Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությունը

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մասնավոր 
բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին:  Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակից։

«Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, որը հետամուտ կլինի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծմանը:   

Մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով Հիմնադրամը հետամուտ կլինի շահառու ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն, այդ թվում՝ կորպորատիվ կառավարման կատարելագործման և թափանցիկության բարձրացման միջոցով, ինչպես նաև նպաստելով նրանց միջազգայնացմանը:

Նախաձեռնությունը նաև ներառում է կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում տեղական ձեռնարկություններին ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում՝ ՓՄՁ-ների ներդրումային պատրաստակամության  բարձրացման  և մրցունակության խթանման նպատակով:

«Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան։ «ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը՝ հայերի տաղանդի շնորհիվ»։

«ՀՀ կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 «Ձեռնարկատիրության բնագավառում Հայաստանն ունի խոսուն պատմություն և ահռելի ներուժ։ Մենք ուրախ ենք աջակցելու այս մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկին, որը կխթանի ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսավորման հնարավորությունների դիվերսիֆիկացումը։ Այս ծրագիրը կնպաստի նաև ներդրումային միջավայրի բարելավմանը և ընդհանուր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Երախտապարտ ենք մեր վաղեմի գործընկերոջը՝ ԵՄ-ին, այս ծրագրին մեծապես աջակցելու համար», - ասաց ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն։

«Մենք շատ ոգևորված ենք լինելու այս նախաձեռնության մասնակիցը՝ Հայաստանում առաջին անգամ գործարկելով բաժնեմասնակցային ներդրումների հայեցակարգը: Ֆոնդը համատեղելու է լավագույնը երկու կարևորագույն աշխարհներից՝ բարձր մակարդակի ներդրողներ և ռազամավարական նշանակություն ունեցող կորպորատիվ հաճախորդներ՝ ստեղծելու ամուր և երկարաժամկետ գործընկերություն: Մենք նպատակ ունենք դառնալու փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը՝ կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչների ներդրման, տեխնոլոգիական փոխակերպումների և կապիտալի շուկայի զարգացման միջոցով», - ասաց Ամբեր Կապիտալ Հայաստանի գլխավոր տնօրեն Անուշ Սիմոնյանը:

Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է, որը յուրաքանչյուր շաբաթ միջինում 1 միլիոն եվրո է հատկացնում ավելի լավ կառավարման, ավելի ուժեղ տնտեսության, ավելի սերտ կապերի և մարդկային շփումների բնագավառներում։ Դրամաշնորհային ծրագրերի միջոցով տարեկան հատկացնելով 40 միլիոն եվրո՝ ԵՄ-ը  հիմնական ընթացիկ պորտֆելով օժանդակում է կառավարության բարեփոխման օրակարգին, մասնավոր հատվածին, կրթական և տարածաշրջանային զարգացմանը։ Ավելին, 2014 թ. սկսած վարկերի և դրամաշնորհային ծրագրերի միջոցով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում։

ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում, որն ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում։ 1992 թ. Հայաստանում իր գործունեությունն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը կատարել է 1.36 միլիարդ եվրոյի ներդրում ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների 178 ծրագրում, ներդրումների 90 տոկոսը՝ մասնավոր հատվածում։

  • Ամբեր Կապիտալի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը» նպաստելու է Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը՝ ստեղծելով առաջին բաժնեմասնակցային ֆոնդը Հայաստանում։
  • ԵՄ-ը ստանձնում է 11 միլիոն եվրոյի պարտավորություն՝ մասնակի երաշխավորման շեմի միջոցով, ինչը հնարավոր է դարձրել մասնավոր ներդրումներ ներգրավել ֆոնդ, և 4 միլիոն եվրո՝ հայաստանյան ՓՄՁ-ների համար մասնագիտական աջակցության ձեռքբերման համար։
  • ՎԶԵԲ-ը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։
  • Ամբեր Կապիտալը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։

Հիմնադրամը կապահովի ֆինանսավորում՝ հայաստանյան ՓՄՁ-ների մրցունակության ամրապնդման և միջազգային, մասնավորապես՝ եվրոպական շուկան հասանելի դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]