211652_close_icon
views-count3068 դիտում article-date 16:49 24-07-2018

Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկները

ՀՀԿ-ն դեմ է կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը 1%-ով իջեցնելուն: Այս մասին հուլիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում այդպիսի քայլը վտանգավոր է: «Ստեղծված ներքաղաքական իրավիճակում մենք կայունություն ապահովելու խնդիր ունենք: Պետք է այս փուլում կարողանանք խորհրդարանական համակարգը զերծ պահել վայրիվերումներից»,- նշեց Հարությունյանը: «[url=https://armenpress.am/arm/news/941680.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` մյուս երեք ուժերն այս հարցին «կողմ» դիրքորոշում ունեն: Նիստի ընթացքում քննարկվեցին ու քվեարկությամբ ընդունվեցին նաև 4 ուժերի կողմից ներկայացված մյուս առաջարկները: Քաղաքացիների համար մինչև ընտրությունները վավեր անձնագրեր ստանալու մեխանիզմը հեշտացնելու, ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելու երաշխիքները ավելացնելու համար լրացուցիչ սարքերի ներդրումն ապահովելու և տեխնիկական լուծումներ պահանջող հարցերն ընդգրկվեցին կառավարություն ուղարկվելիք փաթեթում, սակայն դրանք պետք է սպասեն կառավարության պատասխանին: «Տեխնիկապես ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն կառավարությունը պետք է նշի, թե այս կարճ ժամանակահատվածում կկարողանա՞նք այդ անհրաժեշտ պարագաները ձեռք բերել, թե ոչ»,- նշեց ԵԼՔ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը: ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն բաց ցուցակների դեպքում մեծ ռիսկեր է տեսնում: ԵԼՔ-ը դեմ է դաշնակցության այս առաջարկին, իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկում: Այս հարցը ևս կուղարկվի կառավարություն և ևս մեկ անգամ կքննարկվի խորհրդարանական ուժերի կողմից: ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հաջորդ նիստում խորհրդարանական ուժերն արդեն կունենան իրենց տեսակետների շուրջ կառավարության պատասխանները, և կքննարկեն արտախորհրդարանական ուժերի կողմից արված առաջարկները: ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբը արտախորհրդարանական ուժերի համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որպեսզի վերջինները ներկայացնեն բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները: Զուգահեռաբար քննարկումներ է անցկացնում նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը:

Նմանատիպ նյութեր