Վահան Թումասյան. «Հուսամ Գյումրիում թեժ տաշի-տուշին դոմիկներում էլ ջերմություն կապահովվի»
Գյումրիի կենտրոնում այս պահին ընթանում են հսկա բեմի հավաքման աշխատանքները։ Հոկտեմբերի 17-ին այստեղ մեծ համերգ է նախատեսված։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երկաթյա կառուցատարերի լուսանկարը ու նշել. «Հիմա Գյումրու կենտրոնական հրապարակում կրկին համերգի են պատրաստվում: Հուսամ թեժ տաշի-տուշին առաջիկա ձմռանը գազից ու լուսից զուրկ դոմիկներում էլ ջերմություն կապահովվի...»։
Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Շուշիում:
«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրիի օր:
Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը:
Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրը իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը:
Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները: Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին: D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:
D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է:
Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ վերջին մեծ միջոցառումը Գյումրիում սեպտեմբերի 21-ին էր։ Անկախության հիմնական միջոցառումները տեղի ունեցան հայրաքաղաքում։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այդ օրը տպված ՀԴՄ-ների թիվը 15 օր առաջվա համեմատ չի ավելացել, իսկ առևտրաշրջանառությունն ավելացել է 10 մլն դրամով։