Մատչելիության հղումներ

Վեթինգը ոչ միայն դատավորների, այլև քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ պետք է կիրառվի. քննարկում Գյումրիում


Մինչ Հայաստանում շարունակվում են անցումային արդարադատության և դատավորների զտման՝ վեթինգի շուրջ քննարկումները, դրանցում ակտիվ մասնակցություն ունեցող քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց անհանգստությունը. անցումային արդարադատության գործիքակազմին ծանոթ են, բայց թե իշխանություններն ինչպե՞ս այն կկիրառեն, խորհրդարանում տեղի ունեցած լսումներից հետո էլ պարզ չդարձավ։

Գյումրիում կազմակերպված քննարկմանը քաղհասարակության ներկայացուցիչները հարց բարձրացրեցին՝ անցումային արդարադատության ներդրմանը զուգահեռ վեթինգի իրականացումը արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարի։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքով՝ դրանք մեկը մյուսին լրացնում են:

«Մենք չենք ուզենալու և չենք համաձայնելու, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից թույլ տվեք դա արտահայտել, եթե վեթինգը, ուղղակի մեկ գործողություն որպես այդպիսին, փորձ արվի կիրառել որպես անցումային արդարադատության իրականացման մեխանիզմ կամ երաշխիք դատաիրավական համակարգի բարեփոխման համար», - նշեց Հարությունյանը։

Հայկուհի Հարությունյանը կարծում է՝ վեթինգը չպետք է տարածվի միայն դատավորների վրա, այլ նաև ցանկացած որոշում կայացնող պաշտոնյայի վրա:

«Մենք կարծես թե թիրախավորել ենք դատավորների, բայց այդ գործընթացը վերաբերելի չէ բացառապես դատավորներին, այլ այդ գործընթացը վերաբերելի է նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնող այն բոլոր անձանց, ովքեր ունեն որոշումների կայացման պատասխանատվություն, այսինքն էստեղ խոսքը չի գնում միջին կամ միջինից ցածր օղակների պաշտոն զբաղեցնող անձանց մասին, այլ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, որոնց որոշումների կայացումից Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակը, իրավունքների պաշտպանությունը կա՛մ վատթարանում է, կա՛մ բարելավվում է։ Այսինքն սա պետք է նաև համակողմանի ընկալել։ Գուցե և խնդիրների սրության պատճառով մենք սկսեցինք խոսել բացառապես դատարանների մասին, բայց նորից ուզում եմ ընդգծել՝ դա միայն դատարաններին չի վերաբերում, դա վերաբերում է նաև քաղաքական պաշտոններին», - ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահը։

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը հավելեց, թե վեթինգի մեխանիզմի ներդրման դեմ արտահայտվողները այն ներկայացնում են իրենց հարմար տարբերակով՝ ոչ թե պաշտոնի վերահաստատում, այլ զտում: Սեյրան Մարտիրոսյանին մտահոգում է, թե ովքեր են լինելու գործընթացի նկատմամբ ստուգում իրականացնողները, քանի որ գործընթացի տապալումը հիմնականում վերջիններիս ձեռքում է:

«Մենք գլխավոր հարցին պիտի պատասխանենք, իսկ ո՞վ է ստուգում ստուգողներին։ Սա հարցերի հարցն է, որովհետև երկրներում, որտեղ, ասենք թե, էդ ընթացքը հաջող չի եղել, հենց էն պարզ պատճառով, որ կապերը, որոնք ունեցել են դատավորները, եղել են հենց հանձնաժողովների մեջ, ոնց որ լինում է մեր քննական հանձնաժողովներում՝ բուհեր ընդունվելու ժամանակ», - նշեց Մարտիրոսյանը։

Շարքային քաղաքացին շատ հաճախ, այսպես ասած, գլուխ չի հանում՝ ինչ է վեթինգը կամ հենց այդ նույն անցումային արդարադատությունը: Ինչպե՞ս է քաղաքացին զգալու այս երկու մեխանիզմների ներդրման արդյունքը իր կյանքի վրա:

«Երևի քաղաքացու հարամ ամենաընկալելի, պարզ տարբերակը կլինի իր կյաքի բարելավումը, բայց նորից պիտի էդ պարզ ձևակերպումը, որ ես ինքս ինձ համար դուրս եմ բերել, գուցե իմ գործընկերները չկիսեն, դա հնարավորինս զգալու է, որ չեզոքացվել է նախկին խմբակային շահերի և ոչ իրավական մեխանիզմների կիրառելիությունը, իրեն առնչվող խնդիրների լուծման համար։ Այսինքն քաղաքացին կզգա այն դեպքում, երբ ինստիտուտները, որոնք սպասարկում են իրեն, կգործեն բացառապես օրենքի հիման վրա, հավասարություն կապահովեն բոլորի համար օրենքի առջև և որպես էդպիսին, ավելորդ չարչարանքների, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ և առիթ չհանդիսանան», - ասաց Հայկուհի Հարությունյանը։

Անցումային արդարադատության ու վեթինգի կիրառման մեխանիզմի ներդրման հարցում բանախոսները կարևորեցին նաև միջազգային փորձագետների ներգրավումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG