խնդիրն այն չէ, որ մենք հիմա բանակցությունները սկսում ենք զրոյից։ Այն ժամանակ գոնե բանակցություններ կային, բայց չկար համաձայնություն, ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություն, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ։ Այսօր մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել բանակցություն սկսելու մասին, որովհետև եթե Հայաստանն ասում է, որ չի բանակցելու Արցախի անունից, իսկ Ալիևն էլ դեմ է Արցախի ներգրավմանը բանակցություններին, ապա բանակցությունը սկսում կորցնել իր տրամաբանությունը։ Բացի դրանից էլ՝ Ադրբեջանն ըստ էության մերժում է սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ անկախ նրանից՝ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվել է, թե ոչ։ Եթե խնդիր ես դնում Արցախին միացնել բանակցություններին՝ բանակցային ամբողջ գործընթացը դադարեցնում ես։ Եվ այս պարագայում, Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունից բացի, տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունն այսօր վարում է անկանխատեսելի քաղաքականություն։ Ոչ թե հայամետ, արևմտամետ կամ ռուսամետ, այլ ուղղակի անկանխատեսելի քաղաքականություն։ Իսկ աշխարհի մեծերը, ուժի կենտրոնները անկանխատեսելի իշխանության հետ հաճույքով չեն հարաբերվում։ Դա էլ է մոտեցնում այն խնդրին, որ տևականորեն չկարգավորված կոնֆլիկտները լուծվում են կարճատև պատերազմով, երբ մեկը նախահարձակ է լինում, իսկ մյուսին խաղաղություն են պարտադրում, կամ երկուսին են պարտադրում, բայց այդ դեպքում մենք արդեն կորուստ ենք ունենում։ Մենք այդ վտանգը հիմա մեզ վրա ենք վերցրել։

– Անկանխատեսելի քաղաքականություն ասելով՝ նկատի ունեք Արցախի՞ հարցում պաշտոնական Երևանի քաղաքականությունը, թե՞ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը։

– Նկատի ունեմ ընդհանրապես անկանխատեսելիությունը։ Դա ամեն ինչին են վերաբերում։ Օրինակ, եթե նայենք Սիրիա զորախումբ ուղարկելում (իրականում դա ոչ թե զորախումբ է՝ ուղարկված ռազմական գործողություններին մասնակցելու համար, այլ հումանիտար առաքելություն՝ կազմված ականազերծողներից, բժիշկներից և այլ մասնագետներից, Ա․ Ս․)՝ ես կուզենայի, որ այդ խնդիրը բերեին, մտցնեին Ազգային ժողով։ Խորհրդարանական մոդելի պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնություն ունի այնտեղ, և կան անգամ այնպիսի պատգամավորներ, որոնք ասում են՝ եթե մի նախադասություն էլ գրած լինեիք կառավարության ծրագրում՝ ես կողմ կքվեարկեի, նա, միևնույն է, չի ցանկանում այդ հարցը մտցնել խորհրդարան։ Եթե դա իսկապես բխում է մեր երկրի շահերից՝ մեծ հաճույքով կուզենայինք լսել, թե ինչպես է իշխանությունը փաստարկված ներկայացնում, որ որքանո՞վ է այդ կոնտինգենտը Սիրիա ուղարկելը,- թեկուզ անունը հումանիտար դնենք,- բխում Հայաստանի, մեր ռազմավարական դաշնակցի և հայ-ռուսական հարաբերությունների շահերից։ Եթե իսկապես դա լավ բան էր՝ ինչո՞ւ ենք դա պոստֆակտում քննարկել, ինչո՞ւ չենք հաճույքով մեր խորհրդարանում լսել այն բոլոր փաստարկները, որ դա բխում է Հայաստան պետության շահերից։ Ակնհայտ է, որ դա դառնում է մեկ մարդու որոշում։ Իսկ մենք անցել ենք խորհրդարանական համակարգի, որպեսզի մեկ մարդու վրա ճնշում չլինի։ Մենք փոքր պետություն ենք, ապրում ենք բարդ տարածաշրջանում։ Կիսանախագահական համակարգից հրաժարվեցինք նրա համար, որ մեկ մարդու ուսերին բեռը չընկնի։ Մեկ մարդուն ճնշելը հեշտ է։ Իսկ այսօր այդ մեկ մարդը ոգևորված ասում է՝ որոշումը ես եմ կայացնում, պայմանավորվել եմ՝ ուղարկում ենք։ Այս գործելաոճը միայն Արցախին չի վերաբերում։ Այս բոլոր վտանգները գալիս, գումարվում են, բայց կոտրվելու են Արցախի վրա, որովհետև Արցախի հարցում մենք արդեն գնում ենք դեպի պատերազմ։

– Ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր այդ կանխատեսումը։ Դա ժողովրդին հերթական անգամ պատերազմով վախեցնելու փորձ չէ՞ արդյոք ասել, թե «գնում ենք պատերազմի», «վերելակային դիվանագիտություն», «օղակը Արցախի շուրջ սեղմվում է»՝ ինչպես Աշոտյանն ու իր կուսակիցներն են սիրում ասել։

– Այսպիսի մի խնդիր կա։ Ժամանակին, երբ մենք կրկին ասում էինք, որ իրավիճակը տանում է պատերազմի, և դա ասում էինք Ապրիլյան պատերազմից առաջ, այն ժամանակ էլ էին ասում, թե ի՞նչ կարիք կա մարդկանց ահաբեկել։ Բայց տեսանք, չէ՞, ինչ եղավ։ Մենք գիտենք, որ այսօր խաղաղապահ ուժեր չկան Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում։ Ստատուս-քվոն առայժմ պահպանվում է այն պատճառով, որ հարձակվող կողմն այնքան ուժեղ իրեն չի զգում, որ իմանա՝ հարձակման դեպքում ինքը հաջողություն կունենա, որովհետև հարձակվողի կորուստը սովորական պատերազմի ժամանակ ավելի մեծ է։ Բարի կամք կդնենք անունը, թե ուժերի հավասարակշռության խնդիր, ամեն դեպքում առայժմ դրա հույսին է, որ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել։ Այսօր մեր հակառակորդն ուժեղանում է, աշխարհաքաղաքական առումով իր հնարավորություններն ավելի են մեծանում, մենք դառնում ենք անկանխատեսելի խաղացող, իրարից տրամագծորեն տարբեր կարծիքներ հայտնում, որովհետև անհասկանալի է՝ եթե ասում ես՝ Ղարաբաղը պիտի բանակցի, հետո կանգնում, հանրահավաքի ժամանակ մատ ես թափ տալիս Ղարաբաղի իշխանության վրա, կանգնում, ասում ես, որ ես պատկերացնում եմ Ղարաբաղը Հայաստանի կազմում։ Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի ու եթե ինքնորոշման իրավունքի ճանաչման պարագայում կանգնեց, ասեց՝ ես ուզում եմ անկախ լինեմ, մենք իրեն պիտի պատժե՞նք։ Ի՞նչ ենք անելու։ Չէ՞ որ մենք ինքնորոշման իրավունքի արտահայտման երաշխավորն ենք։

– Բայց ոչ միայն ներկայիս կառավարությունը, այլև նախորդ վարչակազմերից որևէ մեկը չի հստակեցրել, չի բարձրացրել հարց, թե ինչպես ենք պատկերացնում Արցախի հարցի վերջնական լուծումը։ 1989-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման որոշումը, հետո Արցախը գնաց անկախության ճանապարհով, հայկական կողմն էլ դիվանագիտության մեջ որդեգրեց Արցախի անկախության և ինքնուրույնության վրա շեշտը դնելու մարտավարությունը, իսկ դա հանգեցրեց որոշ թյուրընկալումների, թե Արցախը Հայաստանից էլ է անկախ։ Չէ՞ որ չունենք տեսլական՝ մեր վերջնանպատակը ո՞րն է, վերամիավորվելու ենք, թե՞ Արցախը մնալու է անկախ պետություն։

­- Խնդիրը հետևյալն է։ Մեր հասարակության գերակշռող մասը, եթե չասեմ՝ ամբողջությամբ, համոզված է, որ Ղարաբաղը և Հայաստանը մեկ օրգանիզմ են, միասնական են ամեն ինչով, կենսական բոլոր ոլորտներում կապված են, և այնտեղ որևէ խնդիր անգամ չի դրվել, ընդամենը մնում է, որ դա իրավաբանորեն ֆիքսվի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Դա հասկանալի է։ Բայց մեր փաստարկն այն է, որ այդ ամենը բխում է ինքնորոշման իրավունքից։ Մենք խոսում ենք 1975 թ․ օգոստոսի 1-ին ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, բայց այն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը չունեին միջպետական սահմաններ։ Խորհրդային միության մեջ ներքին սահմաններ էին։ Բայց չէ՞ որ 1999 թ․ նոյեմբերի 18-19-ին՝ Ստամբուլի գագաթնաժողովում, Հայաստանն ու Ադրբեջանը փաստաթուղթ ստորագրեցին՝ ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման, պետությունների սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Հետո Հայաստանի ղեկավարն էլ հայտարարեց, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը դուրս ենք համարել։ Հիմա մենք գտնվում ենք այդ վիճակում։ Արցախը մեզ հետ միացած չէ, ընտրություններին չի մասնակցում։ Ժամանակին Արցախում ընտրատարածք կար, հիմա չկա։ Մենք այլևս վերամիավորման փաստաթղթով չենք առաջնորդվում։ Արցախն ունի Սահմանադրություն, նշել է իր սահմանները, ազատագրված տարածքները մտցրել է դրա մեջ։ Հայաստանն ընդունել է իր Սահմանադրությունը՝ նշելով իր սահմանները։ Այլևս մենք պետք է որպես բարի կամք ընդունենք միավորման փաստաթուղթը, որը ժամանակին ունեցել ենք։ Ոչ ավելին։ Արցախը չճանաչված, բայց սուվերեն, անկախ պետություն է։

– Դրա համար էլ Փաշինյանը շատ տրամաբանական մի բան է ասում, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, չի ընտրել Հայաստանի իշխանություններին՝ ի տարբերություն, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի», որի ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացիներ են և ընտրում են Ադրբեջանի ղեկավարությանը։ Այդ պատճառով Արցախի իշխանությունները պետք է իրենց խոսքն ունենան բանակցություններում։ Համաձայն չե՞ք։

– Շատ լավ։ Հիմա այստեղ խնդիր է առաջանում։ Մենք բոլորս կարող ենք ասել՝ Արցախը Հայաստան է, բայց պաշտոնական Երևանը պիտի ասի, որ մենք չենք ասում՝ Արցախն ինչպես ենք ճանաչում, Արցախն ինքը կորոշի՝ ինչ է ուզում։ Սա շատ կարևոր է, որպեսզի դա չդառնա տարածքային վեճ մեր և Ադրբեջանի միջև։ Որոշ իշխանավորներ անզգուշաբար նման բան ասացին։ Մենք ուզում ենք հստակեցնել խնդիրը։ Եթե ասում ես՝ Արցախը Հայաստան է, և իրավունք ես վերապահում Արցախի ղեկավարության վրա այնպես մատ թափ տալ, ինչպես քո մարզպետների վրա, ապա անտրամաբանական է, որ ասես՝ իրենք անկախ են, իրենք պիտի իրենց անունից բանակցեն։

– Այսինքն՝ հակասություն եք տեսնում խոսքերի մեջ։

– Ես խոսում եմ այն մասին, որ պետք է մեկ գիծ որդեգրել՝ թեկուզ սխալ, բայց իմանալ, որ դրա մեջ տրամաբանություն, տրամաբանական շղթա կա։ Սա թափթփված մոտեցում է։ Այս պահին սա է պետք՝ սա ենք ասում, մի ուրիշ պահի նա է պետք՝ նա ենք ասում։ Բայց չէ՞ որ մարդիկ այդ երկուսը դնում են իրար կողք և համադրում են։

– Բայց Դուք ի՞նչ եք կարծում, Երևանի և Ստեփանակերտի միջև տարաձայնությունները չե՞ն հարթվել։

– Կարծում եմ, որ ավելի են խորացել, որովհետև Արցախի իշխանություններն այսօր շատ ավելի ճնշված են իրենց զգում մի ուրիշ պատճառով։ Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերում՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կարողանում էին բանակցել Արցախի անունից հայտնի պատճառներով։ Բայց այն ժամանակ Արցախը սիրահոժար իրեն համարում էր կոպիտ ասած՝ մարզպետարան, որովհետև հասկանում էր, որ իրենց շահերը Երևանում բարձր մակարդակով պաշտպանվում են և իրենց խնդիրները բարձր մակարդակով լուծվում են։ Այսօր երբ խնդիր ես դնում, ասում ես՝ Արցախ, դու անկախ ես, բայց նրա վրա մատ ես թափ տալիս, Արցախը անվստահություն է զգում Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Սա է խնդիրը։ Նա հասկանում է, որ ինքը չի կարող ուրիշ որոշում կայացնել։ Նա սիրահոժար չի պատվիրակել Հայաստանի ղեկավարին, որպեսզի նրան ենթարկվի՝ ինչպես ժամանակին էր։ Այսինքն՝ մենք մի բան քանդում ենք՝ դրա տեղը ոչինչ չենք ստեղծում։ Նույնիսկ մարդը չի հասկանում, ասում է՝ խաղի կանոնները գծի, գուցե համաձայնեմ, այդ խաղի կանոններին ենթարկվեմ։ Բայց այսօր խաղի կանոն չկա։

– Իսկ ունի՞ արդյոք Հայաստանի նոր կառավարությունը ընդհանուր քաղաքականություն, ստրատեգիա, թե ինչպես պետք է առաջ շարժվել ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերում, լինեն անվտանգության ռիսկերն ու սպառնալիքները, թե դիվանագիտական գործընթացը կամ այլ հարցեր։

– Այստեղ խնդիրն այն է, որ առաջինը Հայաստանը պետք է շահագրգռված լինի, որ բանակցությունները շարունակվեն։ Երկրորդը, եթե կարողանում է բանակցություններն ինչ-որ կերպ ձգձգել, ինչը բխում է մեր շահերից, այսպես ասած՝ ստատուս-քվոն կարողանում է պահպանել, դրանից էլ ենք մենք շատ ուրախ։ Ոչ մի պարագայում Հայաստանը չպիտի անի այնպիսի մի քայլ, որը կհանգեցնի նրան, որ բանակցությունների հրաժարվողը մենք ենք կամ Մինսկի խմբի ձևաչափը մենք ենք համարում սպառված։ Եթե նույնիսկ Ալիևը բերի անտրամաբանական պահանջներ, որպեսզի հնարավոր չլինի համաձայնության գալ, մենք էլ կարող ենք մեր պահանջները բերել՝ Դաշտային Ղարաբաղի, Արծվաշենի, Նախիջևանի խնդիրներն ու ասել՝ հարգելիս, մենք էլ կարող ենք սա դնել բանակցային սեղանին, բայց չենք ուզում բանակցությունները փակուղի մտցնել։ Եթե դու բերել, անտրամաբանական պահանջներ ես դնում՝ մենք էլ կարող ենք որպես այդպիսին բերել, բայց չենք դնում սեղանին, որպեսզի չդառնանք ապակառուցողական։ Եվ դրանով ցույց տանք, որ մենք էլ պահանջատիրության պակաս փաստարկներ չունենք։ Մենք պահանջատիրության փաթեթ պիտի ունենանք, բայց դրանով ընդամենը պետք է իր ապակառուցողականությունը ցույց տանք։ Այդ փաթեթը պետք է լինի թևի տակ, ոչ թե սեղանի վրա։

– Բայց մենք նույնիսկ Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի մասին չենք խոսում, ուր մնաց՝ Նախիջևանի հարցը բարձրացնենք։ Մինչդեռ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է «օկուպացված տարածքների» մասին։

– Այո, հենց դա եմ ասում։ Այդ փաթեթը պիտի հետդ տանես, որ հենց նա շեղվի բանակցությունների բուն թեմայից, կառուցողական բանակցություններից, փորձի մեզ դրդել ագրեսիվության, մենք հանենք, ցույց տանք, ասենք՝ մենք էլ սա ունենք, մենք էլ ենք պահանջատեր, բայց եթե ուզում ենք համաձայնության գալ՝ հանուն մեր ժողովրդի խաղաղության, ուրեմն սա չենք դնում սեղանին։ Բարի եղեք, դուք էլ անտրամաբանական առաջարկներ սեղանին մի դրեք։ Բայց մենք դա հնչեցնելու ենք, ասելու ենք, որ մենք էլ դա ունենք։

– Իսկ ունե՞ք արդյոք տպավորություն, որ գլոբալ իմաստով Փաշինյանը, որպես երկրի նոր ղեկավար, կանգնած է շատ բարդ երկընտրանքի առջև՝ կա՛մ գնալ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասում՝ «արժանապատիվ խաղաղության», եթե, իհարկե, դրա հնարավորությունը կա, կա՛մ հակամարտությունը սառեցնելու, ստատուս-քվոն պահպանելու ճանապարհով՝ ինչպես, ըստ էության, անում էին երկրի նախորդ երկու նախագահները։

– Ասեմ, թե ինչու չենք կարող գնալ արժանապատիվ խաղաղության։ Որովհետև երբ Ալիևն ասում է՝ աշխարհը փոխվել է, նոր աշխարհակարգ է, և պետք է խոսել ուժի դիրքերից, «ով ուժեղ է՝ նա էլ ճիշտ է», և միանգամից ասում է, որ «ես կարող եմ վերցնել Զանգեզուրը և Երևանը», այդ մարդու հետ արժանապատիվ խաղաղության մասին այլևս չես կարող խոսել։ Նա ցանկանում է գրավել ՄԱԿ-ի անդամ երկրի մայրաքաղաքը։ Ու այդ դեպքում Հայաստանը նորից չպետք է ագրեսիվ հռետորաբանությամբ պատասխանի, այլ ընդամենը պիտի ասի, որ մենք ապշում ենք, որ մեր հարևան երկիրն ուզում է միլիոնանոց քաղաքի, խաղաղ բնակչության վրա գնալ։ Մենք ինքներս հնարավորություն ունենք կոճակ սեղմելով հողին հավասարեցնել իրենց մայրաքաղաքը, բայց հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի իր արկածախնդիր, ագրեսիվ մտքից, որովհետև հայտնի չէ՝ նա կհասնի՞ Երևան, թե՞ ոչ, բայց որ մեր հրթիռները Բաքու կհասնեն՝ դա հաստատ է։ Բայց մենք դա չենք անում, չենք ոգևորվում, որովհետև մենք գործ ունենք խաղաղ բնակչության հետ։ Դա արդեն պատերազմ չէ, եթե ստիպված լինենք համարժեք արձագանքել ագրեսիային։ Մենք պիտի բացատրենք ադրբեջանական կողմին, որ մենք էլ այդ հնարավորությունն ունենք, բայց վկա է ամենազոր Աստված՝ չենք ցանկանում նույնիսկ դրա մասին մտածել, որ կարող ենք օգտագործել։ Բայց հորդորում ենք հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից։ Եթե ուժի դիրքերից եք խոսում՝ այդ ուժը մենք էլ ունենք։

– Դուք փաստում եք, որ Ադրբեջանը չի փոխվել, չի հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից, պատերազմի քարոզչությունից, հակահայկական քաղաքականությունից և Արցախի ու Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից, բայց հատկապես Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած վերջին հանդիպումից հետո, երբ հայտարարվեց, թե կողմերը համաձայնել են «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար», Հայաստանում շատ արդիական են դարձել խոսակցությունները խաղաղության և խաղաղասիրության մասին։ Ոմանք փորձում են համոզել, թե Ադրբեջանը փոխվել է, իրականում ոչ թե ամբողջ Ղարաբաղն է ուզում, այլ, այսպես կոչված՝ 5 կամ 7 շրջանները։

– Եթե նա միանգամից մեկ նախադասության մեջ ասում է, որ ուզում է նաև Հայաստանի տարածքները, դա նշանակում է՝ ցանկացած տարածք փուլային տարբերակով զիջելը վտանգը կմոտեցնի մյուս տարածքին։ Այսինքն՝ դա բացառվում է։ Շատ է խոսվել այն մասին, որ փաթեթային պայմանավորվենք, բայց փուլ առ փուլ իրականացնենք հիմնախնդրի կարգավորումը, և եթե թեկուզ մեկ կետ համաձայնեցված չի, նշանակում է՝ համաձայնեցված չի ամբողջ փաթեթը, ապա դա խոսում է հենց այդ տրամաբանության մասին, որ այո, հնարավոր չի բոլոր կետերը միաժամանակ կյանքի կոչել, պետք է փուլ առ փուլ անել, բայց պետք է համաձայնության գալ փաթեթով։ Իսկ փաթեթի մեջ ամենակարևոր բաղադրիչը մեզ համար Արցախի ինքնորոշման իրավունքի արտահայտման հնարավորությունն է կամ դրա ճանաչումը։

– Բայց ինչպե՞ս անել, որ առաջին քայլը հայկական կողմից չպահանջեն։ Երբ խոսք է գնում հիմնախնդրի կարգավորման մասին, սլաքներն անմիջապես ուղղում են Հայաստանի վրա՝ թե «տարածքները վերադարձրեք»։

­- Մենք այսօր ունենք հնարավորություն՝ ցույց տալու, որ եթե հակառակորդը ցանկացած զիջում ուզենա մեզնից, դրանով մեծացնում է պատերազմի վտանգը։ Արդեն խոսեցինք դրա մասին։ Այսօր մենք ոչ թե չենք կարողանում հասարակությանը պատրաստել խաղաղության, այլ չենք կարողանում ասել այդ խաղաղության գինը։ Միջնորդներն ասում են՝ «ձեր բնակչությանը նախապատրաստեք խաղաղության»։ Բայց մենք խաղաղ ապրում ենք մեզ համար, ինչի՞ն են նախապատրաստում։ Այսինքն՝ դա նշանակում է տարածքներ զիջել հանուն խաղաղության, կարգավիճակի հարց լուծել, տարածք տալ։ Դրան է վերաբերում խաղաղությունը։ Մարդն էլ ասում է՝ եթե ուզում ես որպես սկզբունք՝ ես որպես սկզբունք քեզ ասում եմ՝ այո, մենք պատրաստ ենք փոխզիջման, որովհետև չենք ուզում ասել՝ պատրաստ չենք։ Այլապես ինչի՞ ենք բանակցում։ Բայց ուզում ենք ասել այդ փոխզիջման գինը, որպեսզի իմանանք, մեր հասարակությունը պատրաստ լինի, որովհետև եթե նույնիսկ մեր առաջին դեմքերը պատրաստվեն՝ դա դեռ չի նշանակում, որ հասարակությունը պատրաստ կլինի։ Կարող է այդ առաջին դեմքին տապալել ու վերջ։ Իսկ ի՞նչ են անում համանախագահները։ Ասում են՝ պատրաստիր հասարակությանդ խաղաղության, բայց չգիտեմ՝ ինչի դիմաց, և հենց նա պատրաստ լինի, մենք քո վրա ճնշում կգործադրենք, ու ինքն էլ քեզ չի պաշտպանի։ Եթե չես լուծել այն հիմնական հարցը, ինչի պատճառով կարող է կռիվ լինել, տարածք հանձնելով՝ ինչպե՞ս ես խաղաղություն ստանում։

Ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա։ Պարբերաբար հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ոչ թե դիտավորությամբ, այլ շատ նրբորեն իրենց լուսաբանումների մեջ ուշադրություն են հրավիրել մի կարևոր փաստի վրա։ Ո՞րն է դա։ Եթե խոսել են նույնիսկ մեկ գյուղի խնդրից՝ նշել են, որ ի դեպ, ադրբեջանական գերեզմանները մինչև հիմա որևէ մեկը չի քանդել։ Ու էնպես չի, որ միայն դրսից բլոգերն է գալիս, այդ մասին գրում։ Մեր լրագրողները նույնպես գրել են դրա մասին, բայց ցույց չեն տվել, որ դա քարոզչական նպատակով է արվում։ Այլ ուզում են ասել, որ մենք գերեզմանների հետ կռիվ չունենք։ Եթե դա մեզ համար սրբություն է՝ հարգում ենք անգամ թշնամու սրբությունը։ Իսկ մեր հակառակորդը վերցրեց, Ջուղայի գերեզմանատունը քանդեց, դրա տեղը հրաձգարան սարքեց։ Նա ցույց տվեց իր վերաբերմունքը, մենք մինչ օրս ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը, որ նույնիսկ պատերազմում զոհ ունեցող մարդը չի գնում իր չարությունը թափելու ադրբեջանական գերեզմանի վրա։ Մինչ օրս Հայաստանի բոլոր նախկին ադրբեջանաբնակ գյուղերում գերեզմանները պահպանվել են։ Սա պարզ օրինակ է, որը ցույց է տալիս, որ մեզ մոտ հակաադրբեջանական փսիխոզ չկա, մեր կռիվը Ադրբեջանի վարած պետական քաղաքականության դեմ է։ Գենետիկորեն անհամատեղելիություն էլ չկա, որովհետև ամբողջ աշխարհում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ ապրում են, խառը ամուսնանում և իրար հետ բիզնես են անում։ Մեր կռիվը Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության դեմ է, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի, որովհետև ժողովուրդը դարձել է այդ քաղաքականության պատանդը։ Մենք նրանց էլ ենք խղճում։ Մեզ պետք չի բացատրել, որ թշնամանքը, ատելությունը լավ բան չէ։ Մենք չունենք հակաադրբեջանական փսիխոզ։

– Վերադառնանք վերևում նշված հարցին՝ երբ Ադրբեջանը հասկանա, որ հայկական կողմը չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել, և բանակցային ճանապարհով չի կարող իրեն ցանկալի լուծումների հասնել, ինչպե՞ս կվարվի, կփորձի՞ արդյոք ռազմական ճանապարհով գնալ։

– Այդ հարցն, ինչպես ասում են, գոյության իրավունք ունի, որովհետև մենք այսօր փորձում ենք հասկանալ՝ ադրբեջանական կողմը կփորձի՞ հարցը լուծել ռազմական ճանապարհով, թե՞ ոչ։ Մենք գիտենք, որ կարճատև պատերազմ իրենք 2016 թվականին սանձազերծեցին և եթե նույնիսկ որոշ դիրքեր գրավեցին, ապա դա այն էֆեկտը չէր, որն իրենք կուզեին ունենալ։ Երկրորդ կարճատև պատերազմն անիմաստ է դառնում, որովհետև Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է երկրորդ կարճատև պատերազմին։ Ոչ միայն զինված ուժերը, այլ Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է երկրորդ կարճատև պատերազմին։ Ադրբեջանը հաստատ դրանից չի շահի։ Բայց ապրիլյան կարճատև պատերազմը մեզ ցույց տվեց, որ սին էին մեր այն հույսերը, թե միջազգային կառույցները կամ նավթային ընկերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը պատերազմ սկսի։ Այսինքն՝ այդ թյուրիմացությանը երկրորդ անգամ չի կարելի խաբվել։ Ուրեմն մենք ոչ թե պիտի ուրախանանք, որ մենք կարճատև պատերազմին պատրաստ ենք, այլ պետք է մտածենք, որ մեզ այլևս սպասելու է լայնամասշտաբ պատերազմ։

