×


«Այն ժամանակ շատ երիտասարդ էինք...». Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը 2-րդ անգամ նշանվել են

Առաջին նշանադրությունից 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նորից պլանավորում են ամուսնանալ: Զույգը երկրորդ անգամ է նշանադրվել, այդ մասին Լոպեսը հայտնել է իր On The JLo կայքում, որտեղ սովորաբար երկրպագուների հետ կիսվում է անձնական կյանքի մասին նորություններով:





Լուրը, որ նրանք նորից նշանադրվել են, հայտնվել էր այն բանից հետո, երբ Լոպեսը դստեր հետ գնացել էր գնումների: Լուսանկարներում երեւում էր երգչուհու մատին հայտնված ադամանդով նոր մատանին: Այդ խոսակցություններից հետո Լոպեսը կարճ տեսաուղերձ է նկարել ու բոլորին պատմել, որ իր պաշտոնական կայքում հուզիչ ու հատուկ նորություն է հրապարակել:


On The JLo-ում հրապարակված տեսանյութում նա հիացած նայում է իր կանաչ ադամանդով մատանուն՝ ասելով, որ այն կատարելություն է:

Առաջին անգամ Լոպեսն ու Աֆլեքը նշանվել են հեռավոր 2002-ին, սակայն հետագայում հարսանիքը հետաձգել են, իսկ 2004-ին՝ բաժանվել:

«Այնքան զվարճալի է, քանի որ ես ու Բենն իսկապես շատ էինք սիրում իրար: Այդ ընթացքը երեւի ամենաերջանիկն էր իմ կյանքում: Բայց միեւնույն ժամանակ մեզ վրա այնքան քննադատություն թափվեց, ինչն էլ փչացրեց մեր հարաբերությունները: Այն ժամանակ շատ երիտասարդ էինք, որպեսզի հասկանանք, թե ինչն է կյանքում իսկապես կարեւոր»,- պատմել է Լոպեսը:


Նախորդ տարի նա պետք է ամուսնանար նախկին մարզիկ Ալեքս Ռոդրիգեսի հետ, սակայն չեղարկեց հարսանիքը սիրելիի դավաճանության պատճառով: Լոպեսը նախկինում 3 անգամ ամուսնացած է եղել պրոդյուսեր Օհանի Նոայի, պարուսույց Քրիս Ջադի ու երգիչ Մարկ Էնթոնիի հետ: Վերջինից երկվորյակներ ունի՝ Մաքսին ու Էմմային:

Աֆլեքն էլ 2005-ին ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ամուսնալուծվել են 2018-ին: Նրանք 3 երեխա ունեն:
 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին