Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես եկավ կարևոր և պատասխանատու հայտարարությամբ։ «Ինձ զարմացրեց Երևանը: Ուրախության քաղաք է: Շատ ապահով, ուրախ քաղաք է՝ փողոցներում շատ մարդկանցով: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, նրանք լավ ակադեմիաներ ունեն, լավ պայմաններ, 10 ֆուտբոլային դաշտեր: Մեր գլխավոր նպատակը Աշխարհի առաջնությանը որակավորվելն է, որին նրանք երբեք չեն մասնակցել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Ես միշտ ապստամբել եմ նրանց դեմ, ովքեր ասել են, որ ես հնացած եմ: Ես միշտ նոր մարզումներ եմ արել՝ ինձ միշտ շրջապատելով լավ պատրաստված և նորարարական մարդկանցով»,- իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում նշել էր Կապառոսը:
Փաստորեն, մեր հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվելուն պես հստակ կերպով բարձրաձայնում է նպատակը և խնդիրը, որ դրված է ազգային թիմի առաջ։ Նա ըստ էության բացեց փակագծերը նաև ծրագրերի վերաբերյալ։ Բազմիցս ենք անդրադարձել, որ յուրաքանչյուր մրցաշարից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է հստակ խնդիր դնի հավաքականի առաջ, որպեսզի հետագայում հնարավոր լինի ընդհանուր գնահատական տալ մրցելույթին։ Վերջին շրջանում մեր հավաքականի տարբեր մարզիչների կողմից շատ ենք լսել՝ նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է կամ ֆուտբոլասերին ուրախացնելը։ Աշխարհում գոյություն չունի որևէ թիմ կամ մարզիչ, կամ ֆուտբոլիստ, ում նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելը չէ։
Ի տարբերություն մեր հավաքականը գլխավորած շատ մասնագետների՝ Կապառոսը, դեռ բուն աշխատանքը չսկսած, արդեն խոսում է նպատակի մասին։ Սա միանգամայն ողջունելի և պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իսպանացի հայտնի մասնագետը ըստ էության տեսնում է ուղին մեր հավաքականն աշխարհի առաջնություն դուրս բերելու։ Նշենք, որ ՀՖՖ-ն Կապառոսի հետ պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականի նոյեմբերը, այսինքն՝ մինչև աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը։ Ավելի ստույգ խոսելով աշխարհի առաջնությունում ելույթ ունենալու մասին՝ Կապառոսը նկատի ունի առաջիկա Մունդիալը։
Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին հանդիպումը պետք է անցկացներ Տաշքենդում՝ մրցելով Ուզբեկստանի հետ։ Չորս օր անց էլ մերոնք Ալմաթիում պետք է խաղային Ղազախստանի ազգային թիմի հետ։ Այս ընկերական հանդիպումների նպատակը 2020 թվականին մեզ համար գլխավոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի խաղարկությանը պատշաճ կերպով նախապատրաստվելն էր։ Ցավոք, կորոնավիրուսի տարածման պատճառով այս հանդիպումները չեղարկվել են։ Փաստորեն, Կապառոսը զրկվեց ֆուտբոլիստներին և նրանց որակներին ծանոթանալու առաջին հնարավորությունից։
Մարտի սկզբին հայտնի էին դարձել մեր հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ նույն ենթախմբում են ընդգրկվել նաև Վրաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Էստոնիան։ Մեր մրցակիցների մարզիչներն արդեն հայտնել են կարծիքները վիճակահանության վերաբերյալ։ Վիճակահանության և մերոնց հնարավորությունների վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ հնչել են երկրպագուների և ֆուտբոլի մասնագետների շարքերում։ Վրաստանի և Մակեդոնիայի հավաքականների մարզիչները հայտարարել էին, որ իրենց գլխավոր նպատակը ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է, ինչը տեսական հնարավորություն կտա 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու։ Իսկ ինչ խնդիր կարող է դնել մեր ֆուտբոլային գերատեսչությունը Կապառոսի առաջ Ազգերի լիգայի խաղարկությունում։
Ի տաբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության՝ մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում, չնայած ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք, եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց… Ունենք այն, ինչ ունենք։
Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ առաջիկա մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու՝ բոլորովին ճիշտ չի լինի։ Ընդամենը վեց ամիս առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այո, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը չնայած ցածր վարկանիշին, այնուամենայնիվ, ունի պոտենցիալ, որը տեսել է Կապառոսը։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը և մասնավորապես Կապառոսի վերջին հայտարարությունը՝ Ազգերի լիգայի խաղարկությունը մեզ համար լինելու է աշխարհի առաջնության ընտրական փուլին շատ ավելի ուժեղ ներկայանալու միջոց։ Նշենք, որ Ազգերի լիգայի միջոցով աշխարհի առաջնության փլեյ-օֆ դուրս գալը իրատեսական չէ։ Ամեն դեպքում առաջիկա մրցաշարում մեր գլխավոր խնդիրը պետք է լինի C ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելը։