Եղեգնուտի մի շարք բնակիչների դեմ քրգործ կա․ Ինքնիրավչություն են արել

Եղեգնուտի մի շարք բնակիչների դեմ քրգործ կա․ Ինքնիրավչություն են արել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչության դեպքով քրեական գործ է հարուցվել, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ կառույցի՝ բանն այն է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Եղեգնուտ համայնքը 27 տարի պաշտոնավարած Ռազմիկ Մարգարյանը գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել ավագանուն:

Այդ ժամանակ Արմավիրի նախկին մարզպետի՝ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել նույն գյուղի բնակիչ Ռազմիկ Մկրտչյանը։

Սակայն համայնքի նախկին ղեկավարը մտափոխվել է, մարզպետի որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան, որն էլ բավարարել է բողոքը։ Այսպիսով, մարզպետի որոշումը անվավեր է ճանաչվել, ըստ այդմ՝ գյուղապետի ԺՊ Ռազմիկ Մկրտչյանը պետք է հեռանա պաշտոնից, նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը՝ շարունակի պաշտոնավարել։

Դրանից հետո Արմավիրի ներկայիս մարզպետի` Համբարձում Մաթևոսյանի` 2020-ի հունիսի 22-ի որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի` Ռազմիկ Մկրտչյանին համայնքի ղեկավարի ԺՊ նշանակելու որոշումը։ Մաթևոսյանի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ Եղեգնուտում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

«Աշխատանքային խումբը հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ, սակայն համայնքի բնակիչները, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև Արմավիրի մարզպետի որոշումների հետ, արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասի հատկանիշներով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով:)

Գյուղացիներն օրեր շարունակ բողոքի ակցիա էին անում համայնքի նախկին ղեկավարի կրկին պաշտոնավարման դեմ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---