Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանական կողմը և ընդդիմախոսները տարբեր կերպ են մեկնաբանում Մարտի 1-ի դեպքերը


Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր կազմակերպել էր կոնֆերանս, որտեղ փաստաբաններն ու երկրորդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչները հայտարարեցին՝ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, քանի որ դեռ 2008-ին նրա գործողություններում որևէ ապօրինություններ չեն եղել։ Ավելին, ըստ փաստաբանների, նախագահի հրամանագրով մտցված արտակարգ դրությունն է, որ իրավիճակը կայունացրել է, հակառակ դեպքում չէր բացառվում, որ զոհերի թիվն ավելի շատ լիներ։

Հանձնախմբի համակարգող, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը ցավակցելով 10 զոհերի հարազատներին՝ խոսեց Քոչարյանի գործի, իր բնորոշմամբ, ապօրինություններից։

«Ինձ համար գոնե ակնհայտ է, եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր և համապատասխան քայլեր չձեռնարկվեին, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, և Երևանի առնվազն կենտրոնը կլիներ գուցե օրեր շարունակ այն իրավիճակում, ինչ որ մենք տեսել էինք այդ մի քանի ժամվա ընթացքում։ Երբ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 զոհերից 2-ը ոստիկաններ են և 187 ոստիկաններ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, տուժողներ են, խոսել խաղաղ ցուցարարների մասին ուղղակի անհեթեթ է», - ասաց Վարդանյանը։

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի փաստաբանները ներկայացրին իրենց դիտարկումները գործի մանրամասների վերաբերյալ։ Հայկ Ալումյանը խոսեց 2008-ի մարտի 1-ի առավոտյան ցուցարարների զինված լինելու մասին։

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նամակ է հղում ոստիկանապետին և ասում, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել Ազատության հրապարակում։ Ի դեպ, ասեմ՝ ոչ միայն հրազեն է այնտեղ եղել, ոչ միայն մահակներ, «ոզնի» կոչվող այդ մետաղական ամրաններից սարքած սարքավորումները, այլ ինչն այդ իրավիճակում առավել վտանգավոր էր՝ մարտական նռնակներ», - նշեց Ալումյանը։

Մինչդեռ դեռևս նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի գործով վճռում շեշտել է. «Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները կամ նույնիսկ որևէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել։ Բացի այդ, Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքերը, այդ թվում՝ ատրճանակները, նռնակներն ու «ծակող» սուր առարկաներն առնչություն են ունեցել ցուցարարներից որևէ մեկի հետ։ Ոչ էլ որևէ ապացույց է եղել, որը կհիմնավորեր, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ցուցարարների կողմից օգտագործվել են հրազեններ, պայթուցիկ նյութեր կամ սառը զենք, ինչը զարմանալի է՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել և մտադրություն են ունեցել զինված ապստամբություն սկսելու»։

Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել։

Ռոբերտ Քոչարյանի գործը որևէ կապ չունի սպանությունների հետ, Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, շարունակեցին պնդել երկրորդ նախագահի պաշտպաններն ու համախոհները։ Նրանց գնահատմամբ, իրավապահները պետք է զբաղվեն սպանությունների հանգամանքների, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցածի իրական մեղավորների բացահայտմամբ։ Քոչարյանի պաշտպանական կողմը կրկին պնդեց՝ նախագահն անձեռնմխելի է, չի կարող հետապնդման ենթարկվել, միևնույն ժամանակ, քրեական այն հոդվածը, որով նա մեղադրվում է, 2008-ին չի եղել։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ պնդեց՝ օրենքները թույլատրում են զինված ուժերին օգտագործել նաև հասարակական կարգի համար, նույնիսկ առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահի փաստաբանները, հիմնավորելով հայտնի 0038 հրամանի ստեղծման անհրաժեշտությունը, հայտարարեցին՝ իրավապահները օպերատիվ տվյալներ ունեին, որ կար վտանգ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունը զինված կարող է միանալ ընդդիմությանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում հերքում է ինչպես այս տեսակետը, այնպես էլ այն, որ մայրաքաղաքի կենտրոնում անկարգություն արած սադրիչները իրենց կողմնակիցներն էին։

«Որևէ սպառնալիք, որևէ գործողություն չի եղել, որը կենթադրեր, որ ընդդիմության շարքերում կան ռազմականացված խմբեր, զինված խմբեր կամ կա որևէ պլան այդ ճանապարհով խնդիրը լուծելու։ Եղել է դիմում Սահմանադրական դատարան, և որպեսզի իշխանությունը հանկարծ թույլ չտա Սահմանադրական դատարանում այդ դիմումի իրական, իրավական լուծում, գնացել է սեփական ժողովրդին քաղաքի կենտրոնում գնդակահարելու ճանապարհով», - ասաց Խաչատրյանը։

Երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ 2008-ին իշխանությունները ներքաղաքական գործընթացներում հանցավոր ձևով ներգրավել են զինված ուժերն, ապօրինի զինված քաղաքացիական անձանց, քաղաքացիների իրավունքների խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Այսպես, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008-ին գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ասված է մեղադրական եզրակացությունում:

Հենց այդ գործողություններն էլ, ըստ մեղադրանքի, հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-6 հոդվածների գործողության դադարեցման, որով պաշտոնյաները, իրենց լիազորությունները անցնելով, խախտել են քաղաքացիների իրավունքները, սրա հետևանքով զոհվել է 10 քաղաքացի։

XS
SM
MD
LG