1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. Պապիկյանն ամփոփում է տարին

Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. 
Պապիկյանն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում միայն պետական միջոցներով հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ է կառուցվել: Դրան գումարած ևս 150 կմ ճանապարհահատված հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ընդհանուր 550 կմ ճանապարհահատված է հիմնանորոգվել: 

Սյունիքում նոր ճանապարհների անհրաժեշտության, զբոսաշրջային ուղիների բարեկարգման, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պայմանավորված Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի գործարկման ժամկետների և այլ հրատապ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

-Պարոն Պապիկյան, մինչ տարվա ճանապարհաշինարարական աշխատանքներն ամփոփելը, կխնդրեմ անդրադառնանք Սյունիքում ստեղծված իրավիճակին: Նոր իրողություններով պայմանավորված, մի շարք համայնքներում, անվտանգությունից ելնելով շրջանցիկ ճանապարհների անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է խնդիրը, եթե այո, ապա ի՞նչ պատկեր ունենք:

-Այսօր շատ կարևոր է Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ ունենալը: Գործող ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են մնում Հայաստանի տարածքից, այլընտրանքային ուղիների անհրաժեշտություն ունեն: Ժամանակին ռելիեֆով պայմանավորված օգտագործվել են ավելի հարմար հատվածները և ճանապարհն այդ սկզբունքով է կառուցվել: Նաև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների տարածքներով անցնելու խնդիր չի եղել: Միգուցե դրանով պայմանավորված են այդպես կառուցել կամ գուցե եղել է Խորհրդային Միության քաղաքականությունը:

Ասեմ, որ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ, առաջարկությամբ, անցկացրել ենք քննարկումներ և որոշում ենք ընդունել վերակառուցել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը: Սա Կապան տանող այլընտրանքային ճանապարհ է, որի շինարարական աշխատանքները 2020 թվականին 12.5 կմ հատվածի վրա կատարվել են: Մինչ այդ՝ դեռ 2016 թվականին, մեկնարկել էր ու 2018-ին ավարտվել էր ևս 6 կմ ճանապարհի շինարարական աշխատանք: Մեր իշխանության շրջանում կառուցվել է 6 կմ, գումարած 12.5 կմ հատված: Ճանապարհի զբոսաշրջային հատվածի որոշումն ընդունվել է մեզնից առաջ, մենք դրա շարունակականությունն ենք ապահովել: Այս տարի, ինչպես նշեցի, մենք կառուցել ենք 12.5 կմ հատվածը, որը Տաթև- Աղվանի ճանապարհահատվածն է և Տաթև-Կապան ճանապարհի ընդամենը մի կտորն է: Մնացածի մասով, շուրջ 21 կմ հատվածի աշխատանքները կարվեն արդեն 2021 թվականին: Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք նախագծային աշխատանքներ կատարելիս որոշակի փոփոխություններ ենք կատարում նաև չափորոշիչների մեջ, որպեսզի ճանապարհի կարգը, լայնքը վերանայվի: Այնպիսի ճանապարհ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան անցնել բեռնատար ավտոմեքենաները:

-Ո՞ր այլ ուղղություններով են ճանապարհների հետ կապված խնդիրներ առաջացել և ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Օրինակ, Կապան համայնքի ղեկավարը որպես խնդրահարույց առանձնացրել էր Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ  ուղղությունները:

-Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ Գորիս-Կապան ուղղությամբ, այնտեղ 5 հատված կա, որտեղ ճանապարհը մուտք է գործում հարևան երկրի տարածք և կրկին մտնում Հայաստանի տարածք: Ես նշեցի, որ դա պայմանավորված է եղել նաև ռելիեֆով: Այս ուղղությամբ արդեն հանձնարարական կա, որ այս ճանապարհի երկայնքով նույնպես հնարավոր այլընտրանքային հատվածներ գտնվի, որպեսզի ամբողջ ճանապարհահատվածն անցկացնենք Հայաստանի Հանրապետության տարածքով: Սա մի քիչ բարդ է, որովհետև ունենք դժվարանցանելի հատվածներ: Չեմ բացառում, որ անհրաժեշտություն ունենանք թունելային լուծումների: Խնդիր կա նաև Կապան-Ագարակ ճանապարհահատվածում: Այս ուղղությամբ կա այլընտրանքային ճանապարհ, որը գրունտային է: Հիմա իմ կողմից կա հանձնարարական նախագծման աշխատանքներ սկսել ու ճանապարհը վերակառուցել: Չնայած անցանելիությունն ապահովվում է, գյուղ հասնելու խնդիր չկա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ 2021-ին հնարավոր լինի անցնել ասֆալտապատ ճանապարհով:

Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն հատվածին, ապա այն վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, ինչպես Գորիս-Կապանի 21 կմ հատվածը: Այս փուլում այնտեղ անցանելիության խնդիր չկա:

-Անդրադառնալով պատերազմի դադարեցման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ճանապարհների ապաշրջափակման կետին, արդյոք սահմանվա՞ծ են ժամկետներ՝ գործարկելու այն ճանապարհը, որը պետք է հնարավորություն տա Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ:

-Որևէ ժամկետ չկա: Այդ փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին: Հարցին ուղղակի կիսատ ենք նայում: Կա այդ կետը, որ թույլ է տրվելու Նախիջևանից Ադրբեջան անցումը, որևէ հատված նշված չէ, որևէ պայմանավորվածություն չկա, այդ թվում ժամկետների մասով: Դա ընթացքում պետք է քննարկվի և հասկանանք: Որևէ կետ առաջնային չէ, որևէ կետ երկրորդական չէ, մեկը մյուսից բխող բաներ են: Քննարկում է նաև երկաթգծերի ապաշրջափակման հարցը, մասնավորապես Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը:

-Եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ըստ ձեզ, տրամաբանակա՞ն է արդյոք՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհի փակումը. հնարավո՞ր է քաղաքական գործընթացների կարգավորումից հետո նաև այս ճանապարհի գործարկման հարց առաջանա:

-Ես չեմ կարող մոտավոր հայտարարություն անել, ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա ենթադրում է, որ կաշխատեն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները: Հիմա, թե որ փուլում, հանրային ընկալումների ինչ մթնոլորտում… ու նաև հետագա զարգացումներն են ամեն ինչ ցույց տալու: Փաստ է, որ այդ հայտարարությունը կա, և դրանից պետք է բխեն գործողություններ: Ու նաև կա երրորդ կողմ, որն այդ հայտարարությունների իրականացման երաշխավորն է: Մեր ռուս գործընկերները շահագրիռ և գործուն աջակցում են, որ կարողանանք այդ հայտարարությունը բոլոր ասպեկտներով կյանքի կոչել:

-Անդրադառնանք ճանապարհաշինարարական աշխատանքներին տարվա կտրվածքով: Որքա՞ն երկարությամբ ճանապարհահատված և քանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք իրականացվեց:

-Այս տարի հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ կառուցվել է միայն պետական միջոցներով: Դրան գումարած ևս 150 կմ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ընդհանուր 550 կմ ճանապարհահատվածի մասին է խոսքը: Սա մեր կատարած աշխատանքի միայն մի հատվածն է: Ես խոսում եմ ավարտված աշխատանքների մասին, հաշվի առնելով, որ մենք ունենք նաև անավարտ և մյուս տարվան փոխանցվող աշխատանքներ, նկատի ունեմ, մոտ 150 կմ ճանապարհահատված: Խոսքը վերաբերում է կենսական նշանակության վարկային միջոցներին, Մ6 Վանաձոր- Ալավերդի ճանապարհի այն հատվածին, որը դեռ չի ավարտվել, և պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքների չավարտված հատվածներին:

-Ինչպիսի՞ն էր ընդհանրապես տարին այս տեսանկյունից: Համավարակով կամ պատերազմով պայմանավորված, արդյո՞ք եղել են  ճանապարհաշինարարական ծրագրեր, որոնք դադարեցվել են:

- Ոչ, որևէ ծրագիր չի դադարեցվել: Տարին բավական բարդ էր ու ծանր՝ պայմանավորված թե համավարակով, թե պատերազմով: Պատերազմի ընթացքում տեխնիկայի մի զգալի հատված օգտագործվել է թե թիկունքում, թե ռազմաճակատում՝ անհրաժեշտություններից ելնելով: Աշխատողներից շատերը զորակոչվել են բանակ: Բազմաթիվ խոչընդոտներ եղել են, բայց գոնե ներքին ֆինանսական ռեսուրսների օգտագործման մեջ մենք արել ենք ամեն ինչ, որ կարողանանք հնարավորիս արդյունավետ ու լավ աշխատել: Արդյունքը կա, փաստ է, որ մենք կարողացել ենք ապահովել որոշակի ցուցանիշներ: Ասել, որ դժգոհ եմ, դատելով տարուց, չեմ կարող, որովհետև մեր աշխատակազմը բավական լավ է աշխատել, կարծում եմ, որ կարողացել ենք բավարար չափով մեր առջև դրած խնդիրը լուծել:

-Ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավված են եղել այնպիսի ճանապարհներ, որոնք տասնամյակներ շարունակ չեն հիմնանորոգվել: Այդ համատեքստում ո՞ր համայնքները կմատնանշեք:

-Այդ համայնքները շատ են, բայց կուզենայի առանձնացնել զբոսաշրջային տարածքներ տանող ճանապարհները: Օրինակ, դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը, դեպի Մակարավանք տանող ճանապարհը, դեպի Հաղպատ տանող ճանապարհը, որը կավարտվի հաջորդ տարի: Մենք ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարում նաև զբոսաշրջային նշանակություն ունեցող Գյումրիում, մեծ քանակությամբ ներհամայնքային ճանապարհներ են կառուցվում: Սահմանամերձ համայնքներում աշխատանքներ են կատարվել, օրինակ Այգեպարում, Բերքաբերում, որտեղ խորհրդային տարիներից ի վեր աշխատանք չէր իրականացվել, կնշեի Բերդավան համայնքի ներհամայնքային փողոցները, բազմաթիվ այլ համայնքներ, որտեղ ասֆալտապատ ճանապարհ եղել է միայն խորհրդային տարիներին:

-Դեպի զբոսաշրջային օբյեկտներ տանող ճանապարհների հետ կապված 2021 թվականի համար ի՞նչ անելիքներ կան:

-Անկեղծ պիտի լինեմ, դեպի զբոսաշրջային օբյեկտներ տանող ճանապարհներ շատ ունեինք նախատեսված, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարին և մյուս տարի փոխանցված խնդիրները, մենք ավելի շատ ֆինանսական միջոցներն ուղղեցինք հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին: Հաջորդ տարի ներհամայնքային ճանապարհների կառուցումը միայն սուբվենցիոն ծրագրերով կլինի: Այսինքն՝ 2021 թվականն աչքի չի ընկնի զբոսաշրջային, ներհամայնքային ճանապարհների կառուցմամբ, վերոնշյալ առաջնահերթությունները հաշվի առնելով, որոշակի փոփոխություններ են արվելու:

-Այս ընթացքում եղե՞լ են խնդիրներ կապալառուների հետ կապված, երբ աշխատանքը չի ընդունվել: Եթե այո, ապա ինչպե՞ս են հարցերը կարգավորվել:

-Խնդիրներ շատ կան, այսօր էլ ունենք: Մինչև տարվա վերջ կունենանք կապալառուներ, որոնց հետ պայմանագրերը կխզվեն ու նրանք կհայտնվեն սև ցուցակում: Խնդիրները պայմանավորված են աշխատանքի որակի հետ: Ասեմ, որ մենք բոլոր կապալառուներին հնարավորություն ենք տալիս շտկել թերությունները: Խոսքը վերաբերում է նրանց, որոնք բավարար չափով լրջությունը չեն հասկացել, արդյունքում մեր տրված հնարավորությունից չեն օգտվել, մենք ստիպված ենք գնալ այս ճանապարհով:

-Անդրադառնանք Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրին, որը ՀՀ կառավարության առաջնահերթ ուղղություններից է:  Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման համար մրցույթ պետք է հայտարարվեր գործընթացն ի՞նչ փուլում է:

-Մրցույթ կունենանք, եկող տարվա սկզբին: Գործընթացի ձգձգումը պայմանավորված էր համավարակով, որովհետև վարկային միջոցների օգտագործումը միայն մեր ցանկությամբ չէ: Պետք է աշխատեն բոլոր հատվածները՝ բանկերը, միջազգային կազմակերպությունները, հաշվի առնելով նաև այն, որ կապալառուներն են արտասահմանյան ընկերություններ: Ես կարող եմ նշել ներքին ռեսուրսների օգտագործման մասին. խոսքը ֆինանսական մեր ներքին միջոցների մասին է. օրինակ ընթացիկ տարվա համար, հիմնանորոգման ուղղությամբ հատկացված է եղել 21.6 մլրդ դրամ, մենք այս տարի կատարել ենք 32 մլրդ դրամի աշխատանք: Այսինքն՝ մենք գերազանցել ենք բյուջեով սահմանվածը, կարողացել ենք ֆինանսական միջոցներ գտնել, վերաբաշխել և կարողացել ենք անել ավելի, քան նախատեսել էինք: Սրան զուգահեռ պետք է նշեմ, որ եթե կատարողական նման ակտիվություն ունենք ներքին ռեսուրսի մասով, ապա նույնը չենք կարող ասել վարկային միջոցների դեպքում, տվյալ պարագայում նախատեսված գումարները չենք կարողացել ծախսել կապալառուների, աշխարհում կատարվող դեպքերի, վերջում արդեն պատերազմի պատճառով:

Ինչ վերաբերում է Թալին-Գյումրի հատվածին, ապա այս տարի համավարակով պայմանավորված խնդիր ունեցանք: Չինական ընկերության՝ Չինաստանից Հայաստան գալու խնդիրներն էին, ամեն դեպքում մեզ հաջողվեց սեպտեմբերին մեր գործընկերներին հրավիրել: Այնտեղ սեպտեմբերից լայն թափով աշխատանքներն ընթանում են: Հողային աշխատանքները կատարվել են, գարնանը կսկսվի ասֆալտապատումը: 

-2021 թվականի համար ճանապարհաշինարարական ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

-Ես նշեցի, որ մեր նպատակը պետք է լինի միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհը, մեզ համար էական է կապը Իրանի, Վրաստանի հետ: Խնդիր ունենք բոլոր ուղղությունները դարձնել բարվոք ու անցանելի: 2021-ին կավարտենք դեպի Վրաստան տանող ճանապարհը Դիլիջան-Իջևան- Նոյեմբերյան գծով, այնտեղ բաց հատված է մնացել, որը պետք է վերակառուցվի: Մյուս ուղղությունը դեպի Տաշիր-Գոգավան ընկած հատվածն է: 

Աննա Գզիրյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]