– Նույնիսկ այդպե՞ս։

– Իհարկե, դա է մեզ անհանգստացնում, որովհետև այսօր առաջանում է մի խնդիր․ աշխարհի ուժային կենտրոնները, առանձնապես գլուխ չհանելով Հայաստանի նոր իշխանություններից, ուղղակի պիտի ասեն՝ դե մի լուծում գտեք՝ մի բան ֆիքսենք։ Այսինքն՝ պետք չի հուսալ, որ նրանք ամեն ինչ անելու են, որ այդ պատերազմը չլինի։ Նրանք հորդորելու են, որ չլինի, բայց չեն կանխելու։ Մենք մեր հույսը պիտի դնենք առաջին հերթին մեր դիվանագիտության վրա, այնպես անենք, որ խնդիրը դրան չհասնի, որովհետև եթե Ադրբեջանը ներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ՝ նա պետք է իմաստ տեսնի դրա մեջ, որ իսկապես կարող է Հայաստանին հաղթել։

– Բայց դրա քաղաքական հետևանքներն էլ Ադրբեջանի համար կարող են շատ ծանր լինել, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո անմիջապես Եվրոպայի և Ամերիկայի քաղաքական շրջանակներում սկսեցին բարձրացնել Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիք։ Երկրորդ անգամ դա կարող է Ադրբեջանի համար ավելի ծանր ու անցանկալի հետևանքներ ունենալ։

– Բացի դրանից, Ապրիլյան պատերազմից հետո գոնե մի երկու փաստաթուղթ ստիպեցին Ադրբեջանին ընդունել՝ զինադադարի համաձայնագրի հարգման, շփման գծում վերահսկողական մեխանիզմներ տեղադրելու և այլնի մասին։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Նկատի ունենանք՝ Ադրբեջանը միշտ կարողանում է ասել․ «Քանի որ ես տարածք եմ կորցրել, ագրեսորը ես չեմ։ Ես պատերազմի ժամանակ տարածք եմ կորցրել, և եթե չկարողանամ դրանք բանակցությունների միջոցով հետ բերել՝ ստիպված պիտի պատերազմով հետ բերեմ։ Հասկացեք ինձ, ախր ես ո՞նց կարող եմ այլ կերպ վարվել։ Հո իմ տարածքը չե՞մ թողելու»։ Այսինքն՝ որքան էլ մարդիկ հիշեն, որ նախահարձակը Ադրբեջանն էր, այնուամենայնիվ, երբ այդ հարձակումից որոշ ժամանակ է անցնում, ի վերջո դրսի ուժերն ասում են՝ «դե ճիշտ է ասում էս մարդը, ինքն է տարածք կորցրել, բա ինքը պիտի ագրեսիվ լինի»։ Մենք պետք է հաշվի առնենք այս հանգամանքը և ոչ մի պարագայում ագրեսիվ լինելուն ագրեսիվ չպատասխանենք։ Լինենք շատ համբերատար, կառուցողական, բայց միշտ ցույց տանք, որ լի ենք վճռականությամբ՝ մեր պետության անվտանգությունն ու շահերը պաշտպանելու։ Իսկ երբ ասում ենք՝ «մեր», նկատի ունենք նաև Արցախը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում