Աղետի գոտու խնդիրների գնահատման աշխատանքային խումբ կձևավորվի

Աղետի գոտու խնդիրների գնահատման աշխատանքային խումբ կձևավորվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Աղետի գոտու խնդիրների հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի իրական պատկերն ու վիճակագրությունը. աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը: «Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին:

Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը, կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն: Եթե բանավեճը կոնսենսուսով չի լինում լուծել, պետք է քաղաքական որոշումով, օրենքով, կառավարության որոշմամբ լուծվի, որ մենք ունենք այս պարտավորությունը, այս ծավալը, այսքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դա իրականացնելու համար և գնահատենք, թե ինչ ժամկետում կարող ենք այդ ֆինանսական միջոցները հատկացնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մենք այսօր ոչ մի բան չգիտենք:

«Մենք գիտենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին եղել է երկրաշարժ, որի հետևանքները մինչ օրս վերացված չեն, և չգիտենք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է մեզ անհրաժեշտ դա իրականացնելու համար: Հետևաբար, աշխատանքային խումբը հնարավորինս արագ այս հարցերի պատասխանը պետք է իմանա և դա պետք է լինի ռազմավարական փաստաթուղթ: Մենք նաև բարերարների հետ աշխատելու ռազմավարություն չունենք: Եվ հիշում ենք, որ աղետի գոտին միայն Գյումրին չէ, աղետի գոտին իր ամբողջ ծավալով: Իհարկե, Գյումրին ամենամեծ ազդեցություն կրած, ավերածություններ տեսած և աղետի գոտու վերացման աշխատանքների ամենակենտրոնական ուղղությունն է, բայց պետք է իսկապես պատկերացնել, թե ինչ ենք նկատի ունենում՝ ինչ ծավալ է աղետի գոտին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գյումրիում կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ կառավարության արտագնա նիստը: Նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